Բացված ուղի

Բացված ուղի

«Ինչ անել» հարցը տեղին է իմաստուն։ Ո՞վ այն չի տալիս իրեն։ Հետո՞ ինչ անել։ Ի՞նչ անել այնուհետև։ Կարդալ, քայլել, գործել, հեռուստացույց նայել։ Ինչո՞վ զբաղվել, ի վերջո, վճարովի աշխատանքից դուրս։ Տան գործերից հետո կամ առաջ։ Ով այդպիսի հարց չի տալիս իրեն, թող վստահորեն խոստովանի, որ ստում է։

Իսկ ո՞վ չի ստում։ Մարդկության մեծ մասը սուտասան է, ստախոս, կեղծում է ինքն իրեն և կեղծ վիճակի մեջ է դնում ուրիշներին։ Եվ ոչ միայն ստախոսներ են, այլև շահասեր են ու նախանձ։ Մարդիկ մեծ մասամբ, իրենց ունեցվածքը չնկատելով, նախանձում են ուրիշների չեղածին։ Հենց այդպես, արյան մեջ եղած նախանձի թույնի ներգործությամբ։

Մարդիկ բթամտորեն կրկնում են իրենց չիմացած ճիշտը, որ սուտն ինքն է և չեն նկատում, որ դառնում են չարի ստրուկը։ ։ Անկախ իրենցից նրանք համալրում են չարի զորաբանակը, կարծելով, թե հակառակը՝ բարուն են զորացնում։

Մարդիկ կեղծիքի գերին են։ Կեղծ զգացմունքներ, ծրագրեր, նույնիսկ կեղծ հույսեր։ Այո, անգամ հույսեր, որովհետև կեղծիքի թույնով վարակված միտքը կեղծ արտահայտություններ է ծնում, որոնք նպատակ ունեն ոչ թե հուսավառել, այլ հուսլքել շրջապատը։

Վատը, չարը, կեղծը շատ է մարդու մեջ, որդի պես գրեթե կերել, կերել է նրա միջուկը, մնացել է կեղևը, թաղանթը, ոչ պիտանին։

Սարսափելի է մտածելն անգամ։ Մի՞թե կորած ենք մենք բոլորս, որ թույլ ենք տվել ստրկացնել մեզ։ Թեև մեր կարծիքը ոչ ոք չի հարցրել։ Մեր մեջ եղած վատով սնվելով, անտեսանելի չարը անտեսանելի բարիի հետ պայքարի մեջ է մտել՝ մեզ գրավելու համար։

Իսկ մե՞նք ինչ ենք, մի՞թե ընդամենը հում նյութ, որից, թանկագին ու շաղշաղուն, բարձր կարգի հումք կարելի է պատրաստել և հակառակը, ճաքճքված ու ջարդուփշուր լինելու պատրաստ կավե սափոր։

Տառապալից կյանք է։ Երբ տեսնում ես սուտը, կեղծիքը, չարն ու դաժանը և ընդամենը գրանցում ես մտքի պահեստարանում։ Այդ վիճակից դուրս գալու ելքը ո՞րն է։ Մի՞թե հավիտյան կորած ենք։

«Ի՞նչ անել» հարցը այստեղ պետք է հնչեցնել։ որովհետև ցանկություն կա ինչ-որ մի բան անել այս կորչող մարդկության համար, բայց ճանափարհը փակ է, ուղին չի նշմարվում։

Ճիշտ է, կա ներքին մի համոզմունք, որ վատը լավով է հաղթվում, վատ գործի կողքին և դրա դիմաց լավը միշտ էլ հաղթանակ է հայտարարում, բայց լավ գործ անողներն են քչացել։ Ծանր, անհեռանկար կյանքը մարդուց խլում է դրական լիցքերը, բարի նպատակներն ու ձգտումները։ Եվ ամենակարևորը՝ հավատը։

Բայց մի՞թե մարդկությունը թույլ կտա իրեն այդպես ծանակել և կդիտի, թե չարի գործն ինչպես է ուղուց դուրս շպրտում բարուն։ Անհավանական է, որ թույլ տա, որովհետև այդ նույնն է, թե գերեզմանափորն ուրիշի համար փոս փորելով, ինքը մտնի փոսի մեջ։ Ի վերջո․ չէ ո՞ր նրանք՝ լույսի և բարու ուժերը հսկում են մեր ամեն մի ժամն ու րոպեն։ Նրանք ուժ ու եռանդ չեն խնայում մեզ օգնելու համար։

Նրանք հազարամյակներով են հսկում մեր ճանապարհը։ Նրանք Աստծո օգնականներն են, Տիեզերքի պահապանները։ Իսկ մեր փոքրիկ մոլորակը և մենք ինքներս այդ Տիեզերքի մի աննշան մասնիկն ենք։ Մենք չպետք է, իրավունք չունենք խախտելու տիեզերական ներդաշնակությունը, բարու և լույսի ճանապարհը փակելու ուժ մենք չպիտի ունենանք։ 

Խավարը լուծվում է լույսի մեջ։ Նա վախենում է լույսից։ ՈՒրեմն, պայքարենք մեր մեջ եղած խավարի դեմ, որ հենց չարը, դաժանը, նախանձը, դժգոհությունն, ատելությունն ինքն է։ Խավարը մեր թշնամին է, ձգտենք լույսին, մաքրությանը, բարիին, ճշմարիտին, և մենք կհաղթենք։

Նրանց՝ լույսի ուժերի օգնությունն անտեսանելիօրեն մեզ ուժ ու կորով է տալիս։ Նրանք մեր ավագ եղբայրներն են և մեր կորչելը չեն ուզում։ Հակառակը, բարիի ու գեղեցիկի համար պայքարում մենք չենք էլ հասկանում, թե ինչպես աստիճանաբար սիրո շողերն են շատանում մեր աչքերում։ Նրանք տեսանելի և անտեսանելի ճանապարհներով մեզանից անցնում են մեր կողքին, նրանից հաջորդին, և այդպես շարունակ։ Բարի գործը վարակիչ է։ Այն հույս է ծնում մարդկանց հոգիներում, որ ամեն ինչ կորած չէ, որ կորածն էլ կարելի է կրկին ետ բերել, որովհետև այս երկրի վրա և ողջ Տիեզերքում, ամենուրեք ոչինչ չի կորչում, առավել ևս բարի գործն ու խոսքը։ Եվ այպես շարունակվում է, և այդպես գալիս է վերափոխման ժամը։

Նոր ճանապարհի սկիզբը դրվծ է և ուղին՝ նշմարելի։

Հաղթանակը մեր ձեռքերում է։

Լիլիթ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում