«Տար ինձ ժամանակ». Տեղի կունենա Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն

«Տար ինձ ժամանակ». Տեղի կունենա Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն

«Տար ինձ ժամանակ» խորագրի ներքո Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում փետրվարի 19-ին, ժամը 19:00 տեղի կունենա հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանի (սոպրանո) հեղինակային երգի երեկոն: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Համերգի առաջին բաժնում կհնչեն Աֆրիկյանի երաժշտությամբ ռոմանսներն ու երգերը, որոնց տեքստերի հեղինակներ են Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Մայա Աֆրիկյանը: Համերգի երկրորդ հատվածում էլ կներկայացվեն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանի ստեղծագործությունների տեքստերով երգեր:

Համերգին կմասնակցեն միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը և օպերային երգչուհի Դիանա Հարությունյանը: Երեկոյի կոնցերտմեյստերն ու կազմակերպիչն է Հասմիկ Մարտիրոսյանը: Համերգը կվարի ասմունքող Գայանե Սամվելյանը:

Այս միջոցառումը 80-ից ավելի երգերի և ռոմանսերի հեղինակ Մայա Աֆրիկյանի առաջին հեղինակային երգի երեկոն չէ: Նրա նախորդ համերգային երեկոն տեղի է ունեցել 2015-ին, և այս «Տար ինձ ժամանակ» խորագրով համերգը սպասված է արտիստի համար: Մայա Աֆրիկյանը փաստում է՝ իր նպատակն է հանրությանը ներկայացնել իր հեղինակային ստեղծագործությունները: «Տար ինձ ժամանակ» խորագրի հիմքն էլ Համո Սահյանի տեքստն է, և լիովին համապատասխանում է հեղինակ-կատարողի ներկայիս հոգեվիճակին:

Տեղեկացնենք, որ Մայա Աֆրիկյանը 2003 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երևանում, Արցախում, արտերկրում: 2017 թ. Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնին Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում