Ինձ էլ են վաճառում իմ քաղաքի, իմ երկրի մեջ, ինչպես անշարժ գույք

Ինձ էլ են վաճառում իմ քաղաքի, իմ երկրի մեջ, ինչպես անշարժ գույք

Ինչ կա-չկա հանել են վաճառքի,
Ինձ էլ են վաճառում իմ քաղաքի, իմ երկրի մեջ,
Ինչպես անշարժ գույք…
Ու ինձ համոզում են, թե լավ կլինի.
Կանգ առե՛ք, լսո՞ւմ եք,
Մի քանդեք իմ տունը…
Սարսափում եմ`
Անոք ու մենության խորքերից,
Ժայթքում է հուսահատ աղաղակ…
Սպասե՛ք, լսո՞ւմ եք…
Քաղաքի փողոցները դատարկ են, ամայի,
Նորակառույց շենքերը պաղ,
Անհաղորդ, անսիրտ.
Ու չենք ասում՝ քաղաքի արեւ։
Ինչ կա-չկա վաճառվում է,
Վարձով է տրվում,
Երկիրը հանել են վաճառքի…
Սարսափում եմ.
Վաղը մենակ կմնամ
Մենակ ու անօգնական,
Ինչպես դու:
Իմ տան մեջ ես ավելորդ եմ
Չէ, ինձ օգնեցին, որ ես ինձ ավելորդ զգամ.
Այժմ ես մենակ եմ,
Իմ վաճառվող քաղաքի, տների, փողոցների պես,
Որ հարցնող չկա, ձայնս լսող չկա…
Ինձ էլ են վաճառում իմ քաղաքի ու իմ երկրի մեջ,
Ինչպես անշարժ գույք…
Ուղեղս նոսրացել է, հոգիս՝
Մնացել անտակ…
Չեմ հավատում հրաշքների,
Չէ, ես էլ առաջվանը չեմ:
Չեմ հավատում, լսո՞ւմ եք… կանգ առե՛ք.
Մի քանդեք իմ տունը…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում