«Պենդերեցկու հետ շփվելը մեծագույն ուժ է»

«Պենդերեցկու հետ շփվելը մեծագույն ուժ է»

Սերգեյ Սմբատյանը` նոր փառատոնի եւ նվագախմբի նոր անվան մասին

Փետրվարի 13-17-ը Երեւանում կանցկացվի մեր ժամանակի մեծագույն երաժիշտներից մեկին` Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված փառատոն, որը կմիավորի Հայաստանի լավագույն երաժշտական ուժերին` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, «Հովեր» երգչախումբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր եւ փառատոնի համակազմակերպիչ Սերգեյ Սմբատյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է նման փառատոնի իրականացումը:

Հավելեց, որ իր ղեկավարած նվագախմբի եւ հանրահայտ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժորի միջեւ յուրատեսակ զգացմունքային կապ է ձեւավորվել: Սերգեյ Սմբատյանը հիշեց նաեւ, թե ինչպես է 2016-ին իրենց նվագախմբի 10-ամյակի առիթով երաժիշտը ժամանել Հայաստան ու ղեկավարել այն ժամանակվա Երիտասարդական նվագախումբը, որն արդեն վերանվանվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի:

«Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակը նշելու է ամբողջ աշխարհը, եւ մեզ համար մեծ պատիվ է եւ ձեռքբերում, որ իր հոբելյանական տարվա տոնակատարությունները սկսվում են Հայաստանից»,-հայտնեց մեր զրուցակիցը: Նրա ձեւակերպմամբ, անվանի երաժշտի ներկայությունը իր անվան փառատոնին փաստում է, որ Հայաստանում դասական երաժշտության առումով նշաձողը բարձր է:

«Փառատոնին կհնչեն ինչպես իր երգչախմբային գործերից, որոնք Հայաստանում երբեւէ չեն հնչել, նաեւ սիմֆոնիաներից: Ծրագիրը բարդ է, բայց վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի, եւ մաեստրոն կհավանի մեր այդ մոտեցումը: Փառատոնը կտեւի 4 օր` 4 համերգ կլինի, ինչը մեծ իրադարձություն է: Հույս ունեմ, որ հայաստանյան հանդիսատեսը կընկալի այդ բարդ երաժշտությունը: Ու թեեւ խնդիր ունենք մատչելի դարձնել դասական երաժշտությունը, բայց ես շատ կուզենամ, որ մարդկանց այն խումբը, որ հասկանում է դասական երաժշտությունը, հասկանա նաեւ այն, որ պարտադիր չէ միայն դյուրամարս եւ հեշտ ընկալելին ներկայացնելը»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:

Մեր հարցին` ինչպե՞ս Պենդերեցկին արձագանքեց Հայաստանում նման փառատոն իրականացնելու գաղափարին, դիրիժորը պատասխանեց. «Մաեստրոն շատ լավ արձագանքեց: Ինքը նաեւ «Արամ Խաչատրյան» մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմում է, մշտապես լինում է Հայաստանում, ավելին` մեր երկրում ընկալվում է որպես ազգային հերոս: Մենք գտել ենք այն էմոցիոնալ թելը` նրա նախնիների հայկական արմատներ ունենալը, ինչը մեզ օգնում է…

Պենդերեցկու եւ իր նման երաժիշտների լիգայի մարդկանց շատ բարդ է ինչ-որ բան առաջարկել, հատկապես մի բան, որ կփոխի շփման էմոցիոնալ դաշտը, բայց քանի որ Պենդերեցկին հետաքրքրված է Հայաստանով, ավանդույթներով եւ աշխարհին մեր տվածով, դա շատ ռոմանտիկ է ընկալում: Եվ իր համաձայնությունը մեզ համար մեծ պատիվ է:

Ի դեպ, աշխարհի լավագույն մեդիաընկերությունները` Մեցցո-ն, Մեդիչի ալիքը, BBC մյուզիքը, պատրաստ են գալ Հայաստան, եւ նկարել, լուսաբանել փառատոնը»: Սերգեյ Սմբատյանի ձեւակերպմամբ, Պենդերեցկու փառատոնը, «Արամ Խաչատրյան» փառատոնի անցյալ տարվա բացումը` Ջոն Մալկովիչի հետ եւ նման այլ նախագծերը մեզ իրավունք են տալիս ասել, որ Հայաստանն ուժեղ է ինտելեկտուալ պաշարով, տրամաբանված առողջ հավակնություններ ունի եւ նոր ասելիք ունի աշխարհին, իսկ ասելիքի առանցքում դասակամ երաժշտությունն է:

«Պենդերեցկու փառատոնը պրոֆեսիոնալ դաշտում շատ ավելի մեծ հնչեղություն կապահովի, կապացուցի, որ եթե Հայաստանը կարողանում է կազմակերպել ժամանակակից դասական երաժշտության նման փառատոն, ուրեմն որպես ինտելեկտուալ երկիր շատ լուրջ հորիզոնականում ենք»,-վստահ է Սմբատյանը: Նա նաեւ հիշեց ՄԻԴԵՄ երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնը 2015-ին` Կաննում, որին ներկա էր նաեւ լեհ անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ընդ որում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նրա «Սաղմոս 3» ստեղծագործությունը կատարվեց «Հովեր» պետական կամերային երգչախմբի կողմից:

«Զարմանալի էր, որ բոլորը նրան ընկալեցին, որպես հայ կոմպոզիտոր»,-փաստեց Սերգեյ Սմբատյանը: Նա ասաց, որ իր ղեկավարած նվագախմբի համար մեծագույն ուժ է նման մարդու հետ շփվելը եւ պատասխանատվություն ու էլ ավելի կատարելագործվելու մղում:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ միտում էր հետապնդում նվագախմբի անվան փոփոխությունը: «10 տարի առաջ, երբ հիմնվեց Երիտասարդական նվագախումբը, մենք ցանկություն ունեինք ցույց տալ, որ Հայաստանում ունենք նման որակի երիտասարդական ուժ:

Աշխարհում չկա երիտասարդական նվագախումբ, որն ունի պրոֆեսիոնալ համերգաշրջան, երիտասարդական նվագախմբերի ձեւաչափը այն է, որ ձմռանը եւ ամռանն են հանդես գալիս, ինչը կրթական պրոցեսի կատարողական մասն է: Մենք, սակայն, մեր աշխատանքով ապացուցեցինք, որ երիտասարդական նվագախումբը ձեւաչափ է, ապրելակերպ է, անմնացորդ աշխատանք, որը միտված է որակի սանդղակը բարձրացնելուն»:

Սմբատյանը նշեց, որ երիտասարդական նվագախմբի ձեւաչափը, չնայած կայացածությանն ու որակի բարձրագույն նշաձողին, խնդիր է առաջացրել այս կամ այն կայացած փառատոներին մասնակցության համար, դրա համար էլ գնացել են անվանափոխության:

«Աշխարհը երիտասարդական նվագախումբն ընկալում էր որպես ուսանողական կրթական պրոցեսի մի մասնիկ, ինչը պրոֆեսիոնալ կատարողական արվեստում համարվում է երրորդ պլան: Դա մեզ ստիպեց գնալ անվանափոխության: Այժմ արդեն մենք մտածում ենք ինչպես մերժել հրավերները լավագույն համերգասրահներից, բայց այնպես մերժել, որ կարողանանք կապը պահել»,-հավելեց նա:

Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իրենք շարունակում են հաղթարշավը որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, եւ Մալթայի մայրաքաղաքում կայանալիք փառատոնին իրենց նվագախումբն է հրավիրված Հայաստանից, մարտի 28-ին էլ Համբուրգում են հանդես գալու ու բոլոր տոմսերն արդեն սպառված են: «Աշխարհը սպասում է նոր նվագախումբ եւ հնչողություն: Ու մեր դրսի հաղթանակները հնարավորություն են տալիս հավատալու մեր արած գործին»,-ասում է նա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում