Ամեն ծառ իր պտուղն ունի

Ամեն ծառ իր պտուղն ունի

Այգում տեսակ-տեսակ ծառեր են աճում, որոնք նույն հողի վրա են տնկված և նույն ջրով են սնվում, բայց այգու տերը յուրաքանչյուր ծառից նրա պտուղն է ուզում։ Այդպիսի այգի է նաև Աստծու եկեղեցին, և բոլոր քրիստոնյաները ծառեր են, որոնք ավազանի մեջ նույն հոգին են ստացել, բայց Աստված զանազան պտուղ է ակնկալում նրանցից․ այլ պտուղ՝ քահանայից, այլ՝ թագավորից, այլ՝ իշխանից, այլ՝ դատավորից։ Իշխանի և դատավորի պտուղն այս է՝ դատաստանն անկաշառ անել և հարուստին աչառու չլինել, այլ ճշմարտությունը ճշմարտությամբ կատարել։…

Եթե ցանկանաք քաղաքի դատավոր ընտրել, այնպիսի մարդու ընտրեք, որի խելքը նրա իշխանն է, ով իր կյանքը ճիշտ է վարում ու զարդարում իր բարքը։ Այնպիսի մարդը կարող է մի ամբողջ տան շահ բերել։ Եվ ով կարող է մի տուն կարգուկանոնի մեջ պահել, (կառավարել) կնոջը, որդիներին, մշակներին, ծառաներին, այն մարդը մի քաղաք էլ կարող է կարգուկանոնի մեջ պահել։

Խելացիները լավ մարդուն երեք բանով են ճանաչում․
ա․ Երեսի կերպարանքով․
բ․ Լեզվի խոսքով
գ․ Գործով։
Սկզբից երեսին են նայում, որովհետև երեսը սրտի հայելին է։ Դրանից հետո խոսքն են ճանաչում, որ սրտից է գալիս և ապա գործերի մասին խորհում՝ թե ինչ մարդկանց հետ, որ նա շրջում է նրանց գործն է սովորում։ Սրանով է ճանաչվում վատն ու լավը։

Չորս բանով է մարդու տունը շեն մնում։

ա․Երբ հավատարիմ է իր կնոջ հանդեպ․
բ․ Սեր ունի որդիների նկատմամբ․
գ․ (նրանց) սնուցում է Աստծու երկյուղով և
դ․ Իր հրամանները պահպանում է ճորտերի ու ծառաների հանդեպ։

Եվ իր տան ելնումուտը չափավոր է։ Եվ ելն ու մուտը պետք է համապատասխանեն իրար․․․

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԵՐԶՆԿԱՑԻ
Մի հատված Վարդապետի նամակից
ուղղված Եկեղյաց գավառի իշխաններին

Պատրաստեց Տեր Հովսեփ քահանա Հակոբյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում