Կոնցերտ Գինեսի համար

Կոնցերտ Գինեսի համար

Երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Պանյանի մասին Panorama.am-ը պատահաբար չէ, որ իմացել է: Նրա անունը այժմ կապվում է, ինչպես ստեղծագործողն է ասում՝ «աննախադեպ կրկնակի կոնցերտի» հետ: Ինչու աննախադեպ, ինչ նպատակով, ինչպես ծնվեց այս կոնցերտը՝ ցրույց կոմպոզիտորի հետ:

– Արեգ, մի փոքր կներկայացնե՞ք՝ ինչո՞վ է յուրահատուկ այդ կոնցերտը, որի վրա աշխատում եք:

– Դա կրկնակի կոնցերտ է՝ սոպրանոյի, թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար: Դրանում մենակատար գործիքներն են թավջութակն ու ձայնը՝ սոպրանոն: Շատ հետաքրքիր համադրություն է, որը հիմնականում չի օգտագործվում, որովհետև սոպրանոյի հետ հնչելիս թավջութակն արդեն լսվելու խնդիր ունի: Դա հենց առաջին բարդ համադրությունն է: Այս ամենի հետ մեկտեղ՝ սիմֆոնիկ շատ մեծ նվագախումբ եմ վերցրել, այն է՝ սիմֆոնիկ նվագախումբ՝ մեծ կազմով (լինելու է թավջութակների կրկնակի ուժեղացված կազմ), ջազ-նվագախումբ, դա ենթադրում է սաքսոֆոններ, որոնք սիմֆոնիկում չկան, հարվածային գործիքներ, դրա հետ միասին մեծ երգչախումբ է ավելանում՝ թե մեծերի, թե փոքրերի, գումարվում են տարբեր ազգերի ժողգործիքներ:

Իհարկե, անվերջ չէ նրանց քանակը՝ մի քանի գործիք են, իսկ մեր գործիքներից էլ կա դուդուկը: Չեմ կարող ասել՝ ժողգործիքները դասական ստեղծագործություններում բացառված են, սակայն հիմնականում կոմպոզիտորները չեն օգտագործում դրանք:

Կոնցերտում կհնչեն երգեհոն, տարբեր տեսակի ստեղնաշարային գործիքներ՝ դաշնամուր, չելեստա, ռոք-հարվածային կազմի գործիքներ (Drum Set), ակուստիկ կիթառ, բաս-կիթառ, սոլո-կիթառ, սաքսոֆոնի տեսակներ՝ ալտ, սոպրանո, տենոր, բարիտոն, շեփոր, տրոմբոն, ֆլյուգելհորն և այլն՝ գործիքատեսակների մեծ և յուրօրինակ կազմ: Ժողգործիքներից մի քանիսը կան, որ Հայաստանում չունենք, ինչպես, օրինակ՝ դարբուկան, տոմբրան, ուստի այս ստեղծագործությունը բեմադրելիս արտերկրից հյուրեր պիտի հրավիրվեն, բայց մնացած բոլոր գործիքները հնարավոր է գտնել:

– Որքան հասկացա՝ բացի գործիքատեսակների թվից, այս կոնցերտը յուրահատուկ է նաև համադրումներո՞վ:

– Գիտեք, կոմպոզիտորները հիմնականում վերցնում են ստանդարտ նվագախումբ, ուղղակի, ասենք՝ 4 վալտորնայի փոխարեն՝ ութ կամ 16 վալտորնա են ընդգրկում:

Գերմանացիներն, օրինակ, Գինեսի գրքի համար 7500 գործիք էին հավաքել, սակայն վերցրել էին, ասենք՝ 500 վալտորնա (ֆրանսիական եղջերափող), 400 շեփոր: Ու միևնույն է՝ բոլոր այդ նվագախմբերի նոտաները գրվում էին մինչև 36 տողի վրա, իսկ սա յուրօրինակ է նրանով, որ գործիքների տեսակների քանակով է ամենամեծը: Մինչև հիմա Մալերի 8-րդ սիմֆոնիան է ամենամեծը եղել: Հայազգի կոմպոզիտորներից Աշոտ Բաբայանը, Մալերից ոգեշնչված, նվագախմբային մեծ կազմեր է օգտագործել, բայց իր ստեղծագործությունների մեջ էլ գործիքների տեսակը չի հասնում 75-ի, թեև՝ քանակով բացառապես մեծ կազմեր է գործածել: Ես իմ գործը նոտագրելու համար 75 և ավելի տող եմ «լրացնում»՝ ըստ գործիքների տեսակների: Այսինքն՝ այսօրվա դրությամբ տողերն այդքան են, գործը դեռ վերջնականապես պատրաստ չէ, հնարավոր է՝ վաղը-մյուս օրը մտքեր գան, և դառնա 85 տող, բայց տողերը հաստատ չեն պակասի:

– Արեգ, ո՞վ է կատարելու այս կոնցերտը, ի՞նչ նվագախումբ եք պատկերացնում: Հայաստանի պայմաններում կարո՞ղ եք համապատասխան դահլիճ գտնել:

– Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի պայմաններում հնարավոր կլինի գործը ներկայացնել, եթե մեր մի քանի նվագախումբ իրար հետ համագործակցեն: Դե, պարզ է, ոչ Ֆիլհարմոնիայում տեղ կանի այդ նվագախումբը, ոչ համալիրում, առնվազն՝ մարզադաշտում, ընդ որում՝ տարածքի կեսը երևի նվագախումբը կզբաղեցնի:

-Ինչպե՞ս ծնվեց միտքը՝ ստեղծել մի գործ, որում այսքան գործիքատեսակ ներառված կլինի:

– Իմ որոշ գործընկերների պես՝ ես էլ մանկուց երազել եմ գրել մի գործ, որում ներառված կլինեն աշխարհի բոլոր երաժշտական գործիքներն անխտիր: Դա անհնարին է և անիմաստ, քանի որ աշխարհում հազարավոր գործիքներ կան, սակայն ինքը որոշել է նման մի բան անել, ինչը և կյանքի է կոչում: Նույնիսկ եթե հասարակ սիմֆոնիկի հետ դուդուկ են օգտագործում, շատերն ասում են՝ չի կարելի, բայց ես դրան կողմ եմ եղել միշտ: Նույն Արա Գևորգյանն ապացուցել է, որ դա կարևոր չէ, կարևոր է՝ ինչ գործիքներ ես օգտագործում, ինչի հետ: Ամեն ինչն էլ լավ կարող է հնչել, վատ գործիք չկա, վատ համադրություն չկա, կա վատ գործիքավորող:

– Մեկ դիրիժորը կարո՞ղ է «ղեկավարել» այդ՝ աննախադեպ մեծ կազմ ունեցող նվագախումբը:

– Նման խնդիր իրոք կա. մեկ դիրիժորն ի վիճակի չի լինի այդ նվագախումբը ղեկավարել, ուստի պետք է առնվազն երեք դիրիժոր լինի, ովքեր իրար կտեսնեն մեծ էկրանի վրա:

– Քանի որ գործն, ինչպես երևում է, աննախադեպ է՝ թե գործիքատեսակներով, թե համադրումներով, մտադի՞ր եք դիմել՝ այն Գինեսի գրքում ներառելու համար:

– Այո, անշուշտ: Ես մտադիր եմ դիմել 2019-ին, երբ գործն ամբողջովին պատրաստ ու ավարտուն կլինի: Քանի որ գործը մասշտաբային է, հիմա աշխատանքներն ընթացքում են, նույնիսկ արդեն հավաքած մաս կա. քանի որ ես տանը լավ տեխնիկա ունեմ, այդ 9 րոպեն աուդիո տարբերակով հավաքել եմ: Կոնցերտի 9-րդ րոպեին կուլմինացիան է, որից հասկացվում է՝ բոլոր գործիքներն իրար հետ նվագում են: Գործը կավարտեմ 2019-ին, քանի որ նոտագրելն է դժվար: Սևագիր վիճակում այն կա, բայց նոտագրելը սարսափելի բարդ գործ է, ինձ մեկ տարի ժամանակ է պետք: Ես որոշել եմ՝ երկրորդ նման գործ չեմ գրի, հետո արդեն կգրեմ նվագախմբի սովորական կազմի համար:

– Այս ստեղծագործության բեմադրման համար մե՞ծ ֆինանսական միջոցներ են պետք:

– Ֆինանսական առումով այս ստեղծագործության բեմադրումը մեղմ ասած ծախսատար է: Անգամ սովորական օպերան երբ ուզում ես կատարել և լավ կատարել, մոտ 30 000 դոլար է անհրաժեշտ, իսկ նման ծավալի գործի համար արդեն անասելի մեծ գումարներ են անհրաժեշտ:

– Գործը Հայաստանու՞մ եք ներկայացնելու, թե՞ պատրաստ եք այն կատարել նաև Հայաստանից դուրս:

– Պարզ է՝ առաջարկս լինելու է Հայաստանի համար, ուզում եմ այստեղ կատարել: Շատ կոմպոզիտորներ հիմնականում այստեղ չեն ներկայացնում իրենց ստեղծագործությունները, միայն փառատոնից-փառատոն, տենդենց կա՝ գնա, հայտնի դարձիր, հետո արի, կկատարենք, դրա համար շատերը միանգամից գնում են արտասահման: Կարծում եմ՝ դա էլ է սխալ: Ես ուզում եմ առաջին անգամ իմ գործն այստեղ ներկայացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում