Կյանքի խճանկար՝ ծննդյան լույսի ներքո

Կյանքի խճանկար՝ ծննդյան լույսի ներքո

«Վարագույրը բացեցի, որ լույսն առավել շռայլորեն ձեռքերն ընդարձակի ու իր գիրկն առնի ինձ:

Ջերմության որոնումով սրտիս զարկերն իրենց ծանրաքայլ շտապողականությամբ անհամբեր են… Արևի շողերը շշուկով ինձ են հուշում, որ այգաբացերն ավետելու են հորս ոտնաքայլերի ձայնը՝ սրտիս զարկերին համաքայլ, դեռ լսելու եմ: Ուզում եմ գրիչ վերցնել, որ կյանքիս իմ երազած մանրապատկերը հոսի գրչիս ծայրով՝ իր խճանկարը հանձնելով թղթին: Ապրումս, հույզերս կնիքվում են տողերովս, արդյոք տողերս կգտնե՞ն իրենց ընթերցողին… հորս…

Կամացուկ մոտենում եմ պատուհանագոգին՝ վերցնելու գրիչս, տողերով գծելու ապրումներիս այն սահմանը, որը կձգվի հոգուց հոգի…

-Ու՞ր ես շտապում…շտապու՞մ ես, որ լույսը հափշտակի քեզ, այո՞…

-Ինչպե՞ս թե, արդե՞ն…

-Այո՛, ես եմ, աղջի՛կս: Ձայնս չշոյե՞ց, չկլորացրե՞ց ուսերդ այնպես, ինչպես մորդ ձեռքերն են կլորացնում ուսերդ, ինչպես մորդ սփոփանքն է լռեցնում մանկան ճիչը…

-Հայրի՛կ, փառքն Աստծունն է, գիտե՞ս. դու եկար… վերադարձար…

-Աղջի՛կս, իհարկե… Աստված համբուրեց իմ և մորդ ճակատը, և լույս եկավ մեր աչքերին՝ քո ծննդյան ավետումով… ծանր էր ճամպրուկս. այդ պատճառով ծանրաքայլ եմ գալիս…

-ճամպրո՞ւկդ…

-Այո՛, պատիվս էի բերում. ափերս ծանրացել էին, այրվում էին լույսի բեռից. լույս էի բերում քո աչքերին… ուզում էի՝ հողը չտնքա ոտնաքայլերիցս… այգաբացերի ավետումն էինք բերում ես և ընկերներս…

-Հայրի՛կ, ափերումդ պահած լույսով վառի՛ր ծննդյանս մոմերը… ուզում եմ այդ մոմերի լույսի ներքո որոնել այն ճամփան, որը կտանի դեպի կյանքիս խճանկարը, ուր աշխարհին հորս ուսերից կնայեմ… Ես այս ակնթարթը բազմից տողերով եմ ապրել… Այսօր, սակայն, պետք է վառես ծննդյանս մոմերը. ամեն տարի այսպես է եղել, իսկ այս տարի՞… դե՛հ, վառի՛ր, վառի՛ր, հայրի՛կ… վառի՛ր, ինչպես պատերազմը քո հոգին այրեց, որ այն լույս դառնա ու փարոս մեր ժողովրդի ճամփին…»:

-Փչի՛ր ծննդյանդ մոմերը, աղջի՛կս:

-Մայրի՛կ… թու՛յլ տուր հորս և իմ երևութական երկխոսությամբ պահեմ իմ երազանքը… թու՛յլ տուր ապրեմ այն պահը, երբ երեխան երազում է տեսնել հոր վերադարձը պատերազմից… իսկ իմ մոմերը… իմ մոմերը թող լույս սփռեն այն խճանկարի վրա, որին մեկնված ձեռքս որոնում է գտնել երջանկության պատկերը…

Էլինա ՄԻՐԶՈՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում