Ճշմարիտ գանձ․ Բարեկամությունն ըստ քրիստոնեական աշխարհընկալման

Ճշմարիտ գանձ․
Բարեկամությունն ըստ քրիստոնեական աշխարհընկալման

Սիրելի՛ ընթերցող, այսուհետ այս խորագրի ներքո ձեզ կներկայացնենք լուսահոգի Հայկ Կարապետյանի համանուն գրքում ամփոփված հարցազրույցներից ու տոնախոսական նյութերից ծաղկաքաղ հատվածներ, որոնք ժամանակին եթեր են հեռարձակվել ԱՀ -ի «Շողակն Արարատյան» ռադիոծրագրի շրջանակում Հանրային ռադիոյի ուղիղ եթերից:

Լրագրող, մշակութաբան Հայկ Կարապետյանը Հայ Եկեղեցու հավատավոր զավակն էր, երկար տարիներ նրան էր վստահվել հեռուստատեսությամբ և ռադիոյով հոգևոր հաղորդումներ վարելու առաքելությունը: Վստահ ենք, որ շարքն օգտակար կլինի ցանկացած հայ քրիստոնյայի համար, քանզի գրքում արծարծվող հարցերը համընդգրկուն են:

Շարքի առաջին զրույցը Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ է:

– Տե՛ր հայր, նախ փորձենք պարզել՝ ի՞նչ է բարեկամությունը, ո՞վ է բարեկամը: 

– Ո՞վ է բարեկամը… Այստեղ բավականին դժվար է սպառիչ սահմանումներ տալը, սակայն մեկ հստակ ճշմարտություն կա. բարեկամը անպայման նա չէ, ում հետ արյունակցական կապ կա: Բարեկամության պայման է, երբ մարդիկ անշահախնդրորեն օգնում են միմյանց, ունեն արժեհամակարգային ընդհանրություններ: Հիշո՞ւմ եք՝ ինչ ասաց մեր Տերը. «Ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է Ինձ եղբայր և քույր և մայր» (Մատթեոս ԺԲ 50):

Ավետարանը հորդորում է մեզ սիրել միմյանց. «Այս է Իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ Ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհաննես ժԵ 12-13):

– Տե՛ր հայր, ըստ Ձեզ՝ կա՞ մարդ, որ բարեկամներ չունենա:

– Կա՛, անշուշտ, կա՛: Սակայն դա նորմալ երևույթ չէ: Մարդն իր շրջապատում չի գտնում վստահելի, իրեն արժանի մեկին և հիմնականում փորձում է մեղադրել ուրիշներին, ովքեր «լավը չեն»: Իրականում, խնդիրը ի՛ր մեջ է: Մարդիկ, ովքեր բարեկամներ չունեն, սխալ են ընտրել իրենց ինքնահաստատման ճանապարհը: Այդ ճանապարհը նրանք տեսնում են ոչ թե անձի, այլ անհատականության ինքնահաստատման մեջ: Տարբերությունն այն է, որ անհատականություն հաստատելու ճանապարհին մենք չենք կարող չշեղվել, որովհետև փորձում ենք հակադրվել. «Այս մարդն ինձնից լավն է», իսկ ավելի հաճախ. «Այս մարդն ինձնից վատն է», ինչից և ծնվում են մեղքեր՝ նախանձ, բամբասանք, չարություն, չարակամություն և բազմաթիվ այլ բացասական երևույթներ, որ կարող են դրսևորվել մեր կյանքում: Այնինչ պետք էր, որ ինքնահաստատման ճանապարհին հաստատեինք մեր անձը, այն անձը, որ Աստված հենց մեզ տվեց, այն անձը, որ «թաքնված է» մեր հոգու նվիրական ծալքերում՝ աստվածապատկեր, բարի, առաքինի, անմեղ… այնպիսին, ինչպիսին որ Աստված ստեղծեց մեր նախածնողներին՝ մինչև մեղանչումը:

– Իսկ ինչպե՞ս տարբերել «բարեկամին» ճշմարիտ բարեկամից. չէ՞ որ երբեմն մարդիկ կեղծում են:

– Կարծում եմ՝ դրա համար հատուկ ջանք գործադրելու կարիք չկա: Ի վերջո, մեր կյանքի նպատակը ոչ թե բարեկամներ շահելն է, այլ բարի, ազնիվ և առաքինի կյանք ունենալը: Ըստ այդմ էլ՝ մեր շուրջը հավաքվում են բարեկամներ, ինչը բնական է: Դժվար չէ նաև կեղծ բարեկամներին հայտնաբերելը: Պարզապես հիշենք սուրբգրային հորդորը, որ ասում է՝ ամեն պատահական մարդու տանդ մեջ մի՛ ընդունիր: Եվ սա ավելորդ զգուշավորություն չէ, իհարկե: Վստահ եղեք, ցանկացած առաքինի մարդու, ով հույսը դրել է Աստծու վրա և ապրում է Տիրոջ հետ միության մեջ, Աստված պիտի պահպանի նաև կեղծ բարեկամներից:

– Տե՛ր հայր, բոլորիս հայտնի արտահայտություններ կան՝ «ժողովուրդների բարեկամություն», «բարեկամ պետություններ», «բարեկամ ազգեր» և այլն: «Հռչակագրային» բարեկամության այս դրսևորումը, ինչը գուցեև արդարացված է քաղաքական դաշտում, ըստ շատերի՝ կարծես թե աստիճանաբար թափանցում է նաև զուտ մարդկային հարաբերությունների ոլորտ: Ի՞նչ կասեիք:

– «Ժողովուրդների բարեկամություն» ասվածը, որքան էլ բաղձալի ու նվիրական գաղափար լինի, ընդամենը տեսական մի բան է, որը, ցավոք, անիրականանալի է կյանքում: Սակայն այս գաղափարն առիթ պիտի դառնա, որ ազգերն ու ժողովուրդներն ինչ-որ չափով ձգտեն դրան: Բոլոր դեպքերում դա նույնպես սկսվում է մարդկային պարզ հարաբերություններից: Մի ասացվածք կա. «Բարեկամությունն սկսվում է տանից, ընտանիքից և յուրաքանչյուրիցս»: Եթե մեր ընտանիքներում, ընկերական շրջապատում, հասարակության մեջ այդպիսին չենք, բնականաբար անիմաստ է խոսել ժողովուրդների իսկական, անկեղծ բարեկամության մասին, որտեղ շահերի ահավոր բախումներ կան:

– Բարեկամությունը՝ բարի կամեցողությունը, անպայման փոխադա՞րձ պետք է լինի: Եկեղեցու հայրերն ուսուցանում են. նախ ինքներս անկեղծ լինենք մեր բարեկամության մեջ՝ առանց որոշակի ակնկալիքների:

– Դուք, անշուշտ, ակնարկում եք շահադիտական նպատակներով բարեկամությունը, ինչը միանշանակ մերժում են թե՛ Աստվածաշունչը, թե՛ Եկեղեցու սուրբ հայրերը և թե՛ մեր ժողովրդական դարավոր իմաստությունը, որ ասում է. «Լավություն արա՝ ջո՛ւրը գցիր»: Բարեկամությունը ենթադրում է սեր և նվիրում, և եթե այս երկու հիմքերի վրա հաստատված չէ, այն չի կարող ճշմարիտ լինել: Այո՛, եթե նայենք մեր այսօրվա հասարակությանը, կտեսնենք, որ մարդիկ հաճախ բարեկամանում են մեկի հետ, ումից որոշակի ակնկալիք ունեն՝ նյութական կամ այլ, ում կողքին են, եթե նա հաջողության մեջ է և ումից անմիջապես փախչում են, երբ վերջինս հայտնվում է ձախորդության մեջ:

– Ձեզ ծանո՞թ է «ոխերիմ բարեկամ» արտահայտությունը:

– Ծանոթ է, բայց ոչ ընդունելի: Ծանոթ է նաև այն խոսքը, թե՝ եթե այսինչ մարդու նման մի բարեկամ էլ ունենամ, ինձ այլևս թշնամիներ պետք չեն: Սրանք նորից կեղծ բարեկամության օրինակներ են, որոնց մեջ, ցավոք, հաճախ մեծ դերակատարություն են ունենում մեր իսկ արյունակից հարազատները: Գիտեք՝ արյունակցական կապերը միշտ էլ պարտավորեցնող են, և հրաշալի է, երբ ամեն ինչ ներդաշնակ է ու սիրով լեցուն: Սակայն այդ պարտադրվածությունը երբեմն կարող է ավերիչ լինել, ինչն առավել ցավալի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում