Եղիշե Չարենց․ Տաղարան

Եղիշե Չարենց․ Տաղարան

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.- 
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ – դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

* * *
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ – ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր-
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր – Վարդստանի, Շիրազի պես,-
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ,- երգս ուրախ պիտի ասեմ։

——-

հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:

* * *

Ես մե հարբած դուքանդար եմ – դուքանիս մեջ բան չմնաց,
Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային-
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։

Ես մե հարբած դուքանդար եմ – դուքանիս մեջ բան չմնաց,
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին – գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

——-

դուքանդար – պրսկ. խանութպան (դուքան – խանութ):
 նոքար, նոքյար – գվռ. ծառա:

1920-1921

Հետևեք մեզ նաև Telegram-ում