Չինացի դիրիժորը խոստացավ ղեկավարել հայ կոմպոզիտորի երկ

Չինացի դիրիժորը խոստացավ ղեկավարել հայ կոմպոզիտորի երկ

Սակայն նա պայման ունի՝ ակնկալում է համապատասխան գրականություն

Դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը «Առավոտի» հետ զրույցում (12.11.2016թ.) առաջին անգամ հայաստանցի հանդիսատեսին ներկայացած չինացի դիրիժոր Ջեյմս Փ. Լիուի արվեստի մասին այսպես էր արտահայտվել. «Բեթհովենի դաշնամուրի երկրորդ կոնցերտի կատարմամբ հանդես եմ եկել տարբեր դիրիժորների ընկերակցությամբ: Պետք է նշեմ, որ կոնցերտի մեկնաբանման հարցում ոչ թե դիրիժորն է ղեկավարում, այլ մենակատարը՝ լինեմ ես կամ մեկ այլ երաժիշտ: Ի պատիվ չինացի դիրիժորի, նա առաջին փորձից հասկացավ ինձ եւ կարողացավ «հավաքել» նվագախումբը»: Իսկ հայ հանդիսատեսը առիթի դեպքում հիշում է այս դիրիժորի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիայի մեկնաբանությունը:

Սինգապուրաբնակ չինացի դիրիժորը կրկին Երեւանում է: «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 2-ին կայանալիք համերգում, դարձյալ ֆիլհարմոնիկի հետ, կհնչեն Դվորժակի «Սկերցո Կապրիչոզոն», Սիբելիուսի առաջին սիմֆոնիան, իսկ գերմանացի դաշնակահարուհի Կատարինա Փրոյթլերի կատարմամբ էլ նույն երեկոյի ընթացքում՝ Մոցարտի դաշնամուրի եւ նվագախմբի 12-րդ կոնցերտը:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության հրավերով սա արտասահմանցի երաժիշտների երկրորդ այցն է Հայաստան: Մեզ հետ զրույցում Ջեյմս Փ. Լիուն ասաց, որ 2004-ից հանդիսանում է Ուհանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը ու հենց առաջին տարում վերակազմավորելով այն, ղեկավարել է 80-ից ավելի համերգներ: Իսկ 2011-ից հիմնադրել է Ուհանի միջազգային դաշնամուրային փառատոնը ու մինչ օրս էլ հանդիսանում է նրա գեղարվեստական ղեկավարը: Ջեյմս Փ. Լիուն հավաստիացրեց նաեւ, որ ոչ միայն Չինաստանում, այլ իբրեւ հյուրախաղորդ երաժիշտ Եվրոպայի ու Ամերիկայի նվագախմբերի հետ ունի խիտ գրաֆիկ: 

Դիտարկմանը՝ եթե երկու կամ ավելի անգամ է համագործակցում մեկ նվագախմբի հետ, այս դեպքում՝ Հայաստանի ֆիլհարմոնիկի, ապա պետք է տպավորված լինի նվագախմբի հետ աշխատանքից: Խնդրեցինք նաեւ համեմատական անցկացնել մեր եւ արտասահմանյան նվագախմբերի միջեւ, շեշտելով, որ, այնուամենայնիվ, համեմատությունը արվեստի ոլորտում չենք ընդունում: «Ասիական եւ արեւմտյան նվագախմբերը տարբերվում են միմյանցից, ավելին՝ նույնիսկ Եվրոպայում, օրինակ, չես կարող համեմատել իսպանականը իտալականի հետ եւ այլն: Առաջին այցիս ժամանակ համոզվեցի, որ ձեր նվագախմբի երաժիշտները շատ կրքոտ են: Մինչ օրս ականջիս հնչում է նախորդ այցիս ժամանակ Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիայի երկրորդ մասում թավջութակահարների խմբի նվագը: Դա իսկապես հուզիչ էր…»,- ասաց մաեստրոն:

Հիշեց նաեւ իր ղեկավարությամբ 2016թ. Ուհանի ֆիլհարմոնիկի հետ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի կատարմամբ Խաչատրյանի ջութակի կոնցերտի մեկնաբանությունը. «Շատ եմ լսել հայ կոմպոզիտորի կոնցերտի տարբեր կատարումներ, բայց երիտասարդ երաժշտի մեկնաբանությունը հրաշք էր…»:

Զրույցի ընթացքում դիրիժորը նշեց, որ իր ստեղծագործական կյանքում եղել են այնպիսի առաջարկներ, որոնք մերժել է, հետո էլ հավելեց, թե դա չի վերաբերում Հայաստանի ֆիլհարմոնիկին, որի առաջարկները սիրով ընդունել է ու կընդունի: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ խոստանո՞ւմ է հաջորդ գալստյանը ղեկավարել նաեւ հայ հեղինակի ստեղծագործություն, Ջեյմս .Փ Լիուն ժպտալով պատասխանեց.

«Խոստանում եմ, միայն մի պայմանով՝ Հայաստանից մեկնելիս ունենամ համապատասխան գրականություն»: Կարծում ենք՝ երաժշտի պայմանը կբավարարի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում