USD
EUR
RUB

Տխուր մարդը

 
 

Տխուր մարդը չէր ուզում, որ իրեն այդպես կոչեն, բայց չգիտես ինչու եւ չգիտես ծանոթներից ով առաջինը նրան անվանեց տխուր մարդ, եւ անունն անցավ բերնեբերան, դարձավ մարդուց անբաժանելի ածական:

Տխուր մարդը քնում էր սովորական մարդկաց նման, գիշերը մարդավարի երազներ էր տեսնում, հաճախ ննջում էր հեռուստացույց նայելիս, սիրում էր քաղցրեղեն ու կաթով ապուր, թեեւ նախավերջինիս համար միշտ չէ, որ գումար էր ունենում, իսկ վերջինիս համար՝ պատրաստող ձեռք չկար:

Հարևան Մանիկ տատին միշտ նրա համար ժենգյալով հաց էր բերում, երբ թխում էր, իսկ նա չէր հրաժարվում:

-Զը՜նգգգգգգ. դռան զանգն է:

Ահա եւ Մանիկը՝ ծաղկավոր խալաթով ու սպիտակ մազերը կոկիկ հավաքած, ձեռքին՝ ժենգյալով հացի բույրը:

-Տխո՞ւր ես,- հարցնում է Մանիկը ժենգյալով հացը տալուց առաջ:

-Չէ, լավ եմ, – ասում է մարդը:

-Է՜, բախտ բաժանողի ինչն եմ ասել, բա մարդ մենա՞կ կմնա էդ տարիքում:

Վերջին բառը մարդուն հիշեցնում է, որ ինքը թոշակառու է: Հիշեցնում է նաեւ, որ ինքը ռեւմատիկ ցավերից հազիվ է քայլում, իսկ դեղերը գնելու համար դեռ պետք է սպասել մեկ, երկու, երեք… 50 հազար դրամ թոշակին: Թոշակն էլ ուշանում էր, թոշակն էլ ասես սովորել էր սիրահար աղջկա պես իրեն սպասել տալ ամեն անգամ: Ախ թոշակ, թոշա՜կ…

Մտքերը գալիս ու կանգ են առնում դռան շեմին, Մանիկի հենց կողքին, բայց դրանց սպասող չկա, անկոչ հյուրերին պետք է քշել, ուրիշ մտքեր ներս հրավիրել…

-Ի՞նչ լավ հոտ ունի,- ասում է մարդը՝ քիթը քսելով թարմ կանաչիի բույրին:

-Անուշ լինի,- այս ասելով Մանիկը թեքվում է դեպի աստիճանները: Մանիկի ձայնը խառնվում է սեփական ոտքերի թմփթմփոցին, որն ամեն անգամ կարծես ավելի ուժգին է լսվում:

Մարդը կանգնում է դռան մոտ այնքան, մինչեւ Մանիկի ոտնաձայները մարում են երկրորդ հարկում: Չգիտես ինչու նրան դուր էր գալիս այդ թմթմփոցը, ասես՝ շրջապատում ամեն բան անկենդան էր ու դա էր միակ կենդանության նշանը: Ամեն անգամ, երբ նա գալիս-գնում էր, երբ ոտնաձայները լռում էին, մարդը տուն էր մտնում եւ մի կողմ դնում վերցրածը: Արդեն քանի տարի է՝ Մանիկը նրա համար ժենգյալով հաց էր բերում ու քանի տարի է՝ անտեղյակ էր, որ մարդը այն չի ուտում, միայն հոտ էր քաշում ու մի կողմ դնում: Թե ինչո՞ւ չէր սիրում, ինքն էլ չգիտեր երևի կամ էլ՝ այդ մասին ինքն իրեն հարց տալու ժամանակ չէր ունեցել երբեւէ:

Հաջորդ օրը, երբ ճարպիկ քայլերով Մանիկը կիջներ հարակից շենքների բակերն ավլելու, իսկ տխուր մարդը առավոտ կանուխ չգիտես ինչու կհայտնվեր բակում, նա կհարցներ.

-Հը՞, համով էր:

-Ինչպես միշտ՝ շատ համով…

Հետո Մանիկն իրենից գոհ-գոհ կավլեր փողոցը, եւ մարդը կոշտ ցախավելի կոշտ խշխշոցն ու փոշու խեղդող հոտն իր հետ բնակարան կտաներ:
Հետո կգար լույսի մարդն ու կասեր.

-Եթե մինչեւ ամսի 20-ը չմարեք հոսանքի պարտքը, ստիպված կլինեմ ձեր հոսանքն անջատել:

Անջատե՜լ. այդ բառը կմխրճվեր ուղեղի մեջ, երանի այդ բառը միայն լույսի մարդը արտասաներ ու այն միայն լույսի անջատելը բնորոշեր: Բայց այդ բառը ախր շատ կործանիչ է, այն կարող է կանգնել երկու մարդու միջեւ՝ մեկին տանել հյուսիս, մեկին՝ հարավ, նրանց միջեւ դառնալ քաղաք, երկիր, անգամ՝ ծով, օվկիանոս, գետ, ինչ-որ նեղուց: Իսկ դրանից հետո հաճախ շատ դժվար էր լինում մարդու եւ մյուս մարդու միջեւ կամուրջ ստեղծել, որովհետեւ մարդը, ով անջատված է մարդուց այդքան հսկա տարածությամբ, շատ հաճախ հնարավորություն չի ունենում հատելու այն: Իսկ ի՞նչ է պետք հատելու համար՝ թղթի երկու կտոր. մեկը թղթադրամ, մյուսն էլ՝ մի կտոր տոմս: Տեսնես ո՞վ է հնարել, որ այդպես՝ թղթի երկու կտորով կարելի է մարդուն անջատել ու նորից ետ բերել մարդու մոտ…

Տխուր մարդն իր տխուր ճակատագիրն ուներ. կինը մահացավ, երբ իրենց միակ որդին՝Սահակը, երեք տարեկան չկար: Մի օր, դրանից չգիտեմ քանի օր հետո, եղած-չեղած, մոտիկ-հեռու բարեկամները հավաքվեցին, խորհուրդ արեցին, ու որոշման մասին հայտնեցին մարդուն. «Հարկավոր է նոր կին բերել, որ երեխուն մայրություն անի, էդպես տխուր ու գլխիկոր ինչքա՞ն պիտի մնա»:

«Խորթ մա՜յր…մայրը ինչպես կարող է խորթ լինել, եթե խորթ է, ուրեմն էլ ինչ մայր, ախր այդ երկու բառերը չի կարելի իրար կողքի դնել: Եթե խորթ է, ուրեմն հարազատ չի կարող դառնալ»,-ասաց մարդն ինքն իրեն ու մերժեց «բարեկամների խորհրդի» որոշումը:
Հետո եկան դժվար օրերը. պետք էր երկու տեղ աշխատել, որպեսզի Սահակը ընկերներից հետ չմնար ոչ մի բանով, իսկ երեխան պահանջկոտ էր: Մի օր ականջակալներով մագնիտոֆոն կուզեր, մի օր լուսանկարչական ապարատ, մի օր էս, մի օր էն. որոշ «էս էն»-ի անուններն էլ անծանոթ էին մարդուն, եւ երբ Երևանից բերել տվեց ու տեսավ, թե ինչպես է աշխատում «էս էն»-ը որդու ձեռքին, շատ ուրախացավ, որ իր որդին իրենից շատ բան գիտի:

Մի օր էլ Սահակն ասաց.

-Պա՛պ, հերիք է ինչքան էս փլվող շենքում ապրել ենք, ուզում եմ գնալ փող աշխատել, կգամ մի նորմալ տուն կառնենք, մարդավարի կապրենք:

Ու գնաց. արդեն քանի տարի. այդպես էլ որդին հետ չեկավ, ու այդպես էլ մարդը չիմացավ, թե մարդավարի ապրելն ինչ է. ախր կիսատ մարդը մարդավարի ո՞նց ապրի, իսկ որդին…տեսնես նա կարողացա՞վ այնտեղ մարդավարի ապրել, թե՞ …Չէ, օտար տեղը ինչ մարդավարի ապրել, հաստատ մի օր կգա…

Տխուր մարդը, որ տխուր չէր, պարզապես նրան այդպես էին կոչում, սուրճի բաժակը մոտեցրեց շուրթերին: Կարոտի համը սուրճի հետ թափանցեց բերանը: Ուրեմն՝ կարոտը սուրճի համ ունի. առաջին անգամ մտածեց եւ կուլ տվեց դառնությունը: Հաջորդ անգամ մի քիչ շաքար կավելացնեմ, հերիք է ինչքան դառն եմ խմել, տեսնեմ կփոխվի սուրճի կամ էլ կարոտի համը. առաջինը հաստատ կփոխվի, իսկ երկրո՞րդը…Կարոտի դառնությունը բերանում պահած՝ մտքերով ընկավ: Մի կողմ դրեց բաժակը, էլ չէր ուզում խմել: Առաջին անգամ ատեց բաժակը, կամ էլ՝ բաժակի պարունակությունը, կամ էլ՝ պարունակության համը, կամ էլ…Նա ատեց բոլոր կամ-երը, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ…Չարանալը լավ չէ, առողջությանն էլ վնաս են վատ մտքերը, բայց որտեղի՞ց գտներ լավ բան, ուրախ բան, քաղցր բան: Նա լավ բան էր ուզում, այնքան լավ, որ ուտելուց բերանը չդառնանա, որ կուլ տալուց հետո սիրտը հովանա, որ քաղցրությունը երկար մնա բերանում, որ….կարոտն էլ մի թեթեւ քաղցրանա….որ….որ…որ…

Դռան զանգը հնչեց երկու անգամ.

-Զը՜նգգգգգ….զը՜նգգգգգ….

Լույսի մարդն էր….

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ
Արցախ, 2017

 

Լրահոս
Ուրարտուի արվեստը կներկայացվի Բրիտանական թանգարանում Սեն Հովհաննիսյանը` Արա Գյուլերի հետ հանդիպման ու նրա հումորի մասին Հող հայրենի Ամենասուրբ Երրորդութեանն Լևոն Խեչոյան․ Այգին «Աշխարհին ապացուցել եմ, որ ես էլ ես եմ» «Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Սբ. Հովհան Մանդակունի․ Անասնամոլների, իգամոլների և արվամոլների մասին Ինչպես լուսանկարչության գագաթը հայտնվեց Արարատի գագաթին Պատվավոր «Օսկարի» դափնեկիրները Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին
website by Sargssyan