Ո՞վ է ծաղրում Արամ Մանուկյանին և հայկական եռագույնը

Ո՞վ է ծաղրում Արամ Մանուկյանին և հայկական եռագույնը

2018 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցավ Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

Քննարկվող հարցերի շարքում էր նաև Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրման հարցը Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ։

Հաշվի առնելով Արամ Մանուկյանի հայրենանվեր գործը՝ հուշարձանը որոշվել է տեղադրել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին ընդառաջ։ Իհարկե, Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրման գաղափարը ողջունելի է և պահանջված, և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը միանշանակ կողմ է այդ նախաձեռնությանը։ Սակայն անընդունելի է Երևանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացված այն էսքիզը, ըստ որի՝ ծրագրվում է քանդակել հուշարձանը։ Համաձայն ներկայացված փաստաթղթերի՝ 2017 թվականի հունիսի 19–ին հայտարարվել է Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ, որի արդյունքում իբրև թե մրցութային հանձնաժողովը 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել Դավիթ Մինասյանի հեղինակած գործը:

Ուշադրության է արժանի մրցութային հանձնաժողովի կազմը, որտեղ ներառված են ճարտարապետներ, մշակութաբաններ, և միայն դաշնակցական ու ՀՀԿ-ական քաղաքական գործիչներ։ Ընդ որում, քաղաքական գործիչները ներկայացված են բացառապես արական սեռի անձանցով։ Այսօր հրապարակվել է մրցութային հանձնաժողովի անդամ, նկարիչ Հաղթանակ Շահումյանի հարցազրույցը, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացված էսքիզը մրցութային հանձնաժողովի նիստին չի ներկայացվել և մրցույթին չի մասնակցել: Դեռ ավելին, Դավիթ Մինասյանի ներկայացրած այլ էսքիզը չի հաղթել մրցույթում, այլ միայն արժանացել է խրախուսական մրցանակի Փաստորեն, հերթական անգամ տեղի է ունենում բացահայտ կեղծիք, արհամարհվում է մասնագետների կարծիքը, և փորձում են ճարտարապետներին, մշակութաբաններին և հանրությանը պարտադրել իրենց որոշումը, մեր երեխաներին դաստիարակել իրենց գռեհիկ անճաշակությամբ:

Երևանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացված էսքիզը ոչ միայն ծաղրում է լուրջ քաղաքական գործչի իրական կերպարը, այլև նվաստացնում է հայոց եռագույնը։ Հուշարձանն ասելիք չունի, չունի նաև որևէ դաստիարակչական նշանակություն։ Այն հիշեցնում է Fashon-TV–ի մի մոդելի, ով անհայտ անձի թողտվությամբ հայկական դրոշով ծածկել է իր բարեմասնությունները։ Հուշարձանի հանդերձանքը նմանեցվում է նաև հռոմեական վերնախավի ներկայացուցչի հագուստի, ով ոչ մի կապ չունի հայոց եռագույնի հետ, կամ հնդկական սարի հագած մի կնոջ, ով եռագույն սավանի տակից կրում է չեկիստական համազգեստ։ Արամ Մանուկյանի խրոխտ, կամային ու լուսավոր դեմքն աղավաղվել է։

Հուշարձանում նա ներկայացվում է որպես հեզ, խոնարհ ու կամազուրկ մի կերպար։ Գեղեցիկի ընկալում բոլորն ունեն, իսկ հայրենիքի ընկալումը, մեր պետական խորհրդանիշների մեծարումը հայ ազգի արյան մեջ է։ Այս նկատառումից ելնելով՝ անհիմն է այն պարզաբանումը, թե միայն ճարտարապետներն իրավունք ունեն հուշարձանի լավը կամ վատը լինելուն գնահատական տալու։ Բացի այդ, հուշարձանի գունավորումն ապահովող ներկը շատ կարճ ժամանակում խամրելու է և պատճառ դառնա քաղաքային բյուջեից հերթական անգամ որպես ներկի գումար կորզումների կատարելու:

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներից մեկը նշեց, որ հայ մարզիկները հաղթանակի դեպքում նույնպես հայկական դրոշը կապում են իրենց գոտկատեղին։ Նրան անհրաժեշտ է հիշեցնել, որ ոչ ոք այդպես չի վարվում։ Հայ հաղթանակած մարզիկները հայկական եռագույնը գլխից վեր են պահում՝ մեծարելով այն ու ստիպելով մյուսներին նույնպես ըստ արժանվույն գնահատել մեր դրոշը։ Երևանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները, թեև մեծամասամբ չէին հավանել ներկայացված էսքիզը, սակայն միաձայն կողմ քվեարկեցին՝ չունենալով ազատություն, հպարտություն ու հանդգնություն սեփական կարծիքը պաշտպանելու համար։ Նման մարդկանց կարելի է միայն խղճալ և ազատություն մաղթել։

Այսպիսով, Արամ Մանուկյանի հուշարձանի վերոնշյալ էսքիզը որևէ կերպ չի ներկայացնում նրա իրական կերպարը, դուրս է նրա ապրած ժամանակաշրջանից, չունի դաստիարակչական նշանակություն և նվաստացնում է հայոց եռագույնը։ Մենք չենք հանդուրժելու նման վերաբերմունքը և այն իրականացնող մարդկանց գործողությունները։ Իսկ պատկան մարմիններին հորդորում ենք անհապաղ և պատշաճ կերպով արձագանքել այս կեղծիքին և տալ իրավական գնահատական՝ պատասխանատվության կանչելով մեղավորներին:

Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում