Սա «ռասկրուտկայի» համար գրված երգ չէ. երգահան Մարինա Թագակչյանը՝ նոր երգի և տեսահոլովակի մասին

Սա «ռասկրուտկայի» համար գրված երգ չէ. երգահան Մարինա Թագակչյանը՝ նոր երգի և տեսահոլովակի մասին

Երգահան Մարինա Թագակչյանը շուտով հանրությանը կներկայանա նոր՝ «Զինվոր ես» ստեղծագործությամբ: Aysor.am-ի հետ զրույցում հեղինակը նկատեց՝ այս երգի գաղափարը ծնվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ բոլորի հետ ապրում էր զինվորի կորստի ցավն ու ողբերգությունը:

«Այդ ժամանակ երկրորդ երեխայիս էի կրում, ու նման էմոցիաներն ինձ հակացուցված էին: Բայց չէի կարողանում ինձ վերահսկել, ամեն մի զինվորի կորստի մասին լսելով՝ անդադար արտասվում էի… Ու ծնվեց այս երգը», – պատմեց հեղինակը:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Մարինա Թագակչյանը սեփական ձայնով է շունչ տալիս իր ձեռքով գրված տողերին: Հարցին՝ ինչո՞ւ որոշեց հենց ինքը հանդես գալ նաև կատարողի կարգավիճակում, արդյոք երգն ավելի մեծ տարածում ու ճանաչում չէր ունենա, եթե վստահվեր մերօրյա ճանաչված երգիչներից որևէ մեկին, պատասխանեց.

«Ցանկանում էի ինքս ինչ-որ մխիթարական խոսք, սփոփանք հաղորդել մայրերին, սրտիս ձայնը, աղոթքը բարձրացնել հայ զինվորի համար: Գտա, որ որպես հեղինակ, էմոցիան ավելի ճիշտ կարող էի ներկայացնել: Հավատացեք, երբեք չեմ ցանկացել երգչուհու կարիերա ունենալ, չեմ էլ պատրաստվում այն կառուցել: Ոչինչ չունեմ ասելու, միգուցե ձայնային առավել հզոր տվյալներով, կամ՝ առավել հանրահայտ որևէ երգիչ ստեղծագործությանը շատ ավելի մեծ ճանաչում բերեր, բայց իմ նպատակն այս անգամ դա չէր, սա «ռասկրուտկայի» համար գրված, կոմերցիոն նպատակ հետապնդող երգ չէ: Սա կարևոր ասելիք է, որը պետք է ասվեր, ու ես նման թեմայով յուրաքանչյուր երգի համար ուրախ եմ: Ողջունում եմ՝ ով ուզում է կատարի, թեկուզ՝ ռաբիս երգիչը»:

Երգի համար նաև տեսահոլովակ է նկարահանվում, որի ռեժիսորը Արթուր Վարդանյանն է: Երաժշտությունը գործիքավորել է Վահան Նահապետյանը: Տեսահոլովակում նկարահանվել են Գնել Խաչատրյանն ու օպերային երգչուհի, դերասանուհի Յանա Մովսիսյանը: Ի դեպ, նկարահանմանն աջակցել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

«Վահան Նահապետյանին, բացի գործիքավորողից, համարում եմ նաև երգի մշակող, քանի որ միասին ենք քննարկել ամեն մի դետալ, ընդհուպ՝ ռեժիսորի ընտրությունը. երկուսս էլ հանգեցինք այն մտքին, որ այս գործը, միանշանակ, պետք է վստահել Արթուր Վարդանյանին, ով ունի բազմամյա փորձ և ստեղծագործական միտք: Չսխալվեցինք… Դերակատարների ընտրությունը հենց ռեժիսորն է կատարել, Գնելի կերպարը հատուկ է ընտրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ծառայության տարիներին բազմաթիվ շքանշանների է արժանացել, հորինված ու շինծու կերպար չէ: Ինչ վերաբերում է աջակիցներին, ապա ուզում եմ Ձեր միջոցով շնորհակալություն հայտնել ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ով առաջիկայում նկարահանվող մարտական տեսարանի համար իր համաձայնությունն է տվել, ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանին, ով աջակցել է տեսահոլովակի ամբողջ գործընթացին: Այս գործընթացում իր մեծ աջակցությունն ունի նաև այն հեռուստաընկերությունը, որի մի մասնիկն եմ ես. հատուկ շնորհակալություն «Երկիր մեդիա»-ին՝ գլխավորությամբ Գեղամ Մանուկյանի և Դավիթ Հակոբյանի, ովքեր միշտ պատրաստ են կանգնել այնպիսի նախագծերի կողքին, որոնք Հայոց բանակին ու հայ զինվորին են առնչվում», – մանրամասնեց մեր զրուցակիցը:

Նկարահանումները տեղի են ունեցել Հացավան գյուղում: Հիմնականում՝ տաղավարային նկարահանումներ են: Մարտական տեսարանները նկարահանվելու են զորամասերից մեկում: Տեսահոլովակը լսարանի դատին կհանձնվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում