Գողացած բանը փոր չի կշտացնի

Գողացած բանը փոր չի կշտացնի

Մի մարդ երկու որդի ուներ։ Երբ մեծացան, հայրն ասաց․

– Զավակներս, ժամանակն է, որ դուք ինքնուրույն գործով զբաղվեք․ ձեզանից ո՞վ ինչ է ուղզում անել։

Որդիները լռել էին․ չգիտեին, թե ի՞նչ գործ ընտրեն։

– Որ էդպես է, – ասաց հայրը, – եկեք գնանք, աշխարհ ման գանք, տեսնենք՝ մարդիկ ի՞նչ գործեր են անում։

Պատրաստվեցին, ճամփա ընկան։ Որդիներն ամեն բնակավայրում նայում-զննում էին, թե մարդիկ ինչո՞վ են զբաղվում, մտածում էին, թե իրենք ի՞նչ գործ ընտրեն։

Հասան մի գյուղ։ Տեսան՝ արոտավայրի ծայրին դարբնոց կա։ Ներս մտան, դարբնին բարևեցին, հետը մի քիչ զրուցեցին։ Ավագ որդին նույնիսկ մուրճը ձեռքն առավ, օգնեց դարբնին խոփ կռել։ Հետո շարունակեցին իրենց ճամփան։

Մոտեցան մի ուրիշ գյուղի։ Ավագ որդին դես նայեց, դեն նայեց, տեսավ գյուղում դարբնոց չկա, հորն ասաց․

– Ինչու՞ էս գյուղում էլ դարբնոց չբացել։ Ես կկարողանամ էստող դարբին աշխատել․ դարբնությունն ինձ դուր է գալիս։

Հայրն ուրախացավ․ «Ավագ որդիս իր ապրուստի միջոցը գտավ», – մտածեց նա։

– Լավ, – ասաց նրան, – էս գյուղի դարբինը դարձիր։

ՈՒ մի որդուն դարբին կարգեց։ Սա սկսեց դարբնություն անել․ գյուղի մարդիկ նրան գովում էին, ինքն էլ գոհ էր իր աշխատանքից։

Կրտսեր որդին ինչքան թափառեց, իր ճաշակով ոչ մի գործ չճարեց։ Մի օր էլ հոր հետ անցնում էր մարգագետնով։ Տեսավ մի եզ է արածում։ Գյուղը հեռու էր, հովիվ էլ չէր երևում։

– Հայրիկ, իսկ ես չսկսե՞մ եզան գողությամբ զբաղվել, – ասաց նա։ – Հեշտ գործ է, համ էլ ամեն օր միս կունենանք, ես էլ եզան պես գիրուկ ու առողջ կլինեմ։

– Գողացիր, – ասաց հայրը, – քեզ էլ հենց ման եմ ածում, որ մշտական մի զբաղմունք ընտրես։

Որդին եզն առավ ու դեպի տուն քշեց։ Հայրն ասաց․

– Անտառի եզրին սպասիր ինձ, ես էս գյուղը մտնեմ, մի ծանոթ ունեմ, նրան տեսնեմ ու գամ․․․

Որդին եզը քշում էր ու հետն էլ գայլի պես չորս կողմը նայում․ հո որևէ մեկը հետևից չի՞ ընկել։ Մինչև անտառ հասավ, կարգին վախեցավ, վախից սիրտը խառնում էր։ Անտառի եզրին սպասեց, մինչև հայրը եկավ, ու միասին եզը տուն տարան։ Մորթեցին, քերթեցին, միսը եփեցին։ Երբ նստեցին ուտելու, հայրն ասաց․

– Գիտե՞ս ինչ, տղաս, բեր երկուսիս չափն էլ առնենք, որ տեսնենք, թե եզն ուտելուց հետո մեզանից ով ինչքան է չաղանալու։

ՈՒ թելն առավ, իր ու որդու վիզը չափեց, հանգույցներ արեց։ Սկսեցին միսն ուտել։ Հայրը հանգիստ ուտում էր, իսկ որդու աչքը միշտ դռանն էր․ հանկարծ եզան տերը չգա՞․․․ Հենց որ շունը հաչում էր կամ խրճիթի մոտով մարդ էր անցնում, որդին միսն առնում, թաքնվում էր խորդանոցում, վախից ձեռքն ու ոտքը դողում էին․․․

Ամեն օր նույնն էր, մինչև որ վերջապես եզը կերան պրծան։

Հայրը որդուն ասաց․

– Դե, հիմա եկ, վզներս չափենք, տեսնենք մեզանից ո՞վ է չաղացել։

– Չափեցին, հոր վիզը երկու անգամ հաստացել էր, որդունը՝ երկու անգամ բարակել։

Որդին զարմացավ․

– Էդ ինչի՞ց է։

– Նրանից է, որ դու գողացած եզ ես կերել:

– Բայց չէ՞ որ դու էլ ես նույն գողացածը կերել։

– Ոչ, ես էն գյուղը մտա, եզան գինը տիրոջը վճարեցի և հանգիստ սրտով էի ուտում, դրա համար էլ չաղացա, իսկ դու, հենց որ սեղան էիր նստում, վախը վզիցդ բռնում ու խեղդում էր, դրա համար էլ վիզդ բարակել է։ Գողացած բանը փոր չի կշտացնի, զավակս։

Բելառուսական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում