Հայ գրչությունը «Արևելքի մեծ մայրաքաղաքում»

Հայ գրչությունը «Արևելքի մեծ մայրաքաղաքում»

ՀԱԼԵՊ

Հալեպահայ գաղութը հայ հնագույն գաղթօջախներից է, որն իր գոյությունը պահպանել է հեռավոր միջնադարից մինչ մեր օրեր՝ դիմակայելով բազում դժվարությունների: Լևանտում և Միջագետքում հաստատված հայերը առավել հմուտ էին առևտրի և արհեստների մեջ: Հալեպահայերը համբավավոր ոսկերիչներ էին, սադաֆագործներ, ներկարարներ, դերձակներ, մուշտակագործներ, մագաղաթ և թուղթ կոկողներ…: Իսկ 16-18-րդ դդ. Սիրիայում ամենախոշոր մետաքսի առևտուրը մեծապես կենտրոնացած էր հայերի ձեռքում, որի շնորհիվ մեծահարուստ հայ վաճառականներն ու խոջաները բարգավաճ առևտուր էին անում եվրոպական երկրների հետ: Միջազգային տարանցիկ առևտրական հարաբերությունների ֆոնին զարգանում էին նաև մշակութային փոխհարաբերությունները, որի շնորհիվ եվրոպական գեղարվեստական ոճերը ներթափանցում էին ամբողջովին արևելյան շնչով ու գույներով համեմված Հալեպի գեղարվեստական կյանք:

Հալեպը նաև Սուրբ Երկիր առաջնորդող ցամաքային երթուղու կարևոր հանգրվաններից էր: Ուշագրավ է, որ Երուսաղեմ ուխտի գնացող մի շարք հայ գրիչներ կանգ են առել Հալեպում և «ճամփի պաշար» առնելու նպատակով տեղի խոջաների պատվերով գրել ու ծաղկել են ձեռագրեր: Այսպիսով որոշ ժամանակ Հալեպում հանգրվանել և գրչությամբ են զբաղվել Ստեփանոս Ջուղայեցին, Մկրտիչ Լեհացին, Ղազար Բաբերդցին և այլք:

Հայկական Հալեպ

Հայկական Հալեպը միջնադարյան քաղաքների օրինակով տեղավորվել է քրիստոնյաների համար նախատեսված Սալիպէ (Խաչ) կոչվող շրջանի մեջ: Իսկ համայնքի հոգևոր-մշակութային կյանքը կենտրոնացել է Սուրբ Աստվածածին և Սուրբ Քառասուն Մանկանց զույգ եկեղեցիների շուրջ: Հալեպի հայ գաղութի շուրջ յոթհարյուրամյա պատմությունը անմիջականորեն կապված է այս եկեղեցական համալիրի հետ, որի ներսում էլ զարգացել է Հալեպի նշանավոր դպրատուն-գրչատունը, այստեղ են ապրել և գործել հայ գրիչներն ու ծաղկողները: Պատմական Հայաստանի տարբեր շրջաններից և Կիլիկիայի հայոց թագավորության անկումից հետո այստեղ հաստատված մեծաթիվ հայության հետ է ուղղակիորեն առնչվում Հալեպի հայոց պատմամշակութային բազմաշերտ ու բազմաբնույթ նկարագիրը: Ըստ Սիմեոն Լեհացու վկայության՝ 1652 թ. Հալեպի հայության թիվը հասնում էր ավելի քան 20 հազարի:

Մշակույթ և գիր

Հալեպն այն յուրահատուկ կենտրոններից է, որտեղ զարգացել են հայ միջնադարյան մշակույթի գրեթե բոլոր ճյուղերը՝ գրչություն, մանրանկարչություն, նկարչություն, դպրություն, գիտություն, տաղերգություն… Հալեպը կենսական դաշտ է եղել ոչ միայն տեղական արվեստների զարգացման համար, այլ նաև խոշոր տարանցիկ մշակութային կենտրոն: Ըստ Առաքել Դավրիժեցու՝ 17-րդ դարում նորջուղայեցի նկարիչ Մինասը նկարչություն սովորելու նպատակով մեկնել է Հալեպ և ֆրանկ վարպետի մոտ ուսանելուց հետո վերադարձել Նոր Ջուղա:

Հալեպահայ միջավայրում դարերի ընթացքում կերտվել են մշակութային ուշագրավ արժեքներ, որոնց մեջ առանձնահատուկ կարևորություն է ստանում մեզ հասած ձեռագրական ժառանգությունը: Այստեղ գրված հայտնի ամենավաղ ձեռագիրը 1329 թ. Ստեփանոս Կրակցիի ընդօրինակած «Ժողովածու» մատյանն է: Գրքի հիշատակարանում գրիչը թողել է արժեքավոր պատմական տեղեկություններ այն մասին, որ գիրքը գրել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո «ի մեծահռչակ քաղաքս Բերիա, որ կոչի Հալեպ»: Ի դեպ Հալեպը հայկական աղբյուրներում հիշվում է նաև Տիբերիա կամ Բերիա անուններով: Հայկական Հալեպի բավական հարուստ պատմության վկայությունն են 14-18-րդ դդ. ընդօրինակված և ծաղկված 250-ից ավելի ձեռագիր մատյանները, գրիչների ու ծաղկողների ավելի քան 150 անուն:

Հալեպի մանրանկարչությունը

Հալեպի մանրանկարչական դպրոցը միատարր չէ, և չունի հստակ արտահայտված դիմագծեր: Այն խճանկարի նման միավորում է խոշոր հայկական դպրոցների նկարչական ոճերը: Հատկապես նկատելի են Կիլիկիայի, Փոքր Հայքի, Վասպուրականի և Խիզանի հայ գրչության ազդեցությունները: Պատկերագրական զուգահեռներ կարելի է անցկացնել նաև շրջակա կենտրոնների հետ` Հռոմկլա, Մարաշ, Զեյթուն, Կեսարիա, Կարկառ, Ամիդ…

Իզուր չէ, որ այստեղ հաստատված կամ գրչության արվեստը սերտած գրիչների մեծ մասն այս բնակավայրերից են՝ Յակոբ Զեյթունցի, Խաչատուր Զեյթունցի, Մարգարե Զեյթունցի, Ամիրխան Այնթապցի… Գրչությանը զուգընթաց դպրատանը զարգացել է նաև ծաղկման արվեստը: Իբրև վարպետ մանրանկարիչներ՝ Հալեպի դասատան մեջ փայլել են Վասիլ Զեյթունցին, Իսրայել Ամթեցին, Կարապետ Բերկրեցին, Աստվածատուր Ուռհայեցին: Վերջիններիս գեղարվեստական հարուստ գործերի մեծագույն մասը իշխանական նվերներ էին Հալեպի հայ մեծահարուստներին:

Հալեպահայ գրչությունն իր ծաղկմանն է հասնում 17-րդ դարում` ձևավորելով որոշակի ինքնուրույն ստեղծագործական ոճ, տեղական նկարագիր: Այն արտահայտվում է մուգ գծայնությամբ, թանձր գույների համադրություններով` մուգ կապույտ, մորեգույն, սրճագույն: Պահպանվում են ոսկու առատ օգտագործումը, ճարտարապետական դեկորատիվ ֆոնը, հարուստ զարդանախշումը: Սյուժետային տեսարաններում երբեմն նկարիչները ազատ մոտեցում են ցուցաբերել` կերպարներին կիսով չափ դուրս հանելով նկարն ընդգրկող շրջանակներից:

Հալեպի գրչական կենտրոնը հիշատակելի է նաև մեկ այլ առանձնահատկությամբ՝ գիրքը պարփակող արծաթյա, կաշվե գեղարվեստական կազմերով: Մեզ հասած մի քանի տասնյակ պատկերազարդ կրկնակազմերը վկայությունն են հալեպահայ արծաթագործ-ոսկերիչների բարձր վարպետության:

Անի ԵՆՈՔՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում