Սուրբ Ատոմյանց հիշատակության օր

Սուրբ Ատոմյանց հիշատակության օր

Սուրբ Ատոմյանց հիշատակության օրն այս տարի հունվարի 29-ին է:

Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում Հազկերտ կռապաշտ թագավորի օրոք:

Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտն սկսում է հալածել քրիստոնյաներին, Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու համար: Ատոմյանց Քրիստոսադավան զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ:

Հայոց զորավարներն սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում եւ ապաստանում Անձեւացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված մի լեռնաբնակ ճգնակյաց սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել: Պարսից զորքը հասնելով հայոց զորավարներին, շրջապատում և սրախողխող է անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք և 449 թվականին նահատակվում:

Սկզբնաղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում