Մեծ Պահքի խորհուրդը

Մեծ Պահքի խորհուրդը

Մեր Տերը այս հարցը ուղղեց նրանց, որոնք չէին հասկացել Պահքի բուն նպատակը: Նրանք չգիտեին, որ Հիսուսի աշակերտները ունեին մի ուրիշ կերակուր, որն ամեն օր ճաշակում էին Նրա բերանից բխող օրհնաբեր խոսքով և անմիջականորեն վայելում նույնինքն Աստծուն: Հետևաբար, կարիք կա՞ր մաքրվելու և մոտենալու Աստծուն, երբ Նա Ինքն էր մոտեցել մարդկանց: Մեր Տերը մեզ հետ չէ այսօր, սակայն մարդիկ զգո՞ւմ են արդյոք Նրա ներկայությունը իրենց մէջ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ են շարունակվում զանազան տեսակի մեղքերի շարանները ոխը, ատելությունը, նախանձը, վիճաբանությունները և այլն:

Տերը մեր կողքին է, բայց մենք մերժում և հեռացնում ենք Նրան մեզանից, ինչպես Անառակ Որդին, բայց երբ անդրադառնանք և ցանկանանք վերադառնալ, կարիքը պիտի ունենանք մի կողմ դնելու աշխարհային մտահոգությունները, որոնք խճողել են մեր մտքերն ու հոգիները կարիքը պիտի ունենանք վերանորոգվելու, մտածելու և մեր ներաշխարհում ամփոփվելու ու լռության մեջ լսելու Տիրոջ ձայնը: Այ’ս է իսկական պահքը:

Աստված ուզում է, որ մենք իբրև Իր հարազատ զավակները մշտապես ուրախ լինենք, բայց մյուս կողմից էլ ընդունում է ղզջումի և անդրադարձի համար մեր թափած արցունքները նրանք նկատելով որպես մերժման բողոքներ մեր կատարած սխալների ու մեղանչումների դեմ, խոնարհվում է, մխիթարում ու հույս է տալիս մեզ:

Պահքի կարևությունը շեշտելով և բուն իմաստն ու բովանդակությունը բացատրելով Ավետարանիչը նկարագրում է, թե Հովհաննես Մկրտչի աշակերտներին տարօրինակ էր թվում այն հանգամանքը, թե Հիսուս Իր առաքյալներին և հետևորդներին չէր ստիպում պահք պահել, ինչպես իրենց ուսուցիչն էր անում: Հիսուս նրանց պատասխանում է «Միթե կարելի՞ բան է, որ հարսանքավորները սուգ պահեն, քանի փեսան իրենց հետ է, բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի և ապա ծոմ կպահեն»: Սրանով Մեծ Վարդապետը հստակ ցույց է տալիս, որ պահքը, ծոմը, աղոթքը միջոցներ են և ոչ թե նպատակ: Իրական նպատակը Աստծուն մոտ լինելն ու Նրա ներկայությունը զգալն է:

Եկեղեցին, հավատարիմ Քրիստոսի խոսքին, խրատում է մեզ երեք բան անել – աղոթել, պահեցողություն անել և ողորմություն տալ: Աղոթքը մեզ մոտեցնում է Արարչին, պահեցողությունը մարմնական սննդից ավելի շեշտում է հոգևոր սննդի կարևորությունը, իսկ ողորմածությունը առիթ է տալիս մեզ մեր ունեցածը բաժանելու Աստծու զավակների՝ սովածների, աղքատների, կարիքավորների, բանտարկյալների և հիվանդների հետ:

Աստված մեզ կանչում է, որպեսզի մենք Իրենով երջանիկ լինենք և ներկա ու ապագա կյանքի ապահովությունը ունենանք: Առանց Աստծու՝ կյանքը մութ է: Նրա թևերի տակ ապրել նշանակում է՝ հավիտենական ապահովություն ունենալ, քանի որ Նա է բոլոր բարիքների աղբյուրը: Աստված մեզ չի ստեղծել միայն այս ժամանակավոր կյանքի համար, որ մի քանի տարիներ ապրենք, տառապենք ու մեռնելով՝ փոշիանանք: Նա Իր պատկերով ստեղծած մարդու համար մեծ ու փառավոր ապագայի ծրագրեր ունի, որոնք իր ժամանակին անպատճառ պիտի գործադրի: Մի’ խաբվեք, գերեզմանը կյանքի վախճանը չէ: Մահը այն դուռն է, որի միջով այս կյանքից հավիտենականության պիտի անցնենք: «Երանելի են այն մեռելները, որոնք Տիրոջով են ննջում»: Այ’ս է Ավետարանի պատգամը, որը հավիտյանս չի փոխվում: Չխաբվե’նք, մեր անհավատությամբ՝ ո’չ Աստված Իր գոյությունից կդադարի և ո’չ էլ Նրա դատաստանը կվերջանա, բայց Նրան չհետևելով՝ մե’նք կկորչենք: Հետևաբար՝ մի’շտ աղոթեցեք: Ամեն:

2018թ. Մեծ Պահքի պահեցողությունը սկսվում է փետրվարի 12-ից:

Պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում