Մեկնարկեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը

Մեկնարկեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը

Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: Տեղեկացնում է armchurch.info-ն։

Նախքան ցուցահանդեսի բացումը Վեհափառ Հայրապետը ծանոթացավ ցուցահանդեսի նմուշներին, խոսեց երիտասարդ արվեստագետների հետ:

Նշենք, որ այս տարին Վեհափառը հայտարարել է երիտասարդության տարի: Մայր Աթոռի թանգարանների կողմից ԳՀՃ-ի հետ համագործակցաբար կազմակերպված այս ցուցահանդեսները հնարավորություն են հանրահռչակման երիտասարդ «արարող ձեռքերի» համար:

Նախաձեռնությանը սիրով միացավ նաև Գևորգեան Հոգևոր Ճեմարանը: Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ԳՀՃ ուսումնական մասնաշենքի առաջին հարկում: Ճեմարանականները հետաքրքրությամբ մասնակցեցին կազմակերպչական աշխատանքներին:

ԳՀՃ տեսուչ Հոգեշնորհ Հայր Գարեգին վրդ. Համբաձումյանը ընդունելության և ողջույնի իր խոսքում կարևորեց նման միջոցառումները, հատուկ շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քհն. Կարապետյանին՝ ցուցահանդեսը ճեմարանում անցկացնելու նախաձեռնության համար: Իրենց շնորհակալական խոսքերով հանդես եկան քանդակագործ Սարգիս Բաբայանը և նկարիչ Միքայել Հարությունյանը, որոնց աշխատանքների ցուցադրությամբ էլ բացվեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը:

Իր օրհնության խոսքն ամենքին ուղղեց Գերաշնորհ Տ. Նաթան արք. Հովաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում