Նապաստակն ու ոզնին

Նապաստակն ու ոզնին

Ամռան մի առավոտ ոզնին դուրս եկավ դաշտ զբոսնելու: Նրան պատահեց նապաստակը:

-Բարև, նապաստակ եղբայր, ո՞նց ես,- հարցրեց ոզնին:

Իսկ նապաստակը, փոխանակ քաղաքավարի բարևելու, ասաց.

– Այդպես վաղ ի՞նչ ես անում դաշտում, ոզնի:

– Զբոսնում եմ:

– Զբոսնո՞ւմ ես,- զարմացավ նապաստակը,- իմ կարծիքով քո այդ ծուռտիկ ոտներով շատ չես զբոսնի:

– Դու կարծում ես, թե ինձնից արա՞գ կվազես,- հարցրեց ոզնին:

– Իհարկե,- ծիծաղեց նապաստակը:

– Փորձենք,- ասաց ոզնին:

– Փորձենք,- ծիծաղեց նապաստակը:

– Դե այստեղ քիչ սպասիր, գնամ տուն, նախաճաշեմ, գամ: Լա՞վ:

– Լավ:

Ոզնին վազեց տուն և կնոջն ասաց.

– Կնիկ, շուտով շորերդ հագիր, պետք է դաշտ գնանք:

– Ի՞նչ կա որ,- հարցրեց կինը:

– Նապաստակի հետ գրազ եմ եկել, թե ո՞վ ավելի արագ կվազի: Դու պետք է ինձ օգնես:

– Գժվե՞լ ես, ինչ է: Դու ո՞նց կարող ես նապաստակից առաջ անցնել:

– Քո գործը չէ: Ես գիտեմ, թե ինչ եմ անում:

Կինը շորերը հագավ, և նրանք դաշտ գնացին: Ճանապարհին ոզնին կնոջն ասաց.

– Այ, այս դաշտով պետք է վազենք: Ես մի ակոսով, նապաստակը մյուս ակոսով: Դա մի ակոսի ծայրին նստիր, երբ նապատակը վազելով կգա քեզ մոտ, հանկարծ դուրս եկ և գոռա. «Ես արդեն այստեղ եմ»: Հասկացա՞ր:

– Հասկացա,- ասաց ոզնու կինը:

Իսկ ոզնին ու իր կինը այնպես նման էին իրար, ոնց որ ջրի երկու կաթիլ:

Այդ ժամանակ նապաստակը եկավ:

– Դե, վազենք,- ասաց նա:

– Վազենք:

– Մե՛կ, երկո’ւ, երե’ք:

– Վազենք:

Ոզնին մի քանի քայլ վազեց, ապա կամաց ետ դարձավ և իր տեղում հանգիստ նստեց: Երբ նապաստակը հասավ ակոսի ծայրին, հանկարծ ոզնու կինը դուրս եկավ ա գոչեց.

– Իսկ ես արդեն այստեղ եմ:

Շատ զարմացավ նապաստակը, որ ոզնին հաղթեց իրեն, և բարկացած գոչեց.

– Էլի վազենք: Մեկ, երկու, երեք,- և քամու նման վազեց:

Երբ որ տեղ հասավ, հանկարծ ոզնին դուրս եկավ և գոչեց.

– Իսկ ես արդեն այստեղ եմ:

– էլի վազենք,- բարկացավ նապաստակը: էլի վազեցին:

Նապաստակն այնքան այս ու այն կողմ վազեց, որ ուժասպառ եղավ:

– Դու ինձ հաղթեցիր,- ասաց նապաստակը և գլուխը կախ հեռացավ:

ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Հետևեք մեզ նաև Telegram-ում