Գրիգոր ծաղկող և Քարահատի դպրոցը

Գրիգոր ծաղկող և Քարահատի դպրոցը

Գրչության նշանավոր կենտրոն է գործել Գանձակի Քարահատ գյուղում, թերևս Գարդման գավառի ամենաբեղմնավոր կենտրոնը: Կենտրոնն ունեցել է իր գրատունը, մատենադարանն ու կազմատունը, որտեղ գրիչները արտագրել, ծաղկել, նաև կազմել են ձեռագիր մատյաններ: Քարահատում որպես գրիչ և ծաղկող հայտնի էր Գրիգոր քահանան: Նա գրչության արվեստի լավագույն գիտակ էր, միաժամանակ ուսուցանում և իրեն արժանի փոխարինողներ էր պատրաստում: Գրիգորը գրչագրելու ու ծաղկելու արվեստը փոխանցել է իր երկու որդիներին՝ Բարսեղին և Ղազարին, որոնք գրչության ու նկարազարդման արվեստում գրեթե չէին զիջում իրենց հորը:

Առաջին անգամ Գրիգորին հանդիպում ենք 1655 թ., երբ նա ծաղկազարդում է Ավետիսի օրինակած Ավետարանը, վերջին անգամ՝ քսան տարի հետո՝ 1676 թ., երբ վախճանվում է Գրիգորը, և նրա կիսատ թողած գործը ավարտում է ավագ որդին՝ Բարսեղը: Գրիգորն օգտագործում է հարուստ ներկապնակ՝ նկարելով բացառապես պայծառ ու վառ երանգներով: Այդպես են նկարում նաև նրա աշակերտները: Գրիգորից, Բարսեղից և Ղազարից մեզ բազմաթիվ ձեռագրեր են հասել, որոնք բոլորն էլ նկարազարդված են ճաշակով ու վարպետորեն:

1655 թ. Ավետիս քաջ քարտուղարը օրինակել է Ավետարան Ղուկաս րաբունապետի և նրա աշակերտ Պետրոս կաթողիկոսի խնդրանքով (ՄՄ ձեռ. 3196): Գրիչը գրել է լավ մշակված մագաղաթի վրա գեղեցիկ ու համաչափ: Նրա մահից հետո ծաղկազարդումը Պետրոս կաթողիկոսի պատվերով հանձնարարվում է Գրիգոր քահանային: Գրիգորը «խոց լերդով եւ թախիծ կսկծալի սրտիւ, հողամած դիմօք» ավարտում է այն՝ ոսկով և բազմերանգ գույներով նկարելով երկու թեմատիկ նկար, ավետարանիչների պատկերները, կիսախորանները, լուսանցազարդերն ու զարդագրերը: Գրիգորը կազմում է նաև մատյանն արծաթյա զարդարուն կրկնակազմով. Ա փեղկին Աստվածամայրն է մանկան հետ, Բ փեղկին՝ խաչված Հիսուսը՝ աջ ու ահյակ կողմերում Աստվածամայրն ու Հովհաննես ավետարանիչը, ներքևում և վերևում՝ հրեշտակներ, իսկ դռնակին ավետարանիչների խորհրդանիշ չորս մետաղադրոշմներ են:

Սա Գրիգորից մեզ հասած առաջին մատյանն է, որին նա վերաբերվել է «որպես որդի հարազատ, առեալ աղերս ինչ ի ձեռաց հօր իւրոյ, եւ ետու ձեռն՝ զարդարել ըստ իմում անվարժ տկարութեամբս»: Իսկ Պետրոս կաթողիկոսը, երբ ստացել է մատյանը «ուրախ եղեւ, իբրեւ ընծա ի վերուստ առաքեալ»: Գլխավոր հիշատակարանում գրիչը հիշում է Եղիշե առաքյալի ուխտի միաբան քաջ վարդապետ Կիրակոսին, Գանձասարի միաբաններ Աստվածատուր արքեպիսկոպոսին, Հովհաննես, Եղիա և Մինաս եպիսկոպոսներին, դպրապետերին ու դպիրներին:

1657 թ. Գրիգորը կաթողիկոսի համար գրում ու ծաղկազարդում է «Խորհրդատետր» (Երուսաղեմ, ձեռ. 2273): Նույն թվականին Միրզան իր ծնողների՝ Նավասարդի և ափառուկի հիշատակին Գրիգորից խնդրում ու ստանում է Ավետարան: Գրիգորը արտագրում է մատյանը, նկարում է նաև ավետարանիչների պատկերներն ու խորանները՝ իրենց գլխագրերով ու լուսանցազարդերով՝ օգտագործելով նաև ոսկի, իսկ մյուս լուսանցազարդերն ու գլխագրերը թողնում է նորուսում մի նկարչի (ՄՄ ձեռ. 6873):

Գրիգորից մեզ հայտնի չորրորդ մատյանը մագաղաթյա շքեղ մի Ավետարան է, որ նա 1659 թ. Քարահատի Սուրբ Աստվածածին եկեղեցում օրինակել և «երբներբն գունովք եւ ոսկեզօծ որակօք» ծաղկազարդել է տեր Տերունի համար Եղիա միայնակյացի խնդրանքով: Ավետարանը հետո դարձել է նյույորքաբնակ Արսեն և Արման Փուշմանների սեփականությունը: Քանի որ գրչության արվեստով ու ներքին հարդարանքով Ավետարանը շատ էր շքեղ, տարիներ հետո Եղիան ու Մխիթար միայնակյացը ցանկանում են արտաքին տեսքն էլ պատշաճ տեսնել և կազմի Ա փեղկին արծաթյա խաչելության պատկեր են ավելացնում: Ավետարանը 6000 դեկանով գնել են Սարգիսն ու նրա կողակից Ոսկանձը: 1675 թ. Ավետարանը դարձել է Ղարամուրատ անապատի սեփականությունը: Իսկ 1747 թ. Ավետարանը պատկանել է մելիք Բաղիի դուստրերին՝ Հռուբսիմեին, Դավլաթին և Շահանդուխտին:

Գրիգորը 1662 թ. ստանում է կաթողիկոսական նոր պատվեր: Նա Պետրոս հայրապետի համար գրում ու ծաղկում է երրորդ մատյանը, այս անգամ մագաղաթյա «Տոնացույց» (ՄՄ ձեռ. 10743): Մեկ տարի հետո Քարահատում Գրիգորը Սանդուխտի խնդրանքով գրում ու նկարազարդում է «Շարակնոց», դարձյալ զարդարում ոսկով ու բազմազան գույներով (ՄՄ ձեռ. 10044):

1665 թ. Գրիգորը արտագրում է մի «Ժամագիրք» և նկարազարդում (ՄՄ ձեռ. 9448): Այս թվականին նա Չարեքա անապատի Սարգիս րաբունապետի համար ծաղկազարդում է «Ճաշոց»՝ նկարելով թեմատիկ պատկերները, կիսախորաններն ու զարդամոտիվները և կազմում մատյանը (ՄՄ ձեռ. 986):
(շարունակելի)

Թամարա ՄԻՆԱՍՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում