Ուղտն ու ծիտը

Ուղտն ու ծիտը

Ո՞վ ստեղծեց գազաններին,
Թռչողներին, վազաններին,
Երբ որ հերթը ուղտին հասավ,
Ուղտին տվեց բարձր հասակ,
Մեջքը՝ շատ հարթ ու հավասար,
Ոտքը՝ երկար, բայց ոչ բարակ,
Վիզն էլ՝ սիրուն մի աշտարակ։
Եվ մի օր էլ Ստեղծողը
Ուզեց բոլոր զավակներին
Իր մոտ կանչել,
Լավ ճանաչել։
Հավաքելն էլ դժվար բան չեր․
Սրան ճանփեց՝ նրան կանչի,
Նրան ճամփեց՝ սրան կանչի։
Ուղտն էլ գնաց՝ ծտին բերի․
«Քեզ կանչում են, դե, շուտ արի»։
Իսկ ծիտն ասաց․
«Սրա՜ն դու տես,
Մի այնպիսի քացի կուտես,
Որ յոթ անգամ կպտտվես»։
Նայեց ծտին ուղտը հսկա,
Ու ծիծաղեց ուղտը քահ-քահ,
Ու ծիծաղեց հսկան այնքան,
Որ ծիծաղից գետնին փռվեց։
Ու ծիծաղեց․․․վիզը ծռվեց,
Մեջքը ծռվեց,
Ոտքը ծռվեց։
Վիզ, մեջք ու ոտք ծռված գնաց
Ով այդպես էլ ծռված մնաց․․․

Պարույր ՍԵՎԱԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում