«Խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում». Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

«Խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում». Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

«Ես լրագրում կարդացի, որ հովիվների միջին տարիքը Թումանյանի շրջանի Դսեղ գյուղում յոթանասուն է։ Դա նշանակում է, որ եթե հովիվներից մեկը այնպես, պատահաբար քսան տարեկան է, ապա հովիվների մեջ կա նաև հարյուր քսան տարեկան մի ծերունի։ Եթե լիներ այդպիսի մի ծերունի՝ ամբողջ աշխարհը կիմանար, որ կա այդպիսի մի ծերունի։ Չկա։ Ուրեմն քսան տարեկանն էլ չկա։ Ուրեմն բոլորն էլ յոթանասուն տարեկան են կամ մոտավորապես են յոթանասուն։ Նրանց համար բեռ է արդեն իրենց մարմինը, բայց դեռ քարշ են գալիս ոչխարի ետևից։ Դեռ քարշ են գալիս։ Վաղը չեն կարող».

«Բաց երկնքի տակ հին լեռներ», Հրանտ Մաթևոսյան

Փետրվարի 12-ին հայ մեծ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Արձակագրի պաշտոնական կայքում ներկայացված է Մաթևոսյանի կենսագրությունը, որի հեղինակը հենց ինքն է: 2001 թ. արձակագիրն իր կենսագրությունն այսպես է շարադրել:

ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹևՈՍՅԱՆ

Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է «Մենք ենք, մեր սարերը», «Բեռնաձիեր» (Оранжевый табун, The Orange Herd), «Խումհար» (Похмелье, Hangover), «Տաշքենդ», «Աշնան արև» (Мать едет женить сына , «Autumn sun» /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով: Մոսկվայի «Прогресс» հրատարակչությունը «The Orange Herd» («Նարինջ» երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան «Ալբին Միշել» հրատարակչությունը տպագրել է Հրանտ Մաթևոսյանի ընտրանին՝ «Աշնան արև»:

Մաթևոսյանի սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ – կարմիր աշխարհը» կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ «Օգոստոս» կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեն և «Չեզոք գոտի» պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են «Աշնան արևը» և «Կայարանը»: Ողջ է, աշխատում է «Տերը» մեծածավալ գործի, «Եզրով» վիպակի, «Մեռելալույս» – Рассеянный свет – վեպի վրա:

Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու – Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:

Ընտանիքը – կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:

***

Հայկական և հրեական արմատներ ունեցող ռուս գրող Սերգեյ Դովլաթովը Մաթևոսյանի մասին գրել է. «Նա ինձ բոլորովին նման չէ, նա իսկական հայ է, խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում: Նա այնքան ամաչկոտ, անկեղծ, բարի, հրեշտականման մարդ է, որ նրա հետ ընկերանալով, սկսեցի նայել այսպես ասած նրա աչքերով: Երբ կարդում եմ հայաստանյան իրադարձությունների մասին, ես պատկերացնում եմ, թե ինչ է զգում Մաթևոսյանը: Այ այսպես՝ նրա հանդեպ տածած սիրո միջոցով, իմ մեջ ինչ-որ հայկական զգացմունքներ առաջացան…»:

Մաթևոսյանի ընտանիքը Գրողների միության հետ արդեն 10 տարի է Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ է հանձնում: Մրցանակակիր ընտրելիս կարևոր սկզբունքը, գրողի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի խոսքով, Մաթևոսյանի աշխարհայացքակիր լինելն է: Մրցանակին այս տարի արժանացավ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Գաբրիելյանը:

Գրողների միությունը Կոմիտասի անվան պանթեոնում Մաթևոսյանի հիշատակին նվիրված միջոցառում անցկացրեց: Միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով՝ Հրանտ Մաթևոսյանը այն գրողներից է, ում ընթերցելը «պարապ վախտի խաղալիք» չէ, որ թեթևակի ընթերցես ու համարես լավ կամ վատ: «Նա մշտապես խորքեր-ծալքեր ունեցող, բացահայտվող, մեր հայ ինքնության քարտեզը՝ պատմական, ներկա և ապագա քարտեզը միշտ ստեղծող, շարունակող, լրացնող, խորացնող, պեղող արձակագիր է»,- ասաց նա:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում