Միներվա

Միներվա

Քո ձեռքի հիշողությունից ցավեցնող բողբոջել է իմ դռան բռնակը,
ուզում ես նկարներ դիտել, խնդրեմ, դիմիր երաժշտությանը չհնչած,
ուզում ես երաժշտություն լսել, դիմիր բառերին պարզ, չհորինված,
ուզում ես կարդալ բանաստեղծություն, համեցեք, դիմիր վրձնին արեւի,
ուզում ես հասկանալ քեզ, չգիտեմ ում դիմել, եթե՝ ոչ ինձ։

Քո գալու բույրից օդը դողում է անընդհատ, տերեւները խփոց են սրտի,
երբ նայում ես ինձ, թվում է՝ աչքերդ թեւեր են եւ դու թռչում ես,
երբ խոսում ես, բառերը դառնում են աղբյուր եւ դու հոսում ես,
երբ ժպտում ես ինձ, ծաղիկը կրակ է դառնում ու դու բուրում ես,
իսկ գետը ձայնանկարչության դասեր է տալիս մանուկ հովերին։

Ծառը փորձում է մեկնել, վերհիշել ցամաքած առվի շշուկը վերջին,
թող ինձ ներեն այս քարերը, որ ես իրենց միշտ քարերի տեղ եմ դրել,
ինչ որ ստվերներ անհասկանալի, անաչք մթան մեջ հետեւում են ինձ,
թեպետ ամեն ինչ ասել, բաժանվել ենք, բայց մի բան դեռ չեմ ասել, չգիտեմ՝ ինչ,
իսկ վառած մոմդ լուսաերաժշտության դասեր է տալիս ծլող աստղերին։

Ուզում եմ խոսել, ոչ մի բառ ինձ չի բավարարում, առավել եւս՝ այս լռությունը,
փորձում եմ գնալ, ոչ մի ճամփա չեմ ընդունում, բայց գժվում եմ հեռվի համար,
ջանք եմ գործում՝ ներկայանալ, բայց՝ ո՞ւմ, որտե՞ղ, երբ բոլորի մեջ ոչ մի տեղ չկամ,
երազում եմ վերադառնալ, սակայն՝ ինչպե՞ս, երբ այնտեղ ես, որտեղ չկաս,
իսկ Քուչակը խելագարորեն խիզախ սիրերգության դասեր է տալիս դարերին։

Քո ձեռքի հիշողությունից ցավեցնող բողբոջել է իմ դռան բռնակը,
ուզում եմ նկարներ դիտել, դիմում եմ երաժշտությանը դեռ չհնչած,
ուզում եմ երաժշտություն լսել, դիմում եմ բառերին պարզ, չհորինված,
ուզում եմ կարդալ բանաստեղծություն, դիմում եմ վրնձին արեւի,
ինձ եմ ուզում հասկանալ, չգիտեմ ում դիմել, եթե ոչ քեզ։

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում