Երանի՜ մեր սերունդն ու ապագայի սերունդներն էլ պահեն այդ սովորությունները եւ փոխանցեն իրենց հաջորդներին

Երանի՜ մեր սերունդն ու ապագայի սերունդներն էլ պահեն այդ սովորությունները եւ փոխանցեն իրենց հաջորդներին

Երբ տարվա ընթացքում մոտենում են Հայ Եկեղեցու այն տոները կամ հիշատակության օրերը (Սուրբ Սարգիս, Տեառնընդառաջ, Վարդավառ, Սբ. Աստվածածին եւլն.), որոնց հետ զուգահեռ մեր եկեղեցին կամ ժողովուրդը հիշում են նաեւ այս կամ այն ազգային-ավանդական սովորությունը եւ տոնախմբում այն, աղանդավորները «յարմար առիթը» կրկին օգտագործելով աշխուժանում են սոցիալական ցանցերում եւ թացն ու չորը իրար խառնելով «մի լավ փնովում են» մեր Եկեղեցին, թե իբր տեսեք-տեսեք, դրանք քրիստոնեական չեն, հարիր չեն Սուրբ Գրքին, թե Հայ Եկեղեցին ավելի կարեւորություն է տալիս ավանդությանը, հեթանոսական տոներ է տոնում եւ այլն: Եւ մենք էլ ստիպված ենք լինում պաշտպանողական ու ջատագովական գրություններով պաշտպանվել ու բացատրել, որ դա այդպես չէ, որ աղանդավորները խեղաթյուրված են ներկայացնում մեր հավատքը, մեր Եկեղեցին, մեր դարավոր սովորությունները:

Այն որ աղանդավորները խեղաթյուրված են ներկայացնում մեր ճշմարիտ եւ ուղղափառ քրիստոնեությունը, դա անկասկած է: Դա նրանց ձեւն է, դա նրանց մութ ու բացահայտ նպատակն է, (խոսքի) վաճառականության մերժելի սկզբունքներից մեկն է, երբ անձը կամ առեւտրական կամ այլ տեսակի հաստատությունը սեւացնում ու արժեզրկում է ուրիշի ապրանքը, որպեսզի իր անորակ ապրանքը կարողանա «նաղդել» ուրիշին: Այս ձեւը կիրառվում է նաեւ քաղաքականության մեջ՝ սեւացնել ուրիշին եւ որքան կարելի է շատ, որ սեփական կեղտը մեջտեղ չգա: Ցավալիորեն սա կիրառվել եւ կիրառվում է նաեւ բոլոր այսպես կոչված քրիստոնեական նորածիլ ուղղությունների կողմից՝ հաճախորդ փախցնելու գաղտնի ու բացահայտ մտադրությամբ:

Այնուհանդերձ չեմ կարծում, որ մենք տուրք պիտի տանք սրանց խեղված մեկնաբանություններին եւ վախվորած պաշտպանենք մեզ ու մեր Եկեղեցին: Մեր Եկեղեցին իր ճշմարիտ հաւատքով ու դարերի բովով թրծված ավանդություններով դիմակայել է աջից ու ձախից եկած բազմաթիվ հարվածների, սակայն պահել ու փոխանցել է առաքյալներից ժառանգած իր հավատքը սերնդե-սերունդ եւ եկել ու հասել մինչեւ մեր օրերը: Եւ այնքան սուրբ են մեր Երկիրն ու Եկեղեցին, որ Հիսուս Քրիստոս՝ մեր Տերն ու Փրկիչը, Իր Համբարձումից հետո միակ տեղը, որ արժանացրել է իր օրհնյալ ու հրաշագեղ այցին, Իջման Տերունակոխ Սեղանն է Սուրբ Էջմիածնի: Եւ ոչ ոք, ոչ մի աղանդավոր ու չգիտեմ ով, չի կարող սասանել նրա հիմքերը, քանի որ աստավածահիմն է ու հավերժական:

Այո՛, մենք ունենք ավանդություններ, որ ավելի հին են քան Աստուծո Որդու մարդեղացումը կամ քրիստոնեության հաստատումը: Մենք հին ժողովուրդ ենք, ունենք աշխարհի եւ մարդկության արարչագործության սկիզբները հասնող արմատներ: Եւ հիշողությամբ ու սերնդե-սերունդ փոխանցմամբ պահել ենք որոշ ավանդություններ ու սովորություններ: Եւ լա՛վ ենք արել: Երանի՜ մեր սերունդն ու ապագայի սերունդներն էլ պահեն այդ սովորությունները եւ փոխանցեն իրենց հաջորդներին: Դրանք մեր ազգի համն ու հոտն են, իսկ քրիստոնեությունն էլ՝ գույնը մեր մաշկի:

Այո՛ եւ կրկին այո՛, մենք դավանում ենք Հիսուս Քրիստոսին որպես Աստուծո Որդի եւ Փրկիչը մարդկության: Մենք հավատում ենք, որ Նրանո՛վ ենք մենք գտնում ճշմարիտ ճանապարհը դեպի Աստված, դեպի երկինք ու հավերժություն: Միայն Նրանո՛վ կա մեղաց թողություն: Նա՛ է մեր Օծյալ Տերը, Նա՛ է մեր խոստացված Փրկիչը, Նա՛ է «Ճանապարհը, Ճշմարտությունն ու Կյանքը»:

Այո՛, մենք հավատում ենք սուրբերի բարեխոսության եւ հարգանք ու ակնածանք ունենք նրանց նկատմամբ: Մենք հավատում ենք, որ մեր Տիրոջ ու Փրկչի Մայրը, ով իր սրբացյալ արգանդում կրել է Աստուծո Որդուն եւ բերել աշխարհ, ով իր կենսապարգեւ կաթով սնել է Նրան ու գուրգուրել, բարեխոսն է ու մայրը նաեւ բոլոր քրիստոնյաներիս՝ իր Որդուն հավատացողների, Նրա անունը փառաբանողների, Նրան երկրպագողների:

Մենք հավատում ենք, որ Տիրոջ առաքյալները, որոնցից երկուսը եկան Հայաստան, ովքեր իրենց աչքերով տեսել են Փրկչին երկրի վրա, ովքեր գրեթե ամեն օր շփվել են նրա հետ ու դիպչել Նրան, ովքեր ընտրվել են Տիրոջ կողմից՝ Իր առաքելությունը շարունակելու համար, ովքեր իրենց կյանքն են տվել Քրիստոսի լոյս Ավետարանի քարոզչության համար, սրբացել են ու արժանացել Տիրոջ տեսության նաեւ երկնային լույս բարձունքներում եւ այնտեղից բարեխոսն են իրենց իսկ կողմից հաստատված եկեղեցիների ու հավատացյալների:

Մենք հավատում ենք, որ եռամեծար Սուրբն Մեսրոպ Մաշտոց, ում Տէրը շնորհեց պատիվն ու առաքելությունը, մեր ժողովրդին ընծայելու Այբուբենն Հայոց, որպեսզի մեր ժողովուրդը Աստծու հետ բարբառի եւ Նրան աղոթքներ ու փառաբանական շարականներ ձոնի հայերեն լեզվով, սրբացված է նույնինքն Տիրոջ կողմից եւ բարեխոսն է տերունակոխ Հայոց Աշխարհի:

Եւ դեռ կարելի է երկարել ու երկարել այս ցանկը բազմաթիվ եռամեծար սուրբերի նվիրական անուններով, ովքեր, մենք հավատում ենք, որ ապրում են Աստուծո հավերժական ներկայության մեջ եւ բարեխոսն են ողջ քրիստոնեության:

Բայց այս անձերը նաեւ մեր արմատնե՛րն են, պատմությո՛ւնն են, մեր հիշողությո՛ւնն են, մեր ինքնությո՛ւնն են: Նույնն է նաեւ մեր ավանդությունների պարագայում: Ինչո՞ւ պետք է հրաժարվենք մեր հին-հին դարերի ավանդություններից, ինչո՞ւ պիտի չհիշենք ու չկատարենք նրանք, ինչ է թե մի քանի աղանդավոր նորելուկներ ամեն ինչ աղավաղելով փորձում են պղտոր ջրում ձուկ որսա՞լ:

Հիսուս ասում է. «Կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն»:

Մենք փառաբանում ու երկրպագում ենք Աստծուն եւ Աստծուն ընծայված երկրպագությունն ու փառաբանությունը չենք ընծայում որեւէ մեկին կամ ինչ-ինչ առարկաների ու իրերի՝ ջրի կամ կրակի, աղի, խաղողի եւ կամ ցորենի: Եւ եթե մեծ կամ երիտասարդ, տղա կամ աղջիկ, աղի բլիթ է ուտում կամ կրակի վրայից թռչում, կամ խաղող չի ուտում, ապա հոգեւորականներիս պարտականությունն է քաջալերել դրանց կատարումն ու պահպանումը, որպես ազգային հին սովորություններ ու ավանդություններ եւ նաեւ սովորեցնել ու հիշեցնել, որ դրանց ոչ թե պետք է հավատ ընծայել, այլ կատարել պարզապես որպես ազգային ու ավանդական սովորություններ:

Տեղին է կրկին հիշել Գարեգին Ա երջանկահիշատակ կաթողիկոսի խոսքը ազգային ավանդությունների մասին.
«Եթէ ողկոյզ մը խաղող ուտես Սբ. Աստուածածնի Վերափոխման տօնէն առաջ՝ մահացու մեղք գործած չես ըլլար եւ դժողք չես երթար…։

Եթէ չուտես մինչ այն օրն, երբ Եկեղեցին կ’օրհնէ այդ խաղողը, աշխարհին հետ քայլ պահելէ մազաչափ մ’իսկ ետ չես մնար։ Բայց եթէ որոշես չուտել. եւ աւելին բարեկամիդ, դրացիիդ ըսելուն մէջ պզտիկութիւն չզգաս թէ՝ ազգային աւանդութեան սիրոյն է, որ չես ուտեր, ազգդ է որ քու մէջդ կ’արձագանգէ ազգային գիտակցութեանդ եւ աւանդութեանդ պահպանութեանդ թելադրականութեամբ։ Վստա՛հ եղիր, չես արհամարհուիր ուրիշներէն, կրնաս միայն յարգուիլ բանիմաց եւ գիտակից անձերու շրջանակէն։

…Չմոռնա՛ս երբեք, որ հայրենի հողէն հեռու ապրողներուս համար մեր իւրայատուկ աւանդութիւնները հայրենի հո՛ղ են մեր կեանքին մէջ»:

Տեր Սերովբե վարդապետ Իսախանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում