Իմաստուն տղան

Իմաստուն տղան

Շուկայում երկու կրպակավաճառների կրպակները կողք կողքի էին և իրարից միայն մի բարակ փայտե միջնորմով էին բաժանված։ Մի կրպակում յուղ ու ձեթ էին վճառում, մյուսում՝ անուշահոտություններ։ Մի անգամ երեկոյան՝ շուկայի փակվելուց քիչ առաջ, անուշահոտություններ վաճառողը միջնորմի ճեղքից տեսավ, որ հարևանը վերահաշվում է իր ոսկե դրամները և տեղավորում դրանք մի կարմիր թաշկինակի մեջ։ Ինքն էլ սկսեց մտովի նրա հետ հաշվել։ Պարզվեց, որ թաշկինակի մեջ հարյուր վաթսունհինգ ոսկեդրամ կա։ Ագահությունը տիրեց նրա հոգուն․ ցանկացավ այդ փողի տերը դառնալ։ Դուրս վազեց փողոց և սկսեց բղավել․

– Օգնեցե՜ք, ինձ թալանել են, գողացել իմ փողերը։

Տեղնուտեղը եկան պահնորդներն ու հարցրին․

– ՈՒ՞մ ես կասկածում գողության մեջ։

– Չգիտեմ՝ ինչ ասեմ․․․ Փողերս կարմիր թաշկինակի մեջ տեղավորելուց հետո այստեղ ոչ ոք չի մտել․․․ Չէ, չէ, ինչ եմ ասում, հարևանս՝ ձեթ վաճառողն է մտել։ Իսկ թաշկինակի մեջ հարյուր վաթսունհինգ դինար կար։

Պահնորդները մտան կողքի կրպակն ու այնտեղ գտամ կարմիր թաշկինակի մեջ պահված հարյուր վաթսունհինգ ոսկին։

Ձեթավաճառը երդվում էր, որ դրանք իր փողերն են, բայց ոչ ոք չհավատաց։ Նրան բռնեցին և զնդան գցեցին։ Դատավորն սկսեց քննել այդ գործը, բայց պարզել, թե ով է արդար, ով՝ մեղավոր, չկարողացավ։ Այս դատաքննության մասին իմացավ նաև քաղաքի կառավարիչը, բայց նա էլ գործից գլուխ չհանեց։

Իսկապես էլ՝ ու՞մ հավատալ, ձեթի առևտրով զբաղվողի՞ն, թե՞ նրա հարևանին․ ո՞վ է ճիշտ խոսում, ո՞վ՝ ստում։ Քաղաքում բոլորն այս դեպքի մասին էին խոսում, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարելի է ճիշտն ու սխալը գտնել։

Մի օր կառավարիչը քաղաքից դուրս զբոսնելու էր գնացել և տեսավ խաղացող երեխաների։ Նա լսեց, որ փոքրիկներից մեկն ասաց․

– Եկեք դատարան-դատարան խաղանք։ Դու կլինես ձեթավաճառը, դու՝ նրա հարևանը, – դիմեց նա ընկերներին, – իսկ ես՝ դատավորը։

Կառավրչին խաղը հետաքրքրեց․ նա թաքնվեց մի ծառի հետևում ու սկսեց նայել։

Երեխաները գլորելով մի մեծ քար բերեցին։ Դրա վրա նստեց փոքրիկ «դատվորը», իսկ «կրպակավաճառները» կանգնեցին նրա դիմաց։

– Դրանք իմ փողերն են, ես այդ ոսկիները ձեթի վաճառքից եմ ստացել, – ասում էր մեկը։

– Ոչ, իմն են, – պատասխանում էր մյուսը, – ես հաշվեցի հարյուր վաթսունհինգ դինարը, դրեցի կարմիր թաշկինակի մեջ, թաքցրի սեղանի դարակում, իսկ դու գողացար։

Փոքրիկ դատավորը լսեց երկուսին էլ և ասաց․

– Տաք ջրով լի թաս բերեք։

– Ինչու՞, – զարմացան երեխաները։

– Ես դինարները կգցեմ ջրի մեջ։ Եթե ջրի երեսին յուղի կաթիլներ հայտնվեն, ուրեմն այդ փողը ձեթավաճառինն է։ Նա ամբողջ օրը յուղի ու ձեթի հետ է գործ ունենում, նրա ձեռքերը յուղոտ են, դինարներն էլ յուղոտված կլինեն։ Եթե ջրի երեսը մաքուր մնաց, ուրեմն նա ստում է։

Քաղաքի կառավարիչը դուրս եկավ ծառի ետևից, համբուրեց խելացի փոքրիկին, իմացավ, թե որտեղ է ապրում, ինչ է անունը, վերադարձավ տուն և հայտարարեց, որ երկար սպասված դատավարությունը կկայանա հաջորդ օրը։ Լուրն անգամ անցավ քաղաքով մեկ։

Հաջորդ օրը դատարանի մոտ մարդկանց հսկայական բազմություն էր հավաքվել։ Երբ երկու կրպակավաճառները ևս մեկ անգամ ներկայացրին գործը, կառավարիչը հրամայեց, որ մի թաս տաք ջուր և կարմիր թաշկինակի մեջ պահված ոսկեդրամները բերեն։ Նա դրամները լցրեց ջրի մեջ, ջրի երեսը ծածկվեց յուղի կաթիլներով։

-Ցույց տվեք թասը մարդկանց, թող նրանք ասեն՝ ումն են այս փողերը, – հրամայեց կառավարիչը։

– Իհարկե ձեթավաճառինն են, – միաձայն բղավեցին մարդիկ։

Հարյուր վաթսունհինգ դինարը նույն պահին վերադարձրին իսկական տիրոջը, իսկ նրա ագահ հարևանին բանտ գցեցին։ Բոլորն սկսեցին գովել իմաստուն կառավարչին, բայց նա գրկեց, վեր բարձրացրեց փոքրիկ տղային և ասաց․

– Իմաստունը ես չեմ, այլ այս տղան։ Երեխաներից էլ կարելի է սովորել։

Հրեական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում