Մոսկվա-Երևան ճանապարհն ու մի գրքից սկսված պատմությունը

Մոսկվա-Երևան ճանապարհն ու մի գրքից սկսված պատմությունը

Վերադարձ արմատներին

Մոսկվային ու բժշկի կարիերային հրաժեշտ տալով` Նունե Մալաքյանը հինգ տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվեց Երևան: Հայրենիք վերադառնալու որոշումն ամուսինները կայացրեցին շատ արագ, բայց ոչ անսպասելի. «Երկուսս էլ գիտեինք, որ վաղ թե ուշ պիտի վերադառնանք Հայաստան, քանի որ մեզ համար շատ կարևոր էր, որ երեխաները հայկական միջավայրում մեծանային…Երբ քո երկրից դուրս ես ապրում, սկսում ես գնահատել հողդ: Ես ինձ Մոսկվայում լիարժեք չէի զգում, թեկուզ բժշկական փայլուն կրթություն եմ ստացել այնտեղ, հետո աշխատանքի անցել խոշոր ակնաբուժական կլինիկաներից մեկում: Ամուսինս էլ լավ աշխատանք ուներ, բայց մեկ է, մեզ ազատ չէինք զգում, մի տեսակ օտար էինք այնտեղ, հենց դրա համար էլ վերադարձանք Հայաստան: Չէինք ուզում, որ այն, ինչ մենք ենք զգացել, մեր երեխաները զգան»,-ասում է Նունեն:

Ամենաշատը հենց օտար հողում օտար զգալու գործոնը երիտասարդ ամուսիններին ստիպեցին թողնել Մոսկվան: Որ Երևանում մոսկովյան կյանքի ապահովությունը չի լինելու, նրանք շատ լավ էին գիտակցում ու ոչ էլ որևէ մեկից օգնություն ստանալու ակնկալիք ունեին: Մոսկվան նրանց այնքան ինքնուրույնություն էր տվել, որ վաղուց ապրում ու գործում էին` հույսները միայն սեփական ուժերի ու հնարավորությունների վրա դնելով: 

Հիվանդանոցից` արհեստանոց

Հայաստան տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Նունեն արդեն սեփական գործն ուներ: «Ամեն ինչ սկսվեց մի գրքից: Մի օր ամուսինս ինձ հայկական զարդարվեստի ու զարդանախշերի մասին գիրք նվիրեց. գիտեր, որ սիրում եմ նման բաներ: Հենց բացեցի այդ գիրքը, միանգամից մոտս միտք ծագեց` այդ զարդանախշերով ինչ-որ բան ստեղծել, որը մարդիկ կկրեն: Այն բիզնես-գաղափար չի եղել ինձ համար ոչ սկզբում, ոչ էլ հիմա: Ես ուղղակի ուզում էի, որ հայկական զադանախշերը, որ ստեղծել են մեր նախնիները, չմնան գրքերի մեջ, որ ավելի շատ մարդիկ իմանան, ճանաչեն ու կրեն դրանք, քանի որ համոզված եմ` դրանցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունն ու խորհուրդը»,-«Նուշ»-ի ստեղծման պատմությունը Նունեն մի շնչով է պատմում, թեկուզ կերտման ճանապարհը մեկ տարի տևել է: Արծաթագործությունը` տեղի վարպետների, էմալի հետ աշխատելն էլ Վրաստանում է սովորել: Դարերի պատմություն ունեցող զարդանախշերը գունավոր ներկայացնելու համար պետք էր տիրապետել տաք էմալով աշխատանքին: Մեկ տարվա տքնաջան ու համառ աշխատանքից հետո, 2013-ին արդեն առաջին զարդերը պատրաստ էին: Բժշկությունից զարդարվեստ անցումն այնքան հարթ եղավ, որ Նունեին բժշկական խալաթով չտեսած մարդիկ չէին էլ մտածում, որ նա մասնագիտությամբ ակնաբույժ է:

Առհասարակ, սարյանական գույների հանդեպ սերը Նունեի մոտ վաղուց կար, նկարում էր ու իր ստեղծած նկարները գունավորում սարյանական ոճով, բայց զարդեր պատրաստելու մասին երբևէ չէր մտածել: Հատկապես բժշկական կրթություն ստանալուց հետո հոբբին կամաց-կամաց «մի կողմ էր քաշվել»: Ու այդպես մինչև այն պահը, երբ Արտյոմը Նունեին նվիրեց արդեն հիշատակված գիրքը:

Հայկական զարդարվեստի հարուստ պատմությունը Նունեին այնքան էր հիացրել, որ հայրենիք վերադառնալուց հետո ուրիշ գործով զբաղվելու մասին անգամ չի էլ մտածել: Որոշումը` ստեղծել զարդեր հայկական զարդանախշերով ու դրանք պատել սարյանական գույներով, հաստատուն էր. «Ես զգում եմ, որ ճիշտ տեղում ճիշտ գործ եմ անում: Ինձ շատ հանգիստ ու լիարժեք եմ զգում հիմա: Շատ հնուց եկող մեր զարդանախշերը վերակենդանացնելով ու մարդկանց դրանք կրելու հնարավորություն ընձեռելով`  այդպես, կարծես, արտահայտում եմ իմ երախտագիտությունը մեր նախնիներին, որ նման հրաշալի բաներ են ստեղծել»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Կրել` ըստ նշանակության

Հայկական մանրանկարչական տարրեր, կենդանական ու բուսական մոտիվներ. «Նուշ»-ի նրբագեղ զարդերը հարուստ բովանդակություն են ամփոփում իրենց մեջ: «Յուրաքանչյուր նախշ ստանալուց առաջ պարտադիր ուսումնասիրում եմ նրա նշանակությունը: Տարբեր աղբյուրներից ինչ գտնում, կարդում եմ և յուրաքանչյուր զարդի հետ փոքրիկ ինֆորմացիա եմ տալիս, որպեսզի կրողն էլ իմանա, թե ինչ խորհուրդ ունի այն»,-ասում է Նունեն:

Ստեղծված ավելի քան 30 տեսակ զարդերին շուտով կավելանան նորերը: Գարնանը «Նուշ»-ի տեսականին կհամալրվի նոր շարքով` «Արեգակնային համակարգով»: Մեր նախնիների պատկերացումներն Արեգակնային համակարգի մասին Նունեի դիտակետում են արդեն մի քանի ամիս: Գարնանը դրանց հաղորդակից կդառնան նաև «Նուշ»-ի սիրահարները: Վերջիններիս, բացի սրանից, ուրիշ անակնկալ էլ է սպասում. «Նուշ»-ի հիմնադիրը խոստանում է` զարդերին համապատասխան շարֆեր էլ կարտադրվեն:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում