Անխելք հովիվն ու նրա ագահ կինը

Անխելք հովիվն ու նրա ագահ կինը

Հովիվ հուսիկն ապրում էր մի համեստ տան մեջ։ Ամեն օր նա ոչխարի հոտը տանում էր արոտ, արածեցնում, երեկոյան գոհ վերադառնում։ Կարագն ու մեղրը, պանիրն ու մածունը միշտ անպակաս էին տնից։

Բայց կինն ամեն անգամ տրտնջում էր ու ամուսնուն ստիպում, երկու ոտքը դնում մի տրեխի մեջ․

– Ձանձրացել եմ այս կյանքից, զզվել եմ կարագից ու մեղրից, իմ հնամաշ շորերից։ Գնա Աստծու մոտ, խնդրիր մի կտոր ոսկի, կհարստանանք, նոր զգեստներ կգնենք, կապրենք առատության մեջ՝ ճոխ ու երջանիկ։

Հուսիկը սկզբում չեմուչում է անում, բայց վերջը ենթարկվում է կնոջ համառ հորդորանքներին ու գնում է Աստծու մոտ։

– Աղաչում եմ, Տեր, մեռնեմ քո ամենազոր բազկին, կինս համարյա դուրս է քշել ինձ տնից ու մի կոտ ոսկի է ուզում, ասում է՝ ձանձրացել եմ կաթից ու պանրից, մեղրից ու կարագից։

Եթե կարող ես՝ կատարիր կնոջս ցանկությունը, – Աստծու առաջ ծնկի գալով ասում է հովիվը։

Աստված քթի տակ խորամանկ ժպտում է ու ասում․

– Կինդ ագահ է երևում, ծերուկ, իսկ դու թուլամորթ ես, կնոջդ ձեռքին՝ խաղալիք։ Բայց քանի որ այդքան համառում ես , հազարապատիկ կկատարեմ ցանկությունդ։ Ես հրամայում եմ․ ինչի որ ձեռք տաս՝ թող իսկույն որկի դառնա։

Հովիվ Հուսիկն ամբողջովին չի հասկանում Աստծու խոսքերի իմաստը և ուրախացած վերադառնում է տուն։

Առաջին հրաշքը կատարվում է նրա մահակի հետ։ Հուսիկն աջ ձեռքով բռնում է կողքին դրած մահակը, որն անմիջապես ծանրանում է, դառնում ոսկի։

– Վա՜հ, էս ի՞նչ հրաշք էր, ոսկե մահա՞կ, որ տանեմ շուկա վաճառեմ ՝ մի կով կառնեմ, – առանց կանխազգալու, թե գլխին ինչ է գալու, ուրախանում է հովիվը։

Հասնում է փարախ, շունը պոչը պտտելով գալիս է հովվին ընդառաջ։ Հովիվը շայում է շան գլուխը, շունը ոսկի է դառնում։
«Հլա ոչխարիս վրա էլ փորձեմ», – մտքում ասում է հովիվն ու մեկ-մեկ ձեռք է տալիս ոչխարներին։ Մի քանի րոպեում ամբողջ հոտը ոսկի է դառնում։

– Պա՜հ, էսքան հարստությունն ի՞նչ պիտի անեմ, – բացականչում է հովիվն ու վազում է տուն, որ կնոջը պատմի կատարված հրաշքի մասին։

Տան դռան բռնակից քաշում է թե չէ՝ դուռն էլ է ոսկի դառնում։

Մտնում է տուն, ու քանի որ մի ամբողջ օր Աստծու մոտ էր եղել, շատ սոված է լինում, կնոջն ասում է․

– Այ կնիկ, մի բան բեր ուտեմ, խելքս տեղը գա, հետո լավ բան եմ ասելու։

– Չի լինի՞ առաջ պատմես, նոր ուտես, – ասում է կինը։

– Չէ, համ կուտեմ, համ կպատմեմ։

Կինը սեղանի վրա շարում է հաց ու պանիր, լավաշ ու թարխուն, հարիսա։ Հովիվը ձեռքը տանում է, որ պանիր ու լվաշ վերցնի, երկուսն էլ ոսկի են դառնում։ Սեղանի վրա ինչ կար՝ սկի է դառնում։
– Վա՜հ, Հուսիկ, էս ի՞նչ եղավ, էս ի՞նչ կատարվեց, – զարմանում է կինը։

– Սուս մնա, այ կնիկ, ոչ ոքի բան չասես, ոսկու մեջ կլողանք, նոր տներ կկառուցենք, կհարստանանք, – կնոջ ականջին շշնջում է հովիվը։

– Հուսիկ ջան, մազերիս ձեռք տուր, ուզում եմ՝ մազերս էլ ոսկեգույն դառնան, – խնդրում է կինը։

Հուսիկն անզգուշությունից կպչում է կնոջ դեմքին, կինը դառնում է ոսկի։

– Կնիկ ջան, էս ինչքա՜ն թանկացար, աշխարհի ամենաթանկ կինն ես, ոտից գլուխ ոսկի ես։

– Այ մարդ, ոտքերս ու ձեռքերս ծանրացան, չեմ կարող շարժվել, ինձ էլի միս ու արյուն դարձրու, չեմ կարող շնչել, – խնդրում է կինը։

– Ես չեմ կարող, դրա ճարը չգիտեմ, Աստված էդ մասին ոչինչ չի ասել, – մոլորված ասում է հովիվը։ – Բա ի՞նչ անենք, գնամ գոնե մի բժիշկ կանչեմ։

– Ո՜նց բժիշկ կանչես, որ գա մեր հարստությունը տեսնի ու աշխարհով մին անի՞, չէ, չէ, կդիմանամ, պետք չի, – ասում է կինը։ – Մենակ մի բաժակ ջուր տուր, սիրտս վառվում է։

Հովիվը դույլից մի բաժակ ջուր է լցնում, բաժակն էլ, դույլն էլ ոսկի են դառնում։

– Չէ, այ կնիկ, մի բժիշկ կանչենք, ջուրն էլ ոսկի դառավ։

Ոչ խմելու բան ունենք, ոչ ուտելու, ի՞նչ անենք։

– Չգիտեմ, ինչ ուզում ես՝ արա, ինձ տար մահճակալին պառկեցրու, չեմ կարողանում կանգնած մնալ, – տնքալով ասում է կինը։

Հովիվը, հազիվհազ քարշ տալով, կնոջը հասցնում է ու պառկեցնում մահճակալին։

– Լավ , դու էսպես մնա, ես գնամ մի մարդ կանչեմ․․․

Բայց հովիվը դեռ մի քայլ չարած՝ կինը շնչահեղձ է լինում։

– Ջու՜ր, ջու՜ր տվեք, – ծղրտում է կինն ու շունչը փչում։

Հովիվն ախուվախ է անում ու ձեռքով գլխին զարկում․

– Վա՜յ, տունս քանդվեց, կինս մեռավ։

Գլխին զարկելն ու ոսկի դառնալը մեկ է լինում։ Հովիվն էլ է ծանրանում, չի կարողանում հասնել դռանը, որ օգնություն կանչի։ Ընկնում է հատակին ու մեռնում։

Մոտիկ հարևանը գալիս է սրանց մաղն ուզելու, դուռը բացվում է ու որ էդքան ոսկին տեսնում է, հովվին ու կնոջն էլ՝ անշունչ փռված, դուրս է վազում ու բոլորին իմաց տալիս։

Հավաքվում են հարևանները, ամբողջ գյուղը։ Հովվին ու կնոջը թաղում են, ամբողջ ոսկին էլ բաժանում են գյուղացիներին։

Հովվի ու կնոջ շիրմաքարին էլ ոսկի տառերով գրում են․

Ոսկի սիրողին
Ոսկին էլ մահ է,
Դաս լինի նրան՝
Ով որ ագահ է։

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ                                                     

Հետևեք մեզ նաև Telegram-ում