Իմաստուն բվեճը

Իմաստուն բվեճը

Կար-չկար՝ թռչունների մի խան կար, որը շատ պահանջկոտ, քմահաճ և փառատենչ կին ուներ։ Այդ կինն ինչ ցանկանար, անում էր, իսկ խանը չէր համարձակվում առարկել նրան։

Մի օր խանի կինը որոշեց թռչնի միս համտեսել։ Խանը հրամայեց կատարել կնոջ ցանկությունը։ Տարբեր թռչունների միս հրամցրին կնոջը․ բոլորն էլ համտեսեց, բայց չգոհացավ կերածից․

– Հիմա էլ բվեճի միս եմ ուզում փորձել, – ասաց նա ամուսնուն։

Խանն արագասլաց ճուռակին ուղարկեց, որ կանրչի բվեճին։

Ճուռակը գտավ բվեճին և նրան հայտնեց խանի հրամանը․

– Խանը կանչում է քեզ։ Տիկինը որոշել է քո միսն էլ համտեսել։

Բվեճը մի քիչ մտածեց և ասաց․

– Ես ցերեկը թռչել չեմ կարողանում․աչքերս չեն տեսնում։

Դու գնա, իսկ ես գիշերը կներկայանամ խանին։

Ճուռակը հետ դարձավ, փոխանցեց խանին բվեճի խոսքերը։ Գիշերն անցավ, ցերեկն էլ անցավ, իսկ բվեճը չկար ու չկար։ Զայրացած կինն սկսեց գոռգոռալ ամուսնու վրա․

– Դու ի՜նչ խան ես, որ բվեճը քեզ չի ենթարկվում։

– Շուտով, շուտով, սիրելիս, – հանգստացրեց խանը կնոջը։ – Նա գիշերը կգա։ Բայց․․․Այդ գիշերն էլ անցավ, իսկ բվեճը չկար ու չկար։ Խանի պալատում իրարանցում սկսվեց ու խառնաշփոթ։ Ծառաները ծվծվում էին, վախենում տիրուհու աչքին երևալ․ չես հասցնի աչքդ թարթել, մեկ էլ տեսար՝ կտցահարեց։ Վերջապես երրորդ օրը ուշ գիշերով բվեճը ներկայացավ խանին։ Մոլեգնած խանը հարցրեց զայրույթով․

– Հեյ, դու, ապակե աչք, ինչպե՞ս հանդգնեցիր ժամանակին չներկայանալ։

– Առաջին գիշերը մի հավքի մեջ հայտնվեցի, իմ խան, ահա թե ինչու չկարողացա ներկայանալ, – հանգիստ պատասխանում է բվեճը։

– Ի՞նչ հավք, – հարցրեց խանը, – ի՞նչ հարց էին այնտեղ քննարկում։

– Վիճում էին, թե փոթորիկից հետո ընկա՞ծ ծառերն են ավելի շատ լինում, թե՞ կանգուն մնացածները։

– Եվ որո՞նք են ավելի շատ, ընկածնե՞րը, թե՞ կանգունները, – հետաքրքրվեց խանը։

– Ընկածներն ավելի շատ են, իմ խան։

– Ինչու՞, – զարմացավ խանը։
– Որովհետև շատ ծառեր, ճիշտ է, չեն ընկնում, բայց ճկվում ու խոնավանում են, և նրանք էլ են ընկած համարվում։

– Իսկ ինչու՞ երկրորդ գիշերը չներկայացար, – դարձյալ մռայլվեց խանը։

– Մեկ ուրիշ հավքի մեջ հայտնվեցի, իմ խան, – անվրդով պատասխանեց բվեճը։

– Այնտե՞ղ ինչ հարց էին քննքրկում, – հարցրեց խանը։

– Վիճում էին, թե տարվա մեջ ավելի շատ գիշե՞ր է լինում, թե՞ ցերեկ։

– Եվ․․․

– Եվ որոշեցին, որ ավելի շատ գիշեր է լինում։

– Ինչու՞, – հետաքրքրվեց խանը։

– Որովհետև ամպամած օրերին արևը չի երևում, և այդպիսի օրն էլ գիշեր է։

– Լավ, իսկ այս գիշեր ինչու՞ չներկայացար, – հարցրեց խանը։

– Քո պալատի մեծ սրահից քիչ հեռու մեկ ուրիշ մեծ հավաքի մեջ հայտնվեցի, իմ խան, – պատասխանեց բվեճը։

– Իսկ այնտեղ ինչու՞ էին հավաքվել, -հետաքրքրվեց խանը։

– Վիճում էին, թե երկրի վրա տղամարդի՞կ են ավելի շատ, թե՞ կանայք։ Որոշեցին, որ կանայք տղամարդկանցից շատ են։

– Ինչու՞, – զարմացավ խանը։

– Որովհետև այն տղամարդիկ, որոնք կանանց հիմար քմահաճույքներն են կատարում, տղամարդ համարվել չեն կարող, իմ խան, – պատասխանեց բվեճը։

– Դա խաների՞ն էլ է վերաբերում։

– Իհարկե, վերաբերում է, իմ խան, – ասաց բվեճը և, ի նշան հնազանդության, փակեց իր բաժակակալների պես կլոր աչքերը։

Խանը ֆսֆսացրեց ու սկսեց մտածել, «Ես իզուր կնոջս կամքը կատարեցի և այդքան թռչուն կոտորեցի»։

Այդ օրվանից նա թռչուններ սպանելն արգելեց կնոջը, իսկ թռչուններն ուրախացան և իրենց շնորհակալությունը հայտնեցին իմաստուն բվեճին։

Տուվայական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում