Հայաստանն այնքան հյուրընկալ երկիր է, որ մեզ իր գիրկն է առնում. «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես»-ը՝ Հայաստանում

Հայաստանն այնքան հյուրընկալ երկիր է, որ մեզ իր գիրկն է առնում. «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես»-ը՝ Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 25-ին կբացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով ցուցահանդեսը, որին կմասնակցեն արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից:

Մեկնարկի մասին հայտարարվեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին, Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գլխավոր տնօրեն Ստեֆանո Ապուցցոն, «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն և ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանը:

«Շնորհակալ եմ այն վստահության համար, որը դուք ցուցաբերել եք: Շատ գոհ եմ, որ միտքն արդեն իրականություն է դառնում: Սա շատ կարևոր քայլ է երկու՝ այսքան մշակութային երկրների համար: Մշակույթի լեզվով մենք խոսելու ենք ոչ թե անցյալի, այլ՝ ներկայի մասին», – հանդիպման ընթացքում նշեց դեսպան Ջովանի Ռիչուլին:

Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանն էլ նկատեց՝ նախաձեռնությունն անչափ կարևոր է մի քանի պատճառներով.

«Նախ, Հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնելու իր ժամանակակից արվեստը, նաև այն՝ թե աշխարհում այդ բնագավառում ինչ է տեղի ունենում: Սա հնարավորություն է փոխանակվելու տպավորություններով: Այս միջոցառումը կարևոր է նաև ներկայացուցչական առումով, ակնկալում ենք բավականին մեծ քանակությամբ արվեստագետների ժամանումը ոչ միայն Իտալիայից, այլ նաև այլ երկրներից: Նրանք կտեսնեն Հայաստանը, մեր ձեռքբերումները, կծանոթանան մեր արվեստի պատմությանը: Կարևոր է այն հանգամանքը, որ միջոցառումն անցկացնում ենք սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, երբ տեղի է ունենալու նաև ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ու դրա շրջանակներում ժամանած հյուրերը ևս առիթ կունենան ներկա գտնվելու ու տեսնելու, որ Հայաստանն իր ուրույն դերն է տեսնում աշխարհում նաև մշակույթի ոլորտում»:

«Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն ընդգծեց, որ իրենց ընկերության նախաձեռնության հիմնական նպատակը արտասահմանյան ներդրողների՝ Հայաստանի վրա ուշադրությունը սևեռելն է: Նրա խոսքերով՝ սա յուրահատուկ դեպք է, երբ մշակույթի միջոցով ճանաչել կտան Հայաստանը:

Երկու մարդու գրկախառնության պատկերմամբ լոգոյի իմաստին անդրադառնալով՝ բանախոսը բացատրեց՝ այն Միլանի ստուդիաներից մեկում են պատրաստել, որի իմաստը հետևյալն է՝ Հայաստանն այնքան հյուրընկալ երկիր է, որ մեզ իր գիրկն է առնում:

Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գլխավոր տնօրեն, Իտալիայի կառավարության նախկին անդամ, պատգամավոր Ստեֆանո Ապուցցոն և Ալբերտո Կալիոստրոնին նախքան Հայաստան այցելությունը Հռոմում հանդիպել են Իտալիայի Մշակույթի նախարարին, ով իր աջակցությունը և ոգևորությունն է հայտնել նման նախագիծ իրականացնելու համար: Ապուցցոն կարևոր համարեց, որ 5 մայրցամաքների վրա տարածվող այս ծրագիրը ծնվել է Հայաստանի և Իտալիայի համագործակցության շրջանակներում, որոնք քրիստոնեության խորան հանդիսացող, դարերի պատմություն ունեցող երկու ազգեր են:

Ցուցահանդես-փառատոնը մեկ հարթակով չի սահմանափակվելու, տարբեր բաժիններով բաշխվելու է Հայաստանի մայրաքաղաքի խոշորագույն մշակութային օջախներում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ և այլ կազմակերպություններ:

«Բնականաբար, միջազգային ցուցահանեսներ այսօր ամբողջ աշխարհում են կազմակերպվում, սակայն, հատկապես Հայաստանում կայացածներն ունեն որոշ սահմանափակումներ՝ թեմատիկ, տեխնիկական միջոցների և այլն: Իսկ այս ցուցահանդեսը տարբերվելու է հենց այն հանգամանքով, որ ամբողջական կերպով ենք փորձելու ներկայացնել, ներգրավվելու են արվեստագետներ ամբողջ աշխարհից, ինչը հնարավորություն կտա մեկ հարթակում տեսնել տարբեր մշակութային մտածողություններ», – մանրամասնեց ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանը:

Միտումնավոր ընտրված են վերջին 3 տասնամյակների (1991-ից 2018 թթ.) ընթացքում ստեղծված աշխատանքները: Կընդգրկվեն կերպարվեստի բոլոր տեսակները՝ գեղանկարչություն, ունիկալ գրաֆիկա, էստամպ, քանդակագործություն, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի յուրատիպ նմուշներ, գեղարվեստական լուսանկարչություն, կոնցեպտուալ արվեստ և այլն: Տարիքային սահմանափակում ևս չկա, կմասնակցեն ոչ միայն ճանաչում ունեցող, հայտնի արվեստագետները, այլև՝ սկսնակները:

Մասնակցել ցանկացող արվեստագետները պետք է հայտ ներկայացնեն մարտի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում: Ընտրությունը կատարելու է հայ և իտալացի էքսպերտներից բաղկացած գեղարվեստական խորհուրդը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում