Երաժշտությունը ես եմ․ Տիգրան Մանսուրյան

Երաժշտությունը ես եմ․ Տիգրան Մանսուրյան

«Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…

Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել»։

Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Այսօր հանճարեղ կոմպոզիտորի ծննդյան օրն է.

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան:

1956-1960 թթ. սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։

Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ 1967-1986 թթ. ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։ 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995 թթ. զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։

Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Նա 20-րդ դարի համաեվրոպական երաժշտության նվաճումների և ազգային երաժշտության մշակույթի լավագույն ավանդույթների միաձուլման լավագույն օրինակ է: Նա գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները:

Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, 1988, բեմադրություն՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝ Եղիշե Չարենցի, 1997-1999) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք (ձայնի և տիիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից» (1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի, 37 1983), «Երկիի Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների (Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) երաժշտություն:

Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:

Արժանացել է բազմաթիվ կոչումների ու շքանշանների՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984), ՀԽՍՀ պետական (1981, 1985), ՀԼԿԵՄ (1967), Արամ Խաչատրյանի անվան (1993), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան(2004), ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր (2006), Պատվո շքանշան (2011):  

2016 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

«Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու»,- Տիգրան Մանսուրյանի մասին ասել է Հրանտ Մաթևոսյանը։                                 

Հետևեք մեզ նաև Telegram-ում