Ազգային երգ ու պարով, լարախաղացով Գյումրիում նշել են Տյառնընդառաջը

Ազգային երգ ու պարով, լարախաղացով Գյումրիում նշել են Տյառնընդառաջը

Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը: Երեկոյան և առավոտյան ժամերգությունների ընթացքում Ավետարանների ընթերցումները նվիրվում են քառասնօրյա Փրկչի Տաճար գալուն:

«Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից», նշեց քահանան։

Հավատացյալները մասնակցեցին աղոթքին, ապա քահանան կատարեց անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը, որը ձմռան ավարտի և գարնանամուտի մունետիկն է: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Մոմի լույսը՝ որպես Քրիստոսի փրկության լույսի խորհրդանիշ, ժամերգության ավարտին տանում են և լուսավորում իրենց օջախները կամ վառում են իրենց տրնդեզի խարույկները: Այդ օրը յուրահատուկ է մասնավորապես նորապսակների, հարսնացուների եւ փեսացուների, ինչպես նաեւ սիրահար զույգերի համար, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ՝ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր:

Գյումրիի Կենտրոնական հրապարակում վառվեց խարույկը, որն իր խորհուրդն ունի: Խարույկի հուրը բորբոքելով՝ Աստծու սիրո հուրն ենք խնդրում: Հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն:

Այնուհետև սկսվեց երգ ու պարը: Թեև դրսում անձրև էր, բայց տյարընդառաջի կրակը վառ մնաց, իսկ տրամադրությունը՝ բարձր: Գյումրիի ակտիվ երիտասարդների, «Հրայրք» պարային խմբիպարողների, տեղի ազգային պարային խմբերի ոգևորությունը վարակում էր ներկաներին, իսկ խարույկի մոտ իրար հերթ չտալով թռնում էին ջահելները: Իսկ ավելի տարեցները խարույկից վառում էին մոմերը, որ տուն տանեն, կամ էլ մոխիրից մի կտոր վերցնել ու հաջողությունը տուն տանել:

Գյումրեցիների ուշադրության կենտրոնում նաև լարախաղացը, ով լարի վրա տարբեր հնարքներով զվարճացնում էր ներկաներին: Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում