Ում գանձն է ավելի լավը

Ում գանձն է ավելի լավը

Մի իշխան բազմաթիվ զարմանահրաշ գանձեր ուներ։ Ի՜նչ ասես կար դրանց մեջ, թե մորուքավոր առյուծի եղջյուր, թե ձկան պորտ, թե թենգուի հովհար և նույնիսկ որոտի աստված Կամինարիսամայի ազդրակապը։ Իշխանը շատ էր հպարտանում իր գանձերով, բայց նրա առանձնահատուկ հպարտության առարկան ոսկե աքաղաղն էր։ Այն շատ նման էր կենդանի աքաղաղի և ամեն օր, հենց լույսը բացվում էր, երեք անգամ կանչում էր․

-Ծուղրուղու․․․

Իշխանի համար մեծագույն վայելք էր ժամանակ առ ժամանակ իր գանձերը հանելն ու դրանցով հիանալը։ Իրեն առանձնապես դուր եկող գանձերից նա երբեք չէր հոգնում։

Իշխանն ուներ ութ գլխավոր ծառաներ։ Նրանցից յուրաքանչյուրը, ինչպես և վայել է իշխանական ծառաներին, ուներ իր գանձը՝ հազվագյուտ մի իր, որով հպարտանում էր։ Եվ ահա, մի օր իշխանը կանչում է այդ ծառաներին և նրանց ասում․

– Վաղը երեկոյան հրաշալիքների ցուցադրություն եմ կազմակերպելու։ Բոլորդ դղյակ կգաք ձեր գանձերով։ Նա, ում գանձը լավագույնը համարվի, մեծ պարգևի կարժանանա։

Ծառաներն ուրախանոււմ են։

– Գանձերի ցուցադրությու՜ն․․․Հետաքրքիր է․․․

– Պարգևն իմն է լինելու․․․

– Ի՜նչ ես ասում, իհարկե ոչ․․․Ես եմ ստանալու պարգևը։

Այսպես իրար մեջ խոսելով, ծառաները գնում են իրենց տները։

Հաջորդ օրը երեկոյան իշխանը գանձարանից հանում է ոսկե աքաղաղն ու սպասում։

Շուտով հայտնվում է առաջին ծառան։ Նա բերել էր իր գանձը՝ հրեշի աչք։ Երկրորդ ծառան փոքրիկ գանգ է բերում․

– Հորթի գանգ է, – ինքն իրենից գոհ ՝ ասում է նա։

Երրորդ ծառան վհուկի լապտեր է բերում, չորրորդը՝ փորսուղի ստամոքս, հինգերորդը՝ կիսաճտքավոր կոշիկներ՝ ճնճղուկի համար, վեցերորդը՝ աղավնու թևեր ու տոտիկներ, յոթերորդը՝ արհեստական ականջ՝ խուլ մարդու համար։ Այսպես մեկը մյուսի հետևից հավաքվում են յոթ ծառաներն ու սպասում ութերորդին, բայց նա ուշանում է։

– Ու՞ր է, ի՞նչ պատահեց նրան։

– Երևի ցույց տալու ոչինչ չունի։

– Այդ պատճառով էլ չեկավ․․․

Այսպես զրուցում են յոթ ծառաները, երբ հայտնվում է ութերորդը։ Նա հարգանքով խոնարհվում է իշխանի առաջ․

– Ուշացել եմ, արդարացում չունեմ։

– Ներողություն հետո կխնդրես, – անհամբեր ընդհատում է իշխանը, – արագ, ցույց տուր, ու՞ր է քո գանձը։

– Այո, այո, – կմկմում է ութերորդ ծառան, – միայն թե ես այնպիսի գանձ չունեմ, որը կարելի է առանձնահատուկ անվանել։

Ես չգիտեի՝ ինչ բերել այս երեկո և ինձ հետ ամենասովորական գանձ եմ բերել։

– Հո-հո՜․․․Սովորական գա՞նձ․․․դա ի՞նչ է։ Շուտ, ցույց տուր։

– Ես այն թողել եմ դղյակի դարպասի մոտ։

– Շուտ, գնա բեր, – իշխանն այրվում է անհամբերությունից։

Ութերորդ ծառան գնում է արագ վերադառնում է իր գանձով՝ չորս ուշիմ մանչուկների և չորս սիրունիկ աղջիկների հետ։ Երեխաները զույգերով կանգնում են և պատկառանքով խոնարհվում։ Հսկա դահլիճն ասես լուսվորվում է մանկական պայծառ դեմքերի փայլից։

Իսկ իշխանի ոսկե աքաղաղը և յոթ ծառաների բերած հրաշալիքները միանգամից խամրում են։

-Այո՜, – հոգոց հանելով ասում է իշխանը, – իսկապես որ հրաշալի գանձ է։ Չքնաղ երեխաներ են։ «Ամենասովորական գանձ․․․»։ Նրանց կողքին մեր հազվագյուտ իրերն ու գանձերն աղբ են։ Ես նախանձում եմ քեզ, որովհետև դու ունես Ճապոնիայի գլխավոր գանձը՝ երեխաներ։

Դու հաղթեցիր․ առաջին մրցանակը քոնն է․․․Շնորհավորում եմ։

Մյուս ծառաները լսում են իշխանի խոսքերն ու ամաչում։ Նրանք խոնարհում են իրենց գլուխները և երկար ժամանակ չեն բարձրացնում հայացքները։

Ճապոնական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում