«Կարող էինք յուղ լցնել կրակի վրա, սակայն դա միայն վնաս կհասցներ մեզ». Մաշալյան

«Կարող էինք յուղ լցնել կրակի վրա, սակայն դա միայն վնաս կհասցներ մեզ». Մաշալյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի նախագահ, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ բացատրելով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ պատրիարքի փոխանորդի պաշտոնում վերանշանակումն ու Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հրաժարականը:

Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ում տեղ գտած ծավալուն մեկնաբանությունում Մաշալյանն անդրադարձել է նաև թուրքական պետության՝ պատրիարքի ընտրության գործընթացին միջամտությանն ու համայնքում տիրող այժմյան իրավիճակին:

Ստամբուլի նահանգապետարանի՝ պատրիարքի ընտրությունն անհնարին համարող նամակի ու դրան հաջորդած Կրոնական ժողովի որոշման մասին Մաշալյանի մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.

«Մեկ տարի շարունակ պետության կողմից մեր սպասած պատասխանը եկավ. «Քանի դեռ պատրիարքը ողջ է՝ նոր պատրիարք ընտրել չեք կարող»:

Օրենքը, թե որ պայմաններում պատրիարքական աթոռը կարող է թափուր համարվել, ամրագրված է 1863 թվականի Հայ Ազգային սահմանադրությամբ և 1961 թվականի Պատրիարքական ընտրության ուղեցույցով, այստեղ տեղ է գտնում «պատրիարքի մահը, հրաժարականն ու այլ պատճառներ» ձևակերպումը: Այս երկու փաստաթղթերում էլ ամրագրվածը զուտ եկեղեցական կանոնակարգ չէ, այն ամրագրված է նաև պետության կողմից և պարունակում է պատրիարքարանի և պետության՝ միասնական կերպով արտահերթ իրականացվելիք կանոններ: Պետությունը եկեղեցու պես իրավունք ունի մեկնաբանելու այս ձևակերպումները: Ահա և նրանք դա արեցին և պատրիարքի առողջական խնդիրները փաստաթղթում նշված «այլ պատճառներ»-ի մեջ չհաշվեցին: Թեև մեր պատրիարքը Կրոնական ժողովի կողմից հանգստի էր կոչվել ոչ թե հիվանդության, այլ գիտակցության կորստի պատճառով, ինչն էլ հաստատվել էր պետության կողմից: Հուսամ, որ այս նրբությունը հետագա բանակցությունների ժամանակ կբացատրվի պաշտոնյա մարմիններին»:

Ըստ Մաշալյանի՝ պետության նման քայլը կարելի է մեկնաբանել որպես ոչ այնքան եկեղեցական գործերին խառնվել, որքան փոքրամասնության իրավունքները մինչև վերջ համապատասխան ուշադրության չարժանացնել:

Հարցին, թե ինչու այս անգամ մեկ տարի առաջվա պես չդիմադրեց ու չպայքարեց համայնքի իրավունքների համար, Մաշալյանը պատասխանել է. «Ես իսկապես նման հնարավորություն ունեմ: Կարող էինք յուղ լցնել կրակի վրա, խառնել ամեն ինչ: Կարող էինք: Շատ էլ ոգևորիչ կլիներ: Սակայն դա միայն վնաս կբերեր մեզ: Եկեղեցու խորհրդանշանը նավն է, մենք՝ հոգևոր առաջնորդներս, պատասխանատու ենք այդ նավն անվնաս առաջ տանելու համար: Գիտեմ, շատ ոգևորված անձինք կասեն՝ «վրայո՛վ անցիր, ինչ լինում է՝ թող լինի, միայն թե Արամը չլինի»: Մենք Արամ Աթեշյանի հետ հիմնարար հարցերում տարաձայնություններ ունենք, սակայն դրանք անձնական բնույթ չեն կրում, մենք թշնամիներ չենք»:

Մաշալյանը շեշտել է, որ Արամ Աթեշյանն այլևս պարտավոր է անհապաղ զբաղվել համայնքային հրատապ հարցերով, որոնք ճգնաժամային փուլում են գտնվում: Ըստ նրա՝ դրանց թվում են Արևմտյան Հայաստանի գավառներում մնացած հայերի շրջանում համապատասխան աշխատանքների իրականացումը, ինչպես նաև օր առաջ եկեղեցուն կից նոր հանձնաժողովի ստեղծումը՝ ինչպիսին առկա էր պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի օրոք:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ՝ Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրավիրված արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:

Սկզբնաղբյուր՝ armchurch.info։

Հետևեք մեզ նաև Telegram-ում