Երիտասարդը, որ փնտրտուքներից հասավ մինչև Ենգիբարյանի կերպարին

Երիտասարդը, որ փնտրտուքներից հասավ մինչև Ենգիբարյանի կերպարին

Լեոնիդ Ենգիբարյանի մասին ու նրա մասնակցությամբ շուրջ 15 ֆիլմ է նկարահանվել:Անվանի արվեստագետին էկրանավորել են հայտնի ռեժիսորներ, այդ թվում՝ Վասիլի Շուկշինը, Ռոլան Բիկովը, Ալեքսեյ Գաբրիլովիչը, Մարիետա Ռուդինան, Տատյանա Վիլկինան, Լեւոն Իսահակյանն ու Հենրիկ Մալյանը եւ այլն: Ընդ որում, Ենգիբարյանն էլ է հանդիսացել իր մասին պատմող «Գրպանահատների արքա» ֆիլմի ռեժիսորը:

2017թ. հանդիսատեսը եղանք ռեժիսոր Էլլա Լազարյանի «Ես այո-ի եւ ոչ-ի արանքում» փաստավավերագրական ֆիլմի: Վերջինս նաեւ խաղարկային կարելի է բնորոշել, որտեղ Լեոնիդ Ենգիբարյանի կերպարը մարմնավորել է Հայկ Փայտյանը: Ընդ որում, Ենգիբարյանը ներկայացված է իր բազմազան մասնագիտություններով՝ բռնցքամարտիկից մինչեւ ծաղրածու, մնջախաղաց, դերասան եւ այլն, անձնական կյանքին եւս անդրադարձ կա: Ի դեպ, արձակագիր եւ կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է նաեւ հիանալի գրող: Ինչ վերաբերում է Հայկ Փայտյանին, նրա մասին հաճախ ենք լսում, թե իր վրա մեծ բեռ է վերցնում ու չի կարողանում դրա տակից դուրս գալ, քանի որ երիտասարդ արվեստագետը, ինչպես եւ իր մարմնավորած կերպարը, ստեղծագործում է մի քանի ժանրերում միաժամանակ: Նրան հանդիպել ենք իբրեւ մնջախաղաց, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պարող: 

«Առավոտի» հետ զրույցում Հայկ Փայտյանը նշեց, որ ինքն ազատ արվեստագետ է եւ ի պատասխան մեր հարցի՝ ներկայացրեց իր կարիերայի սկիզբը. «Ավարտել եմ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մնջախաղի բաժինը: Առաջին աշխատավայրս կամ կարիերայիս սկիզբը 2015 թվականն է, Երեւանի կամերային երաժշտական թատրոնում: Ընդգրկվեցի «Հայրենները», «Անուշ» եւ այլ բեմադրություններում: Հետո սկսվեց իմ «ճամփորդությունների» շրջանը. 2016-ին մասնակցեցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Պարեր» հեռուստաշոուին, ՊՆ-ի «Սարդարապատ» պարախմբի կազմում բեմ բարձրացա Մոսկվայի Չայկովսկու անվան դահլիճում: Այնուհետեւ մեկնեցի Բեյրութ, որտեղ տարբեր երկրներից հրավիրել էին պարողների ու կազմել անսամբլ: Հետո դարձյալ կարճ ժամանակահատված հանդիսացել եմ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի ասիստենտը…»:

Արվեստագետը Կաֆկայի «Կերպարանափոխություն» պարային ներկայացման մեջ, ռեժիսոր՝ Պետրոս Օրդակյան: Երիտասարդ արվեստագետի հետագա գործունեությունը ծանոթ է մեզ: Օրինակ, Մնջախաղի պետական թատրոնում որպես դերասան նրան հանդիպել ենք «Անքնություն» ներկայացման մեջ (ռեժիսոր՝ Մերի Կիրակոսյան), «Գոյ»-ում՝ «Անասնաֆերմա» բեմադրությունում (ռեժիսոր՝ Սարգիս Արզումանյան), որպես ռեժիսոր եւ դերասան՝ ՆՓԱԿ-ում կայացած «Բաբելոն» ներկայացման մեջ, Ծաղկաձորում անցկացվող Մնջախաղի միջազգային փառատոնում արվեստագետը ներկայացավ իր սցենարով, ռեժիսուրայով ու մասնակցությամբ «Դիմակներ» մոնոներկայացմամբ:

Թվարկածներին մեր զրուցակիցն ավելացրեց Փոքր թատրոնում իր սցենարով ու մասնակցությամբ «Ըմբոստը» ներկայացումը՝ ռուսերեն: Հայկ Փայտյանն ասաց, որ մասնակցել է նաեւ Իսպանիայում անցկացվող թատերական փառատոնին. «Մասնակցում էր ութ երկիր, հանդես եկա «Over Time» մոնոներկայացմամբ: Ռեժիսոր Հարություն Հարությունյանի եւ երաժիշտ Արման Էլբերտի աշխատանքն էր, որը ներկայացնում է ընդհանրապես պատերազմների արհավիրքը, այս դեպքում՝ սկսած ցեղասպանությունից մինչեւ ղարաբաղյան պատերազմ: Այն ճանաչվեց երրորդ լավագույն աշխատանքը»:

 Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրությանը՝ թե Լեոնիդ Ենգիբարյանի օրինակով դիմում է արվեստի ու մշակույթի համարյա բոլոր ճյուղերին, Հայկ Փայտյանը նախ նշեց, թե սկզբնական շրջանում փնտրտուքների մեջ է եղել, նույնիսկ մասնակցել կորպորատիվ միջոցառումների, հետո էլ հակիրճ պատասխանեց. «Եթե տիրապետում ես մարմնիդ, կտիրապետես ցանկացած կերպարի՝ բացահայտելով այն ամբողջովին, առանց կեղծ վարքի ու դուբլյորների»: Լեոնիդ Ենգիբարյանի կերպարը մարմնավորելու առիթով էլ հավելեց. «Չեմ կարող ասել, որ նա իմ կուռքն է եղել, բայց հիացած եմ նրա արվեստով այնպես, ինչպես ինքը՝ Բաստեր Կիտոնի ու Չառլի Չապլինի…»:

Այսօր արվեստագետը ցանկություն ունի մեծ բեմում դերասանական մեծ կազմով բեմադրելու Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն» գործը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում