«Ագենտի հիվանդությամբ չեմ տառապում»

«Ագենտի հիվանդությամբ չեմ տառապում»

Հայտարարում է սոպրանո Դիանա Հարությունյանը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-ամյա պատմության ընթացքում մտաբերում ենք միայն մեկ բեմադրություն (եթե չենք սխալվում), որ ներկայացված լինի միջազգային փառատոնի, այն էլ Իսպանիայի Մերիդա քաղաքում անցկացվող օպերային արվեստի հեղինակավոր փառատոնում: Խոսքը Դոնիցետիի «Պողիկտոս» օպերայի մասին է, որը 1993թ. բեմադրել է Տիգրան Լեւոնյանը (բեմադրող դիրիժոր՝ Օհան Դուրյան): Այն հիշյալ միջազգային փառատոնին ներկայացվեց 1998թ., իսկ 2017թ. աշնանը Ժաննա Թամիզյանի կողմից վերականգնվեց (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան):Այս բեմադրությունը 1995թ. ներկայացվել է նաեւ Մեծ թատրոնում:

Ժամանակին «Առավոտն» անդրադարձել է վերականգնված «Պողիկտոսին»: Այս անգամ կրկին անդրադարձն այդ օպերային ստիպեց վերջերս կայացած ներկայացումից հետո մեներգիչների երկրորդ կազմին մասնագետների բարձր կարծիքը: Հատկապես այն, որ թե նախկինում եւ թե վերականգնված ներկայացմանը Պաոլինայի դերերգով հանդես եկած թատրոնի պրիմադոննա Անահիտ Մխիթարյանի կողքին նույն դերերգով փայլել է սոպրանո Դիանա Հարությունյանը: Նշենք նաեւ, որ երկրորդ կազմում դարձյալ առաջին անգամ հանդես եկող Պերճ Քարազյանի (Պողիկտոս), Դավիթ Բաբայանցի (Սեւերո), Պողոս Բեազբեկյանի (Կալիստեն) մասին մասնագետները նույնպես հնչեցրին հիացմունքի խոսքեր:

Կարելի է պատկերացնել երգչուհու հոգեվիճակը, երբ հանձնարարվում է մի դերերգ, որը ժամանակին ունեցել է հիանալի մեկնաբաններ՝ հանձինս Անահիտ Մխիթարյանի եւ Հասմիկ Հացագործյանի: Թեպետ Դիանա Հարությունյանը հանդես է եկել նաեւ Նորմայի դերերգով՝ Բելինիի համանուն օպերայում, որով 1970-ականների կեսերից սկսած փայլել է սոպրանոների մի ողջ համաստեղություն, այդ թվում՝ Գոհար Գասպարյանը, Անահիտ Մխիթարյանը, Հասմիկ Պապյանը եւ ուրիշներ: Նման դեպքերում ինչպե՞ս է կատարողին հաջողվում հաղթահարել, ասենք, հոգեբանական դժվարությունները: Այս հարցին ի պատասխան՝ Դիանա Հարությունյանն ասաց. «Հարգանքով եմ վերաբերվում կոլեգաներիս, յուրաքանչյուրն իր տեսակի մեջ է ներկայացնում կերպարը: Ինչ վերաբերում է «Պողիկտոսում» կերտածս Պաոլինային, աշխատել եմ երբեք չհամեմատվել, զուգահեռներ չանցկացնել այլոց հետ, քանի որ վստահ եմ՝ նման դեպքում «կխեղճացնես» ինքդ քեզ: Իմ ձայնը լիրիկո դրամատիկ սոպրանո է, հետեւաբար, այն այլ հնչողություն ունի»:

Դիանա Հարությունյանի առաջին դերերգը 2009թ.-ին էր, Դոնա Էլվիրան՝ Մոցարտի «Դոն Ժուանում»: Երգչուհուն հանդիպել ենք նաեւ երկրորդական դերերգերով՝ Վերդիի օպերաներում. «Տրավիատայում»՝ Անինա, «Տրուբադուրում»՝ Ինես: Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետում էլ երգչուհին վոկալիզով հնչեցնում է Նինայի ձայնը:

Երկրորդական դերերգերի մասին երգչուհին իր կարծիքն ունի. «Փոքր դերերգերի վրա աշխատելիս աճ ես արձանագրում, դրանք հաճախ հանդիսանում են կամրջակ՝ գլխավորներին հասնելու համար: Կոնկրետ իմ դեպքում՝ գլխավոր եւ երկրորդական դերերգ հասկացություններ չկան»: Զրույցի ընթացքում երգչուհուն հիշեցրինք, որ դեռեւս ուսանողական տարիներին մասնագետները մեծ ապագա էին խոստանում, նա մեկը մյուսի հետեւից մասնակցում էր մրցույթների, այդ թվում՝ Թամար Շահնազարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Գոհար Գասպարյանի անվան, 2008թ. Վիեննայում էլ առաջարկ էր ստացել ճանաչված մենեջերական կազմակերպության կողմից: Այս առիթով սոպրանոն հաստատեց, որ Վիեննայում ինքը համագործակցության առաջարկ է ստացել մի ագենտի կողմից, բայց իր տեւական հիվանդության պատճառով համագործակցությունը չի կայացել: Շեշտեց նաեւ. «Ագենտի հիվանդությամբ չեմ տառապում»: Թատրոնի մեներգչուհին խոսելով մոտ ապագայի իր ծրագրերից, ասաց, որ երկուսը՝ Աիդան եւ Լեոնորան պատրաստ են, որից հետո կսկսի աշխատել Տոսկայի դերերգի վրա:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում