Հայտնի ու անհայտ Կոմիտասը

Հայտնի ու անհայտ Կոմիտասը

Ամենայն հայոց բանաստեղծին և հայ երգի Մաշտոցին միայն ծննդյան թվականը չէ, որ միավորում էր: Կոմիտասը Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա փորձել է գրել համանուն օպերա, որը անավարտ է մնացել: Նրանք հաճախ են հավաքվել Թիֆլիսում՝ Թումանյանի տան վերնահարկում, քննարկել մշակույթի, արվեստի տարբեր հարցեր: Հայ մշակույթի գործիչների հավաքատեղի էր նաև նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի թիֆլիսյան արվեստանոցը, որտեղ էլ լուսանկարվել են նրանք:

Կոմիտասի աշակերտներից Վահան Տեր-Առաքելյանն իր հուշերում գրում է, որ Կոմիտասը Թիֆլիսում բազմաթիվ ծանոթներ ուներ, բայց համերգներից առաջ ոչ ոքի այցելության չէր գնում՝ բացի Թումանյանից։ Վահանը ուրախությամբ հիշում է, որ վարդապետը բանաստեղծի տուն տարել էր նաև իրեն: Նա գրում է իր ուրախության մասին, որ վերջապես հնարավորություն կունենա ծանոթանալ իր սիրելի գրողի հետ: Թումանյանն ու Կոմիտասը զրուցում են տարբեր թեմաների շուրջ՝ ժողովրդի, մեծատունների, ռուսացած վաճառականների, հայ երգի հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքի մասին։

Հայ երգի բնորոշ հոտը

-Մեր էսպես կոչված բարձր խավի լսողնեը ժողովրդական երգին վերաբերվում են քմծիծաղով և ամաչելով ասում են, որ նրանից աթարի հոտ է գալիս,- ասում է Թումանյանը։

-Ավելի վատ այդպես ասողների համար, որովհետև ժողովրդական երգի բնորոշ հոտը հայոց լեռնաշխարհի գունագեղ ծաղիկների անուշ բույրն է. նրանից ուրիշ հոտ առնողն ինքն է հոտած՝ նման «պիպու» կոչվող թռչունին, որը շուտ-շուտ փոխում է իր բույնը՝ կարծելով, թե բունը հոտած է, բայց փաստորեն հոտածն ինքն է, – պատասխանում է Կոմիտասը։

-Պա՛հ, էդ ինչ լավ համեմատություն արիր, Կոմիտաս ջան։

-Է՛հ, Օհաննես, խոսքը մերը, տունը մերը. խոսենք անկեղծաբար: Հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք. մենք քաշվում, մենք ամաչում ենք բացեիբաց գնահատել, մանավանդ սիրել մեր արժեքները, լինի դա կուլտուրական նվաճում, թե կուլտուրական դեմք, անձնավորություն։

-Էդ դրուստ ես ասում,-ասում է Թումանյանը։

-Կասեմ ավելին,- շարունակում է Կոմիտասը,- ստրկամիտ մարդուն հատուկ մոլությամբ փնովելով մերը՝ մենք սիրում ենք փքել, ուռեցնել օտարինը, երբեմն նաև մերը, բայց այն, ինչն իրապես ո՛չ մի արժեք չունի։

Հեղափոխական երգն
ու ժողովրդական երգը

-Կոմիտաս ջան, մի հարց վաղուց հետաքրքրում է ինձ, և ես ուզում եմ լսել դրա մասին քո հեղինակավոր խոսքը. դու ի՞նչ կարծիքի ես մեր էսպես կոչված ազգային-հայրենասիրական երգերի մասին,- հարցնում է Թումանյանը։

-Հրաժարելով հրաժարիմ,- պատասխանում է Կոմիտասը.- դրանք բոլորը, բացառությամբ մի երկուսի, գեղարվեստական ո՛չ մի արժեք չունեն, մանավանդ որ նրանց եղանակների մեծ մասը օտար է։

-Իսկ ի՞նչ կասես մեր հեղափոխակա՛ն երգերի մասին։

-Կասեմ՝ գռեհկություն, այլանդակություն, որի դեմ պետք է պայքարել ամբողջ ոգով,- ասում է Կոմիտասը շեշտակի։

-Իսկապե՞ս։

-Հաստատապես։ Հապա տես, թե ինչի՛ է նման այս հեղափոխական երգը, որ դժբախտաբար սաստիկ տարածված է։

Եվ Կոմիտասը սկսեց երգել «Դաշնակցական խումբ, գնանք մենք Սասուն»՝ ճշտությամբ վերարտադրելով նրա գռեհիկ, անիմաստ շեշտադրությունը, խոսքերի ու եղանակի բացարձակ անհամատեղությունը։

Կոմիտասի աշակերտը գրում է, որ արվեստի բացակայությունն այդ երգի մեջ, նրա բացասական տրամադրությունն այնքան ակներև էր, որ Թումանյանը լիովին ազատություն է տվել իր բարձրաձայն ծիծաղին։

-Դրուստ էր, ի՜նչ մազալու բան է,- ասում է նա և նորից քահ-քահ ծիծաղում։

-Իսկ հիմա լսիր ժողովրդական երգի այս քառատողը, – առաջարկում է Կոմիտասը՝ իրեն հատուկ զարմանալի վարպետությամբ երգելով.

«Ես մի չոր ծառ էի,
Դուն գարնան արև,
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճյուղն ու տերև…»:

-Ի՜նչ գեղեցիկ համեմատություն, ի՜նչ խորություն ու պարզություն,- բացականչում է Թումանյանը հիացած։ -Ես մեծ սիրով իմ անունը կդնեի այդ գոհար քառատողի տակ։

-Բա ի՞նչ էիր կարծում, իմ սիրելի բանաստեղծ, այդպիսի գոհարների անսպառ աղբյուր է հայ ժողովուրդը,- ասում է Կոմիտասը բավականության ջերմ զգացումով։

-Էդ դրուստ է, Կոմիտաս ջան, համա քո երգելու արվեստն էլ հրաշալիք է։ Տո, էդ ի՛նչ զարմանահրաշ մարդ ես դու։

-Զարմանահրաշը ե՜ս չեմ, այլ մեր գեղջուկն է, մեր ժողովրդական երգն է, որովհետև վատ բանը չի կարող լավ դառնալ, ինչքան էլ աշխատի Կոմիտասը։ Եվ ով ուզում է ստեղծել հայ կուլտուրական երաժշտություն, նա պիտի հիմք ընդունի ժողովրդական երգը, նա պիտի ղեկավարվի այդ երգի ոճական սկզբունքներով, այլապես նրա ստեղծած երաժշտությունը չի լինի հայկական երաժշտություն։

Պատրաստեց Ալետա ՀԱԿՈԲՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում