Չափազանց շահագրգռված եմ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան գնալ կինո, թատրոն, իրենց պատմությունը ճանաչեն

Չափազանց շահագրգռված եմ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան գնալ կինո, թատրոն, իրենց պատմությունը ճանաչեն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Այս մասին տեղեկցնում է Panorama.am-ը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն է ներկայացրել 2017 թ. մշակույթի նախարարության կողմից իրականացված միջոցառումների մասին, մասնավորապես առանձնացնելով Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, որը Հայաստանի մասշտաբով ռեկորդային այցելություններ է ապահովել՝ 46207 այցելու. 1 ամսվա ընթացքում պատկերասրահի եկամուտը կազմել է շուրջ 15 մլն դրամ (2016 թ. պատկերասրահի տարեկան եկամուտն է եղել 15 մլն դրամ): Կազմակերպվել են «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն և «Music Drive Fest» երաժշտական առաջին միջազգային ռոք-փառատոնը:

Հիմնադրվել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման 4 փառատոն, ապրիլի 24-ին կազմավորվել է և Երևանում համերգ է ունեցել Համահայկական նվագախումբը: Տեղի է ունեցել Հայ-վրացական գեղարվեստական ճամբարը՝ Հայաստանի և Վրաստանի պատանի երաժիշտների համար, «Ջոն Մալկովիչը Հայաստանում» ծրագիրը: Կայացել է «Ահեղ դատաստան» մուլտիմեդիա ներկայացման առաջնախաղը՝ օպերային թատրոնի կողմից եվրոպական թատրոններից ձեռք է բերված վիրտուալ դեկորացիաների համակարգի հիման վրա:

Ստեղծվել է հայ-իրանական առաջին լիամետրաժ ֆիլմը, Թեհրանի ազգային թանգարանում տեղի է ունեցել «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսը: 2 միջոցառումն էլ լայն արձագանք են գտել և մինչ օրս այցելուների մեծ հոսք ունեն: Իրականացվել է «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի ու Արցախի 111 համայնքում և ՀՀ ԶՈՒ զորամասերում կազմակերպվել է 426 մշակութային միջոցառում. ծրագիրը շարունակվելու է նաև 2018 թ.:

Մեկնարկել է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ստեղծման և ներդրման գործընթացը (անցկացվել է մրցույթ). նախատեսվում է 3 ամսից համակարգը ներդնել Երևանում, 7 ամսից՝ ողջ հանրապետությունում: 13 թանգարան ստեղծել է հուշանվերների նոր տեսականի, գործարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի առցանց խանութը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման 4 փառատոն, ընդլայնվել է գրավաճառ ցանցը՝ նոր գրախանութների ստեղծմամբ և շարժական գրախանութների (գրաբուսների) գործարկմամբ: Իրականացվել են օրենսդրական դաշտի կատարելագործման աշխատանքներ:

Մշակույթի նախարարի խոսքով՝ 2017 թ. ոլորտում իրականացվել է 2 782 591 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում. մասնավոր ներդրումը կազմել է 2 680012 ԱՄՆ դոլար, պետական համաֆինանսավորումը՝ 102 579 ԱՄՆ դոլար: Մասնավորապես, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներդրվել է ներկայացումների էլեկտրոնային տարբերակի ցուցադրման համակարգ, ստեղծվել են գինու պատմության թանգարան, ժամանակակից ձևաչափով գրախանութ և «CINEMA» կինոդերասանի կենտրոն-ստուդիա, իրականացվել են «Շրջիկ կինոթատրոն», Հ. Թումանյանի տուն-թանգարանի ենթակառուցվածքների արդիականացման, Տիկնիկների թանգարանի ստեղծման, «Աուդիոգիդ բջջային հավելված» ծրագրերը, տեխնիկապես վերազինվել է Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներդրվել է արևային ֆոտովոլտային համակարգ, իրականացվել են հուշարձանների վերականգնման, ամրակայման, պեղման աշխատանքներ:

Արմեն Ամիրյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության 68 ՊՈԱԿ-ների համախառն եկամուտները 2017թ. գրանցել են աճի կայուն տեմպեր՝ կազմելով 1 748 537.8 հազ. դրամ՝ 2016 թ. 1 331 849.7 հազ. դրամի դիմաց:

2018 թ. նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները՝ նոր թանգարանների բացում, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի բացում, Միասնական երգչախմբի և Համահայկական նվագախմբի համերգներ, Մայիսյան հերոսամարտի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի ցուցադրություն, «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք», Պարի համահայկական փառատոն, Կոմիտաս փառատոն, գիտաժողով, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում քաղաքակրթական ցուցահանդեսի բացում, գրավաճառ ցանցի ընդլայնում և այլն:

Կարեն Կարապետյանը նախարարության առջև խնդիր է դրել՝ սահմանել հստակ ձևակերպված հաշվելի թիրախներ ըստ ոլորտային ուղղությունների: «Չափազանց կարևոր է իմանանք մեր մշակույթը և ինքնությունը: Չափազանց կարևոր է նաև մեր մշակույթն այլ երկրներում տարածելը և մեր քաղաքացիներին այլ մշակույթներին ծանոթացնելը, որպեսզի հանդուրժողականությունը, որը բնորոշ է մեր ազգին այլ երկրում ապրելու դեպքում, սեղմվի այստեղ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես չափազանց շահագրգռված եմ, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան գնալ կինո, թատրոն, իրենց պատմությունը ճանաչեն: Այս ամեն ինչը պետք է ձևակերպել խնդիրների, նպատակների տեսքով: Եթե չենք կարողանում ձևակերպել, խնդիրը չի լուծվում», – նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե գյուղական համայնքներում ազգային մշակույթի տարածման ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում: Մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը զեկուցել է, որ այդ նպատակով 2017 թ. մեկնարկել է «Արար» խորագիրը կրող «Ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրը: Սահմանամերձ 13 համայնքում արդեն ստեղծվել է 13 կենտրոն, որոնցում ընդգրկված են այդ համայնքներից ընտրված մասնագետներ և շուրջ 350 երեխա անվճար հիմունքներով ներգրավված է արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող խմբակներում՝ քանդակագործություն, նկարչություն, թատերարվեստ, խաչքարագործություն, երգ, պար, ասեղնագործություն և այլն: 2018 թ. նախատեսվում է եռապատկել կենտրոնների թիվը: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հնարավորություններ և մեխանիզմ ստեղծել նաև մասնավոր, այդ թվում՝ արտերկրի մեր հայրենակիցներին ծրագրի տարածման գործում ներգրավելու համար:

Անդրադառնալով գերատեսչության 2018 թ. առաջնային անելիքներին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հստակ ձևակերպել Հայաստանի մշակութային քաղաքականության նպատակները. «2017 թվականն ամփոփելուց հետո 2018-ի համար կոնկրետ խնդիրներ ձևակերպեք: Ուսումնասիրեք միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե ինչ ինդիկատորներ կան, որոնք կարող են ուղեցույց լինել մեզ համար: Մենք պետք է հստակ ձևակերպենք՝ ինչպես ենք մեր քաղաքացուն մեր մշակույթը սովորեցնում, որպեսզի ինքն իրեն որպես հայ իդենտիֆիկացնի և ինչպես ենք մեր մշակույթը դրսում տարածում: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ապրում են իմ ընկերները, բարեկամները և երեխաները, պատկերացնում եմ, թե ինչպիսի մշակութային միջավայր կուզենայի, որ լիներ, որպեսզի իրենք ժամանակակից քաղաքացի մեծանային: Ինչպե՞ս անենք, որպեսզի իրենք այս մշակույթի հետ առնչվեն, հայ մեծանան, իրենց մեջ այդ հպարտությունը լինի, բայց նաև ժամանակակից աշխարհի հետ համահունչ լինենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում