Քաղաքական մենյուն՝ վրացական ակցենտով «Ուժերի զարթոնք» գրքում

Քաղաքական մենյուն՝ վրացական ակցենտով «Ուժերի զարթոնք» գրքում

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին «Նոյյան տապան» գրախանութում:

Նախապես գրքի շնորհանդեսը նախատեսված էր անցկացնել Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Պայմանավորվածությունը, սակայն, օրեր առաջ թանգարանը չեղարկեց, նշվեց, որ արգելողը մշակույթի նախարարությունն է: ՀՀ մշակույթի նախարարությունից Panorama.am-ի հարցին՝ որքանո՞վ են իրական այդ լուրերը, ի՞նչ հիմնավորմամբ են արգելել գրքի շնորհանդեսը, պատասխանեցին, որ նախարարությունը տեղյակ չէ այդ մասին:

«Իրենք պայմանագիր չեն ունեցել թանգարանի հետ, դրա համար նախարարությունը բացարձակ տեղեկություն չի ստացել»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը՝ խորհուրդ տալով մնացածը նման լուրեր տարածողներից ճշտել: Գրքի բովանդակության, արժեքների, շնորհանդեսի արգելքի և այլնի մասին զրուցեցինք թարգմանչի՝ Միքայել Նահապետյանի հետ:

-Միքայել, այս գիրքն ինչպես հայտնվեց Ձեր ուշադրության կենտրոնում: Գիրքը վրացերենի՞ց եք թարգմանել:

– Գիրքը թարգմանել եմ ռուսերենից, բնագրի լեզուն ռուսերենն է: Այն ուշադրությանս կենտրոնում է հայտնվել անցյալ տարվա մայիս ամսին՝ պատահաբար. ընկերներիցս մեկը գրքից աուդիո հատված էր հրապարակել ռուսական տարբերակից՝ այդ պահին Հայաստանում շատ արդիական համարվող թեմայի վերաբերյալ: Նայեցի այդ հատվածը, դրանից հետո գտա գիրքը, կարդացի ու հասկացա, որ կուզեի՝ այս գիրքը հայերենով լիներ: Հետո  հանդիպել եմ ընկերոջս, ասել եմ՝ լավ կլիներ, որ հայերեն տարբերակն էլ լիներ, ասաց՝ դե թարգմանի, ու թարգմանեցի:

– Գիրքն արգելելու մասին պաշտոնապես չի ասվել: Ի՞նչ ձևով եղավ այդ արգելքը, ինչպե՞ս մեկնաբանեցին:

– Այդ մասին ամեն ինչ արդեն մեկնաբանել եմ, մեկնաբանելու քիչ բան է մնում կամ առհասարակ չի մնում: Եղել է հետևյալը. թանգարանի տնօրինությունը տեխնիկական պատճառներով հայտարարել է, որ անհնարին է իրականացնել նշված օրը, նշված ժամին նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, ես նույն բովանդակությամբ հայտարարություն եմ տարածել, որ կողմերի կամքից անկախ հանգամանքներում հնարավոր չէ իրականացնել: Դրանից հետո տարբեր հոսքերով տեղեկատվություն է եղել, որ իրականում նախարարության կողմից հրահանգ է եղել, դա արդեն մամուլում էլ է տարածվել, ու այս ամենն է տեղի ունեցել:

– Գիրքն ի՞նչ տպաքանակով է հրատարակվել:

– Այս պահին գրքի 250 օրինակի պատվեր եմ տվել, բայց հնարավոր է նաև՝ ավելացնեմ:

– Գիրքը ե՞րբ կվաճառվի և ի՞նչ գնով:

– Գիրքը կվաճառվի փետրվարի 7-ից սկսած, գնագոյացում վերջնական տեղի չի ունեցել, քանի որ ծախսերի առումով վերջնահաշվարկ չկա:

– Շնորհանդեսը տեղի կունենա «Նոյյան-Տապան»-ում: Ու՞մ նախաձեռնությունն էր, իրե՞նք առաջարկեցին:

– Համագործակցության հնարավորություն է ստեղծվել, կոնկրետ մեկի կամ մյուս կողմից չի եղել առաջարկը, ստացվեց, էլի:

– Գիրքը ուսուցողակա՞ն է, ճանաչողակա՞ն է, ո՞րն է այս գրքի արժեքը:

– Գիրքը Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրությունն է՝ սկսած իր քաղաքականության մեջ առաջին քայլերից, վերջացրած ընտրություններում պարտությունով, հեռացումով, Ուկրաինայում գործունեությամբ և այլն: Ամեն ինչի մասին պատմություններ կան, ծիծաղաշարժ պատմություններ կան՝ տարբեր քաղաքական գործիչների հետ հարաբերությունների, հայտարարությունների հետ կապված:

Համակողմանի, տարբեր բաների մասին խոսող տեքստ է: Ինչ վերաբերում է գրքի արժեքներին՝ ես իմ ընկալումներում չեմ սահմանափակի այդ գիրքը, դրա համար առանձնապես հիմա չեմ դնի, սահմաններ գծեմ, թե՝ այս ու այս արժեքներն է կրում: Դա ընթերցողն իր համար կորոշի, մի մասը կհավատա գրվածին, մի մասը չի հավատա, մի մասի համար դա դրական կլինի, մյուս մասի համար՝ բացասական: Գրքում ընդհանուր ամեն ինչի մասին խոսվում է՝ տնտեսական զարգացման, հարկային քաղաքականության փոփոխության, որի արդյունքում իրենք հայտնվեցին Դուինգ բիզնեսի 9-րդ հորիզոնականում, ոստիկանական համակարգի, դատական համակարգի ռեֆորմների, տուրիզմի մասին և այլն: Գիրքը 2016 թ. է լույս տեսել: նկարագրվող ժամանակահատվածը մոտավորապես 22 տարի է:

– Գրքի՝ Ձեր ամենասիրելի, Ձեզ ամենից շատ հուզած կամ տպավորած հատվածը ո՞րն է:

– Ինձ համար ամենահետաքրքիր, իմ մեջ երազանքներ, ցանկություններ շարժող հատվածը «Քաղաքներն ու մարդիկ» գլուխն է, որտեղ հեղինակը պատմում է իրենց Սփյուռքի հետ համագործակցության, վերակառուցված կենտրոնների, տուրիստական վայրերի, բնակչության ազգային սովորույթների ու տարբեր բաների մասին, այնտեղ զարգացման մի ամբողջ պատմություն է, հենց այնտեղ է պատասխանը, թե ինչու Վրաստանն այսօր տարեկան 6 մլն տուրիստ ունի: Անկախ ամեն ինչից, թե մարդիկ դրա մասին ինչ կասեն՝ կեղծ է, ճշմարիտ է և այլն, դա իմ մեջ երազանքներ շարժող հատված է: Դրամատիկ առումով երևի ամենադրամատիկ մասը պատերազմի մասին պատմող գլուխն է, որովհետև պայմանականորեն ասած՝ «պարտված» երկրի դիրքերից գրված նման տեքստ կարդալը հետաքրքիր է: Դրամատիկ բան կա մեջը:

– Ձեր զգացողությամբ՝ որքանո՞վ է հեղինակն անկեղծ եղել ընթերցողի հետ:

– Անկեղծ ասած՝ զուտ արժանահավատության առումով եթե նայելու լինենք՝ գործ ունենք քաղաքական գործչի հետ, ով առաջ է տարել իր քաղաքական տեսակետը, իր դիվանագիտական գիծը, իսկ քաղաքականությունը երբեք ազնվության դաշտ չի եղել ու չի լինելու՝ դա՝ մի կողմից, բայց ընդհանուր առմամբ համոզիչ է, հավատալու է: Տեղ-տեղ ավելի համոզիչ է, տեղ-տեղ՝ ոչ այնքան, մարդիկ, ովքեր կասկածամիտ կգտնվեն, գուցե ոչնչի չհավատան, այսինքն՝ դա տեղեկացվածության, սեփական հավատալու չափի հետ կապված է, էլի, ամեն մեկը մի ձևով կընկալի:

– Գրքի թիրախային լսարանն ովքե՞ր են՝ քաղաքական գործիչներ, գուցե՝ սկսնակ, թե՞ ցանկացած մարդ կարող է այնտեղից իր համար կարևորն ու ուսանելին քաղել:

– Գրքի թիրախային խումբը իմ դիտարկմամբ մարդիկ են, ովքեր իրենց մեջ փնտրում են հետևյալ հարցի պատասխանը՝ իսկ ինչպիսի՞ պետություն ենք ուզում մենք: Ես չեմ ասում, որ պետք է այդ գիրքը կարդալ, ասել՝ այ հենց այսպիսի պետություն ենք ուզում մենք, բայց այդ գրքում քաղաքական ցանկությունների մենյուն ընդլայնելու հնարավորություն կա, այսինքն՝ կարելի է կարդալ ու հասկանալ՝ դա քո ճաշակո՞վ է, թե՞ ոչ: Իհարկե, այդտեղ կան բաներ, որ ինքս էլ կարդում եմ, ասում՝ չէի ուզի, որ մեզ մոտ էլ այսպես դասավորվեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում