Մարդու ուժը

Մարդու ուժը

Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղ տխուր առիթով էի գնացել՝ մահացել էր մեր ընտանիքի շատ սիրելի ընկեր Նիկոլայ Իսրայելյանը՝ ձյաձ Կոլյան կամ Կոլյա ձեդոն, ինչպես քույրս էր դիմում նրան։ Հիվանդ էր։ Գիտեի, որ օրերը հաշված են։ Դեպքից մեկ ամիս առաջ գնացել էի տեսակցության։ Իսկ մինչ այդ էլ Երևանում էինք հանդիպել՝ հիվանդանոցում։ Չէր հասկանում, թե ինչ է հետը կատարվում։ Միայն մեկ բան էր ուզում՝ գյուղ գնալ։ «Հի՞նչ գործ օնիմ ես ստըղ, ախր։ Էս դոխտուրն էլ կլխան խարաբ ա։ Լյհա ընդի պահումն ինձ ստեղ։ Մին օր էլ ըմ սպսելու ու քինյամ, մատաղ ինիմ։ Խղտվումմ ես ստեղ։ Առողջ մարդն էլ կը մռնե էս պատերում։ Էքուց քինյամմ»։ Ասեց ու արեց։ Անիմաստ էր նրան ետ համոզելը։ Անհնար։ Ու, երևի, հենց այդպես էլ պետք էր։

Հիվանդանոցից գնալու պահին տխուր աչքերով էր ճանապարհում ինձ ու եղբորս։ Ինձ ուղղված հայացքի մեջ այդքան սեր երևի չեմ տեսել երբեք։ Հիվանդասենյակի մոտ կանգնած սպասում էր, թե երբ պիտի անցնենք անվերջ երկար թվացող միջանցքը։ Վերելակն էլ, թարսի պես, չէր գալիս։ Եղբորս խնդրեցի ոտքով իջնենք, որ ձյաձ Կոլյան շուտ ներս գնա, այդպես չնայի… Բայց նորից անհաջողություն՝ հենց այդ պահին վերելակի դռները բացվեցին և այնտեղից դուրս եկավ նրա կրտսեր որդին՝ Մարատը։ Ստիպված էինք նորից մնալ այնտեղ՝ նրա արդեն կարոտած հայացքի ներքո…

Դեկտեմբերին, երբ գնացի Խնձրիստան՝ Կոլյա ձյաձային տեսակցության, ամեն ինչ այլ էր։ Նա իր միջավայրում էր։ Ասում, խոսում, ինչպես միշտ կատակներ անում՝ փորձելով թաքցնել իրեն տանջող ցավը։ Վերջում էլ, ճանապարհելիս, իր քաշած օղուց դրեց հետս։ Թթի և սալորի օղի։ Մաքրամաքուր… Ուրախ էի, որ այդ օրն ընկերս՝ Արտակը, հետս էր։ Մտածում էի՝ ևս մեկ լավ մարդու կարողացա ծանոթացնել մեկ այլ լավ մարդու հետ։ Ընդհանրապես, ընկերներիս ձյաձ Կոլյայի հետ ծանոթացնելու ոչ մի առիթ երեբեք բաց չեմ թողել։ Ամեն անգամ, Արցախ գնալիս, որքան էլ շատ մարդ լիներ հետս, առաջինը հենց նրա տուն էի գնում։ Նախ, որովհետև այլ կերպ պարզապես չէր կարելի և երկրորդ՝ ուզում էի տղերքը ծանոթանան իսկական արցախցու՝ նրա ընտանիքի հետ։

Ձյաձ Կոլյայի մասին, երևի, մեկ այլ առիթով դեռ կպատմեմ։ Իմ Հայրիկի ընկերն էր, որի հետ ես ընկերացա ու մտերմացա այնքան, որքան շատ քչերի հետ է դեռևս հաջողվել, ցավոք։ Նրա մահվան լուրն առնելուն պես՝ Մայրիկիս հետ ճանապարհվեցինք Արցախ։ Խնձրիստան հասանք երեկոյան։ Գյուղում մութ էր։ Շատ մութ։ Թվում էր՝ ձյաձ Կոլյաենց տան դիմաց վառվող էլեկտրական լամպը գյուղի միակ լույսն էր։ Գյուղացիներն էլ, հերթով, հայտնվում էին այդ մթության միջից, մոտենում տան դիմաց հավաքված տղամարդկանց, ծանր բարևում, տուն մտնում, կանգնում հանգուցյալի մոտ, հառաչում ու լուռ անհետանում նույն այն մթության մեջ։ Խորհրդավոր մի բան կար այդ ամենի մեջ։ Մտածում էի՝ Կոլյա ձյաձայի հոգեհանգիստը նույնքան լուռ ու համեստ էր, որքան ինքն էր իր էությամբ։ Այնքան հանգիստ էր ամեն ինչ, որ այնտեղ երկար մնալու ցանկութուն կար։

Հաջորդ օրը ամեն ինչ այլ էր։ Ողջ գյուղը և էլի ուրիշ շատ մարդիկ հավաքվել էին ձյաձ Կոլյայի հուղարկավորությանը։ Խնձրիստանի նեղ ու քարքարոտ փողոցներում մեքենա կանգնեցնելու տեղ չկար։ Բոլորը խոսում էին հանգուցյալի մասին՝ հիշում նրա հետ կապված կյանքի դվագներ, ողորմի տալիս, հետո նորից հիշում։ «Տեր Աստված, – մտածում էի ես, – ախր էս ինչ տեսակ մարդիկ են»։ Գժվել կարելի էր։ Ուզում էի ամեն մեկի խոսքին ունկնդիր լինել՝ լսել նրանց, հիշել ասածները։ Իսկ հետո, երբ տնից դուրս բերեցին ձյաձ Կոլյայի մարմինը, մարդկանց բազմությունը քայլեց դեպի գերեզմանատուն։ Ոտքով։ Մոտ 2 կիլոմետր։ Եվ ոչ ոք չմնաց գյուղում։

Գերեզմանատանը, մի բարձունքի վրա կանգնած, սգո թափորի մեջ երկու տարեց կին նկատեցի։ Թև թևի տված երկու այդ տատիկները, կարծես, բոլորից անկախ լինեին։ Սևազգեստ էին։ Երկուսն էլ ցածրահասակ՝ առնվազն 90 տարեկան։

Գերեզմանափոսի մոտ տանող երկու ճանապարհ կա՝ մեկը շրջանցում է այն բլուրը, որի վրա կանգնած էի ես և որի վրա է գտնվում Իսրայելյանների գերեզմանը, ու ետևի հատվածով հանդարտ բարձրանում վեր։ Իսկ մյուսը՝ սուր անկյամբ անմիջապես բլրի վրա բարձրացող կածան է։ Հեռվից տեսնելով տատիկներին՝ սկզբից զարմացա, որ եկել, հասել են գերեզմանատուն, հետո ապշեցի, երբ տեսա, որ ճանապարհը կարճելու համար նրանք սկսեցին բարձրանալ այդ կածանով։ Կողքս կանգնած ընկերոջս ուշադրությունը հրավիրեցի դեպի այդ տատիկներ.

– Տեսնես ի՞նչ ուժ է էս կանանց բերել ստեղ։

– Էն մինը՝ ծյախինը, մի բոյում էրկու տղա ա կուրցրալ։ Էն մի կնեգն էլ կուրցրած խոխա օնէ։ Էն օրը, վեր էլ կարին վեչ կյան ստեղ, հաշվի մըռած են։ Ուրանց ուժը տա ա։

 

*

*                   *

…Մտածում եմ՝ լավ է, երբ նեղ պահին մարդիկ միմյանց կողքին կանգնել գիտեն։ Սիրելի ու հարգելի մարդու ետևից կիլոմետրերով քայլել գիտեն։ Իրենց գերեզմաններից ուժ ստանալ գիտեն։ Ապրել ու ապրեցնել գիտեն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում