«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» ներկայացվել է հայ ընթերցողին

«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» ներկայացվել է հայ ընթերցողին

Հայ ընթերցողին է ներկայացվել Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հրատարակչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գրքի շնորհիվ ընթերցողը կսովորի երեք հեշտ կիրառելի մենեջմենթի մեթոդներ։ Գիրքը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը: Ի դեպ, հրատարակչությունն արդեն իսկ հասցրել էր հայ ընթերցողի դատին հանձնել Սպենսեր Ջոնսոնի՝ կյանքում և բիզնեսում փոփոխություններ մտցնելու բոլոր ժամանակների բեսթսելեր «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը:

« «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը բավականին հայտնի ու սիրված է Հայաստանում: Այն մեծ հաջողություն ունեցավ մեր երկրում: Այս դեպքում մենք որոշեցինք հայ ընթերցողին նաև ներկայացնել նույն հեղինակի երկրորդ գիրքը՝ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»», որը նույնպես համաշխարհային բեսթսելեր է: Այն ներկայացնում է մենեջմենթի պարզ գործիքներ, որոնք օգնում են պարզ մեթոդներով կառավարել թե՛ ինքդ քեզ, թե՛ քո աշխատակիցներին»,-շնորհանդեսի ընթացքում նշել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Իր խոսքում Շավարշ Կարապետյանը հատուկ շեշտել է, որ հրատարակչությունը շարունակում է հայերեն թարգմանել և ընթերցողներին ներկայացնել մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելերները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շուտով լույս կտեսնի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում