«Եթե մարդը արտահայտում է իր կարծիքը, պետք է պատրաստ լինի, որ կլինեն նաև մերժող կարծիքներ»․ Ռուբեն Բաբայան

«Եթե մարդը արտահայտում է իր կարծիքը, պետք է պատրաստ լինի, որ կլինեն նաև մերժող կարծիքներ»․ Ռուբեն Բաբայան

«Չեմ կարող ասել, որ պոեզիայի տեսակետից հրճված եմ, եւ իմ անձնական մոտեցումը կյանքի ու արվեստի հանդեպ՝ միշտ ինչ-որ լույսի, ելքի տեղ գտնելն է, պոեզիայի տեսակետից կողմնակից չեմ, որ ամեն ինչ ճակատային ասվի, բոլոր դեպքերում գոյություն ունի պոետիկ լեզու»,- բանաստեղծ Հուսիկ Արայի վերջին աղմկահարույց բանաստեղծության մասին այս կարծիքն ունի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա՝ գրաքննությունը ամբողջատիրական համակարգի երեւույթ է. «Յուրաքանչյուր ոք արտահայտում է սեփական կարծիքն իր տաղանդի սահմաններում, իր այդ օրվա էմոցիոնալ վիճակից ելնելով, կարող է պատահի քսան րոպե հետո այլ կարծիք ունենա, յուրաքանչյուրս մեր մեջ ունենք սահմանափակումներ, որոնք հաստատում ենք՝ ելնելով սեփական բարոյական ու գեղագիտական նորմաներից: Պոետին չի կարելի դատել հասարակության կողմից ընդունված օրենքներով, այդ ժամանակ կաճեցնենք մի խումբ պոետ կոչեցյալներ, որոնք ամբողջ օրը կգոռան՝ կեցցե մեր հրաշք հայրենիքը, կեցցե մեր լուսավոր ներկան, բայց հոգու մեջ կունենա տխուր պատկեր ու սեւ գույնի սարդեր: Չեմ կարծում, որ սա հասարակության կողմից քննարկման թեմա է, եթե մարդը արտահայտում է իր կարծիքը, պետք է պատրաստ լինի, որ կլինեն նաեւ մերժող կարծիքներ:

Յուրաքանչյուր ոք ներկայացնում է իր հայացքն ու տեսակետները»,-այսօր «Մեդիա կենտրոնում» նման կարծիք հայտնեց պարոն Բաբայանը: Վերջերս մեծ քննադատության էր արժանացել նաեւ Իջեւանից լրագրող Նարինե Չուխարյանի ակնարկը՝ «Ասպարեզի» կայքում հրապարակված: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով, նմանատիպ քննադատությունը մի բանի մասին է վկայում. «Մենք բոլորս սովետական միության կոնցլագերից ենք, ճամբարային շարք կանգնելու մտածողությունը շարունակվում է պահպանվել, դա փոխանցվում է նոր սերունդներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում