Միշտ հետաքրքրված եմ եղել վաղնջական արմատներ ունեցող հայկական մշակույթով. Չինացի դաշնակահար Չժան Հայոուն Հայաստանում է

Միշտ հետաքրքրված եմ եղել վաղնջական արմատներ ունեցող հայկական մշակույթով. Չինացի դաշնակահար Չժան Հայոուն Հայաստանում է

Այսօր ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Հայաստանի Պետական կամերային նվագախմբի՝ «Չժան Հայոուն նվագում է ՄՈՑԱՐՏ» խորագրով համերգը, որին մասնակցելու է նաև Չինաստանից ժամանած դաշնակահար Հայոու Չժանը: Համերգը կղեկավարի Հայաստանի Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

«Որպես երաժիշտ՝ իրեն ճանաչում էի, բայց երբեք իր համերգներին ներկա չէի եղել: Տարեվերջին Լոնդոնում էի, ինքն էլ այնտեղ համերգ ուներ, որին ես էլ էի ներկա: Շատ հավանեցի իր կատարումը, հասկացա, թե դաշնամուրին ինչ վարպետությամբ է տիրապետում, պայմանավորվեցինք հայաստանյան համերգի մասին», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վ. Մարտիրոսյանը:

Հայոու Չժանը, ով Հայաստանում առաջին անգամ է, ընդգծեց՝ միշտ հետաքրքրված է եղել վաղնջական արմատներ ունեցող հայկական մշակույթով: Ցավոք, այս անգամ ժամանակը սուղ է ու չի բավականեցնի ծանոթանալու հայկական հրաշքներին, բայց մյուս անգամ, անպայման, կլրացնի այդ բացը: Այնուամենայնիվ, չինացի երաժիշտը հասցրել է համտեսել ու հավանել հայկական խորովածը:

Չինաստանում դասական երաժշտության մեծ տարածման պատճառներին անդրադառնալով՝ 33-ամյա Հայոու Չժանը նկատեց.

«80-ական թվականներին դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէր: Բայց վերջին 20 տարվա ընթացքում, երբ երկիրը տնտեսական վերելք ապրեց, հետաքրքրությունը մեծացավ նաև մշակույթի հանդեպ: Այսօր շուրջ 50 միլիոն դաշնակահար ունի Չինաստանը, սակայն երաժշտական մյուս գործիքների նկատմամբ հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ»:

Ինչպես երաժիշտը վստահեցրեց, ի տարբերություն այլ ազգերի, չինացի ծնողներն իրենց երեխաների երաժշտական կարիերայի համար մեծ գումարներ են ներդնում՝ վստահ լինելով, որ նրանք բարձր բեմեր են նվաճելու:

«Մեզ մոտ ժամանակին երաժշտական ռուսական դպրոցն էր տարածված, բայց վերջին 15 տարիներին շատերը ամերիկյան համալսարաններ դիմեցին: Ես ընտրեցի Գերմանիան՝ կարևորելով այն փաստը, որ գրեթե բոլոր մեծագույն կոմպոզիտորները գերմանացիներ են ու նրանցից առավել շատ սովորելու բան կունենամ: Ուզում էի գնալ այնտեղ, որտեղ դասական երաժշտության արմատներն են», – հավելեց հյուրը:

Հայ կոմպոզիտորներից շատ լավ գիտի Արամ Խաչատրյանին: Խոստովանում է՝ բոլոր չինացի երեխաները նվագել սովորելու ժամանակ օգտվում են Խաչատրյանի դաշնամուրային մանկական ալբոմից: Ու թեև ծանոթ չի Կոմիտասի ստեղծագործություններին, բայց այսուհետ Վահան Մարտիրոսյանի աջակցությամբ այդ բացը կլրացնի:

Հանդիպման ավարտին Հայոու Չժանը երաժշտական անակնկալ մատուցեց հայ լրագրողներին:

Նշենք, որ այսօր կայանալիք համերգային ծրագրում ընդգրկված են Մոցարտի ստեղծագործությունները. Piano Concerto No.12 K.414 in A Major, Piano Concerto No.13 K.415 in C Major, Adagio and Fugue K.546 in C Minor, Eine Kleine Nachtmusik in G Major:

Հետևեք մեզ նաև Telegram-ում