Հայկական դիմակահանդեսի հետքերով

Հայկական դիմակահանդեսի հետքերով

Ուրախություն, խրախճանք, հյուրասիրություն, թատերական ներկայացումներ, երգ, պար։ Երկու շաբաթվա ընթացքում Երևանը նշելու է Բուն բարեկենդանի տոնը։ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն մի քանի տարի այս տոնը բացառիկ հնչեղություն է ստանում և վերադառնում է ժողովրդական ակունքներին:

Մինչ Բուն բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի փետրվարի 11-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ։ Այս տարի առաջին միջոցառումը տեղի ունեցավ Նոր Նորքի առաջին զանգվածի Ս. Աստվածածին եկեղեցու բակում, իսկ հունվարի 30-ին հերթը Դավթաշենինն էր։

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Հունվարի 30-ին Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում կյանքը եռում էր։ Ավանդական ուտելիքներ, դիմակներ, երգ, պար. վարչական շրջանի դպրոցների, եկեղեցուն կից Ս. Հովհան Ոսկեբերանի անվան դպրոցի և վարչական շրջանի բոլոր մշակութային և կրթական կենտրոնների սաները տոնը վերածեցին իրական ժողովրդական խնջույքի։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը ներկայացրեց տոնի խորհուրդը և պտտվեց բոլոր տաղավարների կողքով, որոնք պատրաստվել էին դպրոցականների կողմից։

«Այս տեսակ միջոցառումներն օգնում են ծանոթանալ ավանդույթներին, մոտենալ արմատներին։ Եվ սա վերաբերվում է թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրերին», – ասում է Դավթաշեն վարչական շրջանի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Թամար Մարտիրոսյանը։

Միջոցառման համար պատրաստված ավանդական ուտելիքները մասնակիցները որոշել են հյուրասիրել վարչական շրջանի Ցերեկային խնամքի կենտրոնի տարեցներին։

Բուն բարեկենդանին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև փետրվարի 11-ը։ Հայկական դիմակահանդեսի հետքերով կհանդիպենք Երևանի բոլոր վարչական կենտրոններում։

Հասմիկ Թամամյան Արարատյան Հայրապետական թեմ

Հետևեք մեզ նաև Telegram-ում