Գեղեցկությունը կապ չունի, ռոյալն է մեղավոր»

Գեղեցկությունը կապ չունի, ռոյալն է մեղավոր»

Հարցազրույց գերմանացի երիտասարդ դաշնակահարուհի Կատարինա Թրոյթլերի հետ

– Օրիորդ Թրոյթլեր, «Առավոտի» հետ ձեր առաջին հանդիպումն է, բայց հայ հանդիսատեսի հետ՝ երրորդը: 2016թ. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության «խիստ» ընտրության արդյունքում հրավեր ստացաք մասնակցելու նվագախմբի հիմնադրման 60-ամյակին նվիրված համերգաշրջանին: Հետաքրքիր է՝ ընդունո՞ւմ եք ցանկացած հրավեր…

– Հազվադեպ եմ ասում ոչ: Ձեր նվագախմբի եւ ունկնդրի հետ առաջին հանդիպումից հետո հասկացա, որ իսկապես բծախնդիր հանդիսատես ունեք եւ նվագախումբ, որի երաժիշտները ոչ միայն բարձրակարգ են, այլեւ նվիրված՝ երբեք ժամին չեն նայում: Ինձ հետաքրքիր է նաեւ աշխատել տարբեր դիրիժորների հետ, օրինակ՝ այս անգամ չինացի Ջեյմս Փ Լիուն է, նախորդ անգամ՝ հայկական նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը… Եվ հետո՝ ոչ միայն Հայաստան, այլեւ տարբեր երկրներ մի քանի անգամ հյուրախաղերի գնալիս նոր ծրագիր եմ ներկայացնում: Երեւանում առաջին անգամ Ռախմանինովի երկրորդ կոնցերտն էր, հետո՝ Բրամսի առաջինը, այս անգամ՝ Մոցարտի 12-րդը:

– Նախընտրում եք նվագախմբերի՞ հետ, թե՞ կամերային ելույթները:

– Մենահամերգներիս ոչ միայն թիվը, այլեւ աշխարհագրությունն է ավելի մեծ. Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի երկրներ: Գարնանը Լիոնի հայ համայնքի կողմից ունեմ մենահամերգի հրավեր: Չգիտեմ, գուցե դրան նպաստել է Հայաստան այցելություննե՞րս… Այդ առիթով տուն վերադառնալուց հետո որոշել եմ անմիջապես «դիմել» Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին: Նվագախմբերը շուրջ տասն են, սկսած եվրոպական, ասենք՝ Լոնդոնի սիմֆոնիկից մինչեւ Հայաստանի ֆիլհարմոնիկը:

– Մրցույթների մասնակցության առումով ռեկորդակիր եք, ավելին՝ մշտապես արժանացել եք առաջին մրցանակի ու բազմաթիվ հատուկ մրցանակների…

– Չեմ կարծում, թե շատ մրցույթների եմ մասնակցել. դրանք ընդամենը վեցն են: Բայց կառանձնացնեի հատուկ մրցանակները, որոնց շնորհիվ մասնակցել եմ նաեւ վարպետության դասընթացների, օրինակ՝ հանրահայտ անուններ Արի Վարդիի, Միխայիլ Վոսկրեսենսկու, Մատտի Ռաեկալլիոյի, Մարգուլիսի, Ռադոսի, Դմիտրի Բաշկիրովի, Էրիկ լը Սաժի եւ այլ հայտնի երաժիշտների ղեկավարությամբ:

– Երիտասարդ արվեստագետի համար ձեր ստեղծագործական կենսագրությունը շա՜տ հարուստ է: Ձեր գեղեցկությունը «դերակատարում» ունի՞ այդ հարցում:

– Հարցի ենթատեքստը հասկացա: Բոլոր ժամանակներում մշակույթի տարբեր ոլորտների հայտնի դեմքերի կենսագրություններից, ընդ որում՝ թե կանանց եւ թե տղամարդկանց, իհարկե, տասնամյակներ անց բացահայտվում է նրանց «ոչ ստեղծագործական» գործունեությունը: Ընդ որում, այդ հարցում որոշիչ չէ կնոջ գեղեցկությունը: Չկարծեք, թե խուսափում եմ կոնկրետ պատասխանից: Բայց իմ դեպքում հարուստ կենսագրությանս «մեղավորը» ռոյալն է… 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում