Երեմիա աբեղա Աբգարյանը մեկնեց Հայաստան

Երեմիա աբեղա Աբգարյանը մեկնեց Հայաստան

Հունվար 21-ը անչափ հուզիչ օր էր Սիաթլի Սուրբ Հարություն եկեղեցու հավատացյալների համար։ Տ Երեմիա աբեղա Աբգարյանը, որ իր ուսումնառությանը զուգընթաց մասնակիորեն կատարում էր նաև ծուխի հոգևոր հովվի պարտականնությունները, ավարտելով իր առաքելությունը, վերջին պատարագն էր մատուցում, որից հետո պետք է վերադառնար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Եկեղեցին լեցուն էր հավատացյալներով, որոնք եկել էին իրենց շնորհակալությունները փոխանցելու և բարի ճանապարհ մաղթելու Հայր Երեմիային։

Սբ Պատարագին ներկա էր նաև Տ Ներսես քահանա Հայրապետյանը, որը Հայր Սուրբին փոխանցեց ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնության և գնահատանքի նամակը։ Սրբազանն իր նամակում անթաքույց գովեստով անդրադարձավ հայր Երեմիայի կարճատև բայց բոլորանվեր ծառայությանը ԱՄՆ Արևմտյան Թեմից ներս, թե Առաջնորդարանում և թե նաև Սիաթլի Սբ Հարություն Եկեղեցու համայնքում։

Հայր Սուրբն էլ իր հեթին որդիական զգացումները և հարգանքը փոխանցեց Առաջնորդ Սրբազան Հորը՝ որն իրեն հնարավորություն ընձեռեց ոչ միայն ուսումնառության, այլև հովվական ծառայության և փորձառության, ինչպես նաև ջերմ հոգատարության համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ծխական խորհրդին, տիկնաց միությանն ու հարակից մարմիններին և ծուխի հավատացյալներին՝ իրենց ներկայության և վստահության ու սիրո համար։ Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում