USD
EUR
RUB

Հինգ առավոտ

 
 

Առավոտյան արթնացա ու տեսա, որ ձեռքիս մատները փոքրացել են: Ամբողջ մարմնով ձգվեցի, բայց ոտքերս անկողնուս միայն մեջտեղը հասան: Քթիս եմ ձեռք տալիս՝ դեռ ծուռ չէ՛: Չէ, ես Գրեգոր Զամզայի պես ուտիճ չեմ դարձել հաստատ: Մարմինս մարդու է… մանկակա՞ն: Հայելու մեջ եմ նայում. երկու մեծ, սև աչքեր միայն: Քույրս միշտ ասում էր՝ ամբողջ դեմքդ աչք ա: Նախնական տվյալներով ես երևի 3-5 տարեկան եմ, բան չեմ հիշում էդ տարիքից: Ի՞նչ անեմ, մանկապարտեզ գնա՞մ: Լավ, հագնվում եմ. վարդագույն, վարդագույն, վարդագույն. լավ էլի, մա՛մ:

– Էս էրեխեն պատուհաս ա, քանի՞ անգամ ասեմ՝ տաշտակի միջից կեղտոտ շորերը մի քրքրի, նորից հագի, ախր մաքուր լվացած դրել եմ չէ՞աթոռիդ մոտ, դա՛ հագիր, էլի՛:

Ուզում եմ ասել. «Մա՛մա, բայց վարդագո՞ւյն»: Ասելու պահին հասկացա, որ վարդագույն բառը պարզվում է՝ լավ էլ դժվար բառ է, հատկապես, երբ բերանումդ մի կարգին ատամ չկա: Մաման, էլ՛ գլուխ չի դնում հետս, թաշկինակը խցկում է շալվարիս գոտու տակ (ասա գրպանում դիր, էլի, վա՜յ), ու ձեռքս պինդ բռնում:

Գնացինք մանկապարտեզ:

Մանկապարտեզում մի լավ զռռացի: Տորք Անգեղի կազմվածքով դաստիարակչուհին ինձ ասաց՝ տափու՛կ: Մտքիս մեջ իրեն մի երկու լավ բառ ասացի, գնացի մտա իմ անվանական պահարանը. վրան բալ էր պատկերված, բայց ես սերկևիլով էի ուզում: Ո՜ւֆ, լավ: Պահարանի դուռը ներսից փակեցի: Լավ էլ տեղավորվում եմ, սպասեմ մամային:

Հետ գալուց դիմացի «բուդկայից» մաման ինձ համար «թզուկ» պաղպաղակ գնեց. շատ համով էր:

Քույրս դպրոցում էլի հինգ էր ստացել գրականությունից, բայց օրագրում մաթեմատիկայի դիմաց դատարկ էր: Մաման բազմանշանակ նայեց քրոջս երեսին:

Արթնանում եմ: Ամբողջ մարմնով ձգվում եմ: Ոտքիս բութ մատը վերմակիցս դուրս մնաց: Հուսով եմ՝ ուսումնական տարի չէ, թե չէ մանկապարտեզի Տորք Անգեղին կուզեի:

Պատուհանից դուրս եմ նայում. լիքը երեխաներ են. էս ի՜նչ ձայն են դրել: Շոգ է, հաստատ հուլիսը կլինի: Չիջնե՞մ՝ խաղամ: Դռան զանգն ուժեղ տվեցին. մեր հարևան երկու տղաներն են, ինձ են կանչում: Երկուսի կենտրոնացած, խոժոռ հայացքներից հասկացա, որ բան է պատահել: Պարզվեց՝ դիմացի բակի երեխաները մեզ ձեռնոց են նետել՝ «ֆիշկա» ենք խաղալու: Տասներկու «ֆիշկա» միանգամից խփեցի, շուռ տվեցի: Բակի տղաների դեմքերից հասկացա, որ այսօրվանից հեղինակություն եմ դառնում ու… տղաներից մեկին ուղարկեցի մեր պատուհանի տակ՝ մամայիս ձայն տալու, որ գնդակս գցի՝ ֆուտբոլ խաղանք: Խաղի ընթացքում դիմացի բակի տղաներից մեկի մայրը եկավ, ասաց, որ իր տղայի ձեռքից շատ հազվագյուտ «ֆիշկա» եմ տարել: Ուզում էի ասել՝ չեմ տարել, հաղթել եմ, բայց հետ տվեցի: Առաջին անգամ հասկացա, որ եթե հաղթանակիդ վկաները պաշտոնով բարձր չեն, ուրեմն դու հեչ էլ չես հաղթել:

Ուշ ժամի իջա հեծանիվ քշելու, տեսնեմ՝ ինձնից մի քանի տարով մեծ տղաներ մոտեցան. հեծանիվս են ուզում խլել: Անճարությունից լաց եղա: Մամաս պատուհանից տեսավ, իջավ հեծանիվս հետ վերցրեց: Այդ պահին հասկացա, որ աղջիկ եմ, մեկ-մեկ լացեմ, էլի՛. ինչ կլինի՞ որ:

Քթիցս արյուն է գալիս: Բակի տղաներից մեկն ինձ աստիճաններից հրել էր: Թիկունքից էր հրել: Թեքվում եմ, որ դեմքը հիշեմ: Մի քանի ժամ հետո բռնացնում եմ նրան բակի հետնամասում. կռվի ենք բռնվում անձայն, որ հանկարծ տանեցիները չլսեն: Աչքի տակը կարմրեց. արդեն կարող եմ գնալ: Այդ օրվանից քիթս մի քիչ էն չի:

Երեկոյան կողմ պառկած թեյ եմ խմում: Մայրս մոտեցավ, ասաց՝ հյու՛ր ունես: Տեսնեմ՝ ընկերներիցս մեկն է: Ժպտալով մոտեցավ, ասաց.

– Ուզու՞մ ես տրամադրությունդ բարձրացնեմ: Արի, տես՝ քեզ ինչ եմ բերել:

Տեսնեմ՝ հոլ է՝ սիրուն, գունավոր թելով փաթաթված: Ընկերս իր ձեռքով մեծ քրոջ եղունգների ներկով սիրուն ծաղիկներ էր նկարել վրան, որ պտտվելուց գեղեցիկ երանգներ ունենար: Սովորեցի հոլ պտտեցնել:

Առավոտյան արթնացա, գնացի լվացվելու: Հայելու մեջ եմ նայում. մարմինս ձևափոխվել է. չգիտեմ՝ նույնիսկ լա՞վ է, թե՞ չէ: Ինչ որ է: Մազերս ձիգ կապում եմ, շուրջս եմ նայում. տունն ուրիշ է: Սենյակի կենտրոնում դաշնամուր է դրված՝ վրան լիքը նոտաներ, նոտաների վրա մատիտով արված լիքը նշումներ. «քաշվեցի՜, ուրեմն արդեն դաշնակահար եմ»: Փաստորեն վատ չեմ նվագում, մի քանի օրից պիտի ելույթ ունենամ:

Շոպենի նոկտյուրններն եմ նվագում, մեղեդին մատներիս ծայրին է, հնչյուններն ականջիս են հասնում, ու աշխարհս փոխվում է: Այս առավոտն ամենաբարին էր: Համերգից հետո մայրս հուզված է, հպարտությունից աչքերը փայլում են, տեսնեմ՝ մի կնոջ հետ է խոսում. երևի ինչ-որ լավ բան է ասում:

Ռոք երաժշտության հետ եմ ծանոթանում: Ընկերուհիներով գնում ենք գանգերով վզնոցներ առնելու: Ընկերուհիներ ունեմ, բա՜: Սենյակիս պատերն ամբողջովին ծածկված են հայտնի ռոքերների պաստառներով: Դպրոցի տնօրենը կանգնեցրեց, ասաց, որ եղունգներս սև չներկեմ ու վրայիս գանգերը հանեմ:

Չհանեցի:

Դասարանում ասում են՝ էմո՛ ես:

Էմո չեմ:

Մարդ եմ:

Դաշնակահար չեմ:

Մարդ եմ:

Աղջիկ չեմ:

Մարդ եմ:

Ինչո՞ւ չեք հարցնում՝ մա՞րդ ես:

Ընկերներիցս մեկը հրավիրում է զբոսնելու: Առանց հայելու մեջ նայելու՝ իջնում եմ ցած:

Ասում եմ՝ գնա՞նք հեծանիվ քշենք, ասում է՝ չէ՛, կգա՞ս ուղղակի ման գանք: Դանդաղ ճեմում ենք: Երեկոյան կողմ է: Ինձ հարցեր է տալիս.

– Ինչի՞ մասին ես երազում… ո՞ր գույնն ես սիրում… ո՞ր երկրում կուզեիր ապրել… ի՞նչ անուն ես սիրում… ի՞նչ տիպի տղա ես հավանում…

Պահոոո՜:

– Կլինի՝ հոլ բերես՝ ֆռռացնենք:

Առավոտյան արթնանում եմ զարթուցիչի ձայնից: Դաժան առավոտ է, ու հաստատ ավտոբուսից ուշանում եմ: Դաշնամուրի քննության եմ. Պրոկոֆև եմ նվագելու: Նոտաները գիրկս նստում եմ ավտոբուս ու ծնկիս վրա բարդ պասսաժներն եմ փորձում. մարդիկ ինձ են նայում,- դե լավ, էլի՛: Պրոկոֆևը բացի կոմպոզիտոր լինելուց նաև լավ շախմատիստ էր:

Բա ես դաշնակահար լինելուց բացի է՞լ ինչ եմ: Մա՛րդ եմ: Մի ժամանակ դա ինձ բավարարում էր, բայց հիմա…

Ուշացա քննությունից:

Համալսարանի պատերից սպեցիֆիկ հոտ է գալիս: Կուրսեցիներս ասում են՝ հնության հոտն է: Բայց ինձ դուր է գալիս. թող հին լինի:

Սկսում եմ դեպքերը մոռանալ, դեմքերը՝ նույնպես: Միայն էմոցիաներն եմ հիշում, գույներն ու բույրերը: Հին ընկերներս հեռու են: Սկայպով մեկի հետ կապվեցի: Սկզբում ձայնից վախեցա, մորուք էլ ուներ, էլ հոլ չէր պտտեցնում, ինձնից էլ ամաչում էր ու չհարցրեց՝ ի՞նչ տիպի տղա եմ հավանում, գտե՞լ եմ հավանածիս, թե՞ չէ: Հա՛, գտել եմ, անունը՝ Յոհան: Յոհան Սեբաստիան Բախ:

Առանց պատճառ շատ եմ տխրում: Երևի միշտ է այդպես: Մարդկանց քիչ եմ ժպտում, շատ եմ տնտղում: Հաջողություններից բավարարություն չեմ ստանում, ինքս ինձնից ու աշխարհից՝ նույնպես: Աշխարհի մասին շատ բան գիտեմ արդեն, բոլոր պետությունների ներքաղաքական իրավիճակից նույնպես պատկերացում ունեմ: Բայց աշխարհը լայնանալու փոխարեն գնալով նեղանում, նեղանում, փոքրանում ու փոքրանում է: Մնում է միայն գիրք կարդալու հաճույքը: Ինչ գիրք ուզում է լինի, կարևորը՝ հեղինակ ունենա ու կերպարներ: Մնում է մեկ էլ երաժշտությունը, ծնողներիս հպարտ հայացքը, ընկերներիս հետ մեկ-մեկ խմելը…

Ծնողներիս հպարտ հայացքը սրան չէր վերաբերում:

Առավոտյան չեմ ուզում արթնանալ. գնալու տեղ չունեմ: Քնեմ, էլի՛, գիտե՞ս՝ քանի տարի մի կարգին չեմ քնել ու մոռացել եմ երազ տեսնելու արվեստը: Սուրճի բաժակը ձեռքումս սեղմած, մազերս դես ու դեն՝ անշտապ ու ալարկոտ քայլում եմ: Հայելու մեջ եմ նայում. փոխվել եմ: Արագ մատներիս եմ նայում,- թու՛, թու՛, թու՛,- ամուսնացած չեմ: Մտածում եմ՝ տեսնես մի օր կգա՞, որ ամուսնություն բառից հետո չասեմ՝ թու՛, թու՛, թու՛: Լավ, ինչի՞ մասին եմ ուզում մտածել, երաժշտությա՞ն, չէ՞, ինչի՞, ի՞նչ պատահեց էս առավոտ:

Դուրս եմ գալիս զբոսնելու: Մտքովս էլ չի անցնում՝ զանգեմ ինչ-որ մեկին, որ ինձ ընկերակցի: Լռության ձայնն եմ վայելում; Լռությունն ուրիշ հնչողություն ունի՝ մեկ-մեկ խլացնող: Մի ժամանակ լռության մեջ կոկորդս բարձր մաքրում էի, որ հավատամ իմ գոյությանը: Հիմա լռությունն ինձ չի հերիքում: Ականջներս էլ եմ փակում, աչքերս էլ, որ ուրիշ գույներ ու բույրեր էլ զգամ: Հետո հեռվից, շա՜տ հեռվից թռչունների ձայնն է հասնում ականջիս. Տեսնես՝ ի՞նչ են խոսում, ինչի՞ համար են մտահոգվում, ինչի՞ց են ուրախանում:

Երաժշտությո՞ւն: Ո՞վ ասաց, որ էլ հետաքրքիր չէ: Ամեն ինչն է երաժշտություն, ուղղակիդրանք գրելու համար Բախ է պետք, իսկ ես Բախ չեմ:

Մի րոպե, հաստա՞տ Բախ չեմ:

Նստում եմ նստարանին ու գիրք եմ կարդում: Շատ դանդաղ եմ կարդում, քմծիծաղով եմ կարդում: Այդ ինչպես է ստացվում, որ հեղինակը սկսում է նշանակություն ունենալ, հեղինակը սկսում է հեղինակություն չլինել, կերպարները դառնում են թղթից ու հեշտ այրվող:

Այս առավոտ ոչնչից չզարմացա:

Իսկ հաջորդ առավոտ…

Մարիամ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Լրահոս
Հոգեգալուստ Եկեղեցական կյանք (18.05.2018) «Կրտսեր կոլեգաներս էլ մշակութային հեղափոխություն իրականացրեցին» Մերին Խաչատրյանի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն թավջութակահարներ Մարտինը Արագիլը Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մեկնել է Արցախ Սոխակն ու գարունը Սև թիկնոց Պատվախնդիր կատուն Բողկն ու ելակը Երևան Կաղնին Արծիվը «Թափառող պատեր»-ը՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Անքուն գիշերին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Գաղտնագիր հղումներ Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին․ «Դա սարսափելի քայլ էր» Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը Գա ու գնա Քիշնևից և Մինսկից հետո՝ նույն նպատակով Երևանում Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը Նոր հրատարակություններ Թողեք ճախրեն Հավքի երգը Լացող ուռենին Հայր մեր Արևոտ անձրև Թանգարանների գիշերվա ընթացքում «Էրեբունի» թանգարանի այցելուները կճաշակեն ուրարտական խոհանոցի ճաշատեսակներ Որպեսզի մշակույթը ինքնահոսի չմատնվի և չհանձնվի ազատ շուկայի քմահաճույքներին Նոր նախարարից շատ դրական տպավորություն ստացա. Զգացի` շատ է ուզում օգտակար լինել մշակույթին. Վահան Արծրունի Վիկտոր Ուզուր. «Խաչատրյանի մրցույթն ապացուցել է, որ կազմակերպչական և գեղարվեստական առումներով ամենաբարձր մակարդակն ունի» Այս տարի կնշվի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը Նախարարն ու կինոոլորտի մասնագետները խոսել են «Կինոյի մասին օրենքի» նախագծից Շիրակի մարզում անցկացվեցին «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով համերգ-դասախոսույուններ Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի վերաբերյալ պարզաբանում Մոլախոտի բողոքը
website by Sargssyan