Հոգևո ծառայության դժվարին ոլորաններում հոգևորականը հիվանդին հավիտենական կյանքի հույս է բերում․․․

Հոգևո ծառայության դժվարին ոլորաններում հոգևորականը հիվանդին հավիտենական կյանքի հույս է բերում․․․

Սիրելի՛ ընթերցող, վերոնշյալ խորագիրը կրող շարքի շրջանակում մեր երկրորդ հանդիպումը Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ է: Զրուցելու ենք բարդ ու անբուժելի հիվանդությունների դեպքում մարդկանց անհրաժեշտ հոգևոր խորհուրդների առանձնահատկություններից:

Հանդիպման սկզբում տեր Շմավոնն անդրադարձավ այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով են հոգևորականներն այցելում հիվանդանոցներ:

-Մենք մեր նախաձեռնությամբ պարբերաբար հանդիպում ենք հիվանդների հետ, իսկ եթե հովվության տարածքում կա մատուռ ունեցող հիվանդանոց, ապա իրականացնում ենք նաև այդ մատուռի հոգևոր սպասարկումը: Օրինակ՝ Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ծառայելու տարիներին պարբերաբար լինում էի «Նաիրի» բժշկական կենտրոնի Ս. Հարություն մատուռում, որտեղ էլ հենց հանդիպում էի հիվանդներին, բժշկության աղոթքներ ընթերցում:

Իսկ եթե կային այնպիսի հիվանդներ, որոնք չէին կարող իջնել մատուռ, հարազատների միջոցով տեղյակ էին պահում, և ես այցելում էի նրանց: Սա հիվանդներին հոգևոր ծառայություն մատուցելու անհրաժեշտ, բայց դեռևս այդքան տարածում չունեցող տարբերակ է: Այսօր հոգևորականին հիմնականում խնդրում են այցելել հիվանդանոց այն պահին, երբ քահանան հազիվ հասցնում է խոստովանության կարգ կատարել և վերջին հաղորդությունը տալ:

-Ինչպե՞ս է հոգևորականը կարողանում հաղթահարել այն դժվարությունները, որ ծագում են մահացու հիվանդություն ունեցող մարդկանց հետ շփվելիս: Ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ հաջողության հասնելու, այս հիվանդների կյանքում ինչ-որ լուսավոր կետ մտցնելու հարցում:

-Ոչ մի գիտելիք չի կարող օգնել մահամերձ մարդու հետ շփվելիս: Միայն Աստծուց տրված շնորհով ու օրհնությամբ կարող ես գտնել այն խոսքերը, որ թեթևություն կբերեն տվյալ մարդուն, քանի որ չես կարող քարացած մոտեցում ունենալ յուրաքանչյուր հիվանդի հանդեպ: Այն մարդիկ, որոնց մոտ դեռ նոր է սկսվել հիվանդությունը, բավականին ընկճված են լինում, վախենում են մահվանից, որովհետև մտածում են՝ դեռ որքան երկար կյանք ունեին ապրելու: Նրանք մշտապես մի հարց են տալիս. «Ինչու՞ հենց ինձ հետ պատահեց սա, չէ՞ որ բարեպաշտ եմ եղել»:

Երբեմն հիվանդները ոչ ոքի հետ չեն ուզում հաղորդակցվել: Ուստի հանդիպում ենք բարեկամների հետ, բայց հաճախ հարազատներն էլ աջակցության կարիք են ունենում: Բոլորիս շատ անհրաժեշտ է ընթերցել Հոբի գիրքը, որտեղ համբերատարության և Աստծո փառաբանության բազում օրինակներ կան:

-Ինչպե՞ս է հոգևորն օգնում այս հիվանդներին հաղթահարել ողբերգությունը:

-Ոմանք ամենասկզբում չարանում են, երբ իմանում են մահացու հիվանդության մասին. դա պայմանավորված է վերջի, անկարողության զգացումով, հույսի կորստով: Շատ հիվանդներ հոգևոր զրույցի կարիք ունեն, ինչից հետո հանգստանում են: Մարդկանց հիմնականում հաճելի է լսել խաղաղություն բերող աղոթքների ձայնը: Հայերի մոտ սովորություն կա մարդուն մինչև վերջին պահը չասել, որ նա մահացու հիվանդ է: Այս դեպքում նա չի կարողանում հոգևոր առումով պատրաստվել, ուստի հիվանդին բժիշկը կամ հարազատները կամ հենց հոգևորականը պետք է ասեն՝ կյանքիդ օրերը կրճատվեցին, և դու այլևս քիչ ժամանակ ունես հոգուդ մասին մտածելու: Իմացությունը ազատություն է բերում. երբ մարդը տեղյակ է, արդեն ազատ է նյութական ամեն ինչից, մտածում է իր հոգու մասին: Մահացող մարդիկ հավատավոր մեկի ներկայության կարիքն ունեն, որովհետև վախենում են մենակ անցնել անծանոթ ճանապարհը:

-Նոր կտակարանում Իր քարոզներին զուգահեռ Հիսուս Քրիստոս նաև մեծ թվով հիվանդների էր բուժում, ինչը շատ հաճախ պայմանավորված էր հենց ապաքինվողի հավատով: Ի՞նչ խորհուրդ ունի սա մեզ համար:

-Հիսուս ցույց էր տալիս, որ եթե մարդը հավատք ունենա, նրան ոչ մի բան չի կարող հաղթել: Իսկ այսօր մեր հավատքը ոչ միայն շատ տկար է, այլև սպառողական վիճակի է հասել. ինչ-որ բան խնդրելու, ուզելու միջոց է միայն: Երբ Հիսուս Կափառնայում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ և աղաչելով՝ ասաց. «Տե՛ր, ծառաս տանը անդամալույծ ընկած է և չարաչար տանջվում է»: Հիսուս նրան ասաց. «Ես կգամ և կբժշկեմ նրան»: Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես. այլ խոսքո՛վ ասա, և իմ ծառան կբժշկվի…»: Եվ Հիսուս բարձրաձայնեց. «Ասում եմ ձեզ, որ Իսրայելի մեջ իսկ այսպիսի հավատ չգտա երբեք» (Մատթեոս Ը 5-10):

Այսինքն՝ հարյուրապետի հավատի համաձայն՝ նրա ծառան բժշկվում է, ինչը շատ կարևոր օրինակ է: Տերը կարող էր նաև առանց մարդու հավատի էլ բժշկել, բայց կարևորվում է հենց մեր հավատն առ Աստված: Ուստի, երբ հիվանդն առանց հավատի է մոտենում հոգևորականին, պարզապես այդ մի տարբերակն էլ փորձելու մտայնությամբ, ապա կրկին ձախողվում է: Իսկ եթե հավատով է գալիս, ճանապարհից անգամ սկսվում է նրա բուժումը, ինչին ես հաճախ եմ ականատես եղել: Ուրախացել եմ ամեն անգամ նման օրինակներով և փորձել եմ չհպարտանալ՝ հիշելով, որ անոթ եմ, որի միջով անցնում է կենարար զորությունը:

Հարցազրույցը` Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում