Կյանքի իմաստի մասին

Կյանքի իմաստի մասին

Կյանքի իմաստի մասին խոսելիս հաճախ ծագում է մեկ այլ հարց, իսկ ի՞նչ է կյանքը:

Կյանքը, գիտության տեսակետով, մատերիայի գոյության գործուն ձևն է և այն հատկանիշը, որը տարբերակում է ազդանշան տալու, զգալու, սեփական գոյությունը զարգացնելու հատկություններն ունեցողներին այդ հատկությունները չունեցողներից: Գիտության ճյուղերից այս հարցով հիմնականում զբաղվում է կենսաբանությունը: Ըստ Աստվածաշնչի` կյանքն Աստծո պարգևն է` կենդանության շնչով օժտված արարածների և նրանց բնակության ու գոյության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումով:

Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ կյանքի հեղինակը, շնորհատուն Աստված է և «կյանք» հասկացությունը նախ բացատրում է կենդանության շունչ ունենալու հատկությամբ: Այդ հատկությունն ունեցող ջրային, ցամաքային, օդային արարածները ստեղծվել են Աստծո ստեղծարար խոսքով, որը զորություն ունի անգոյությունից գոյավորման բերելու և արարելու (Ծննդ. 1.20-25): Նույն կերպ ստեղծվել է նաև մարդը, որը համարվում է արարչագործության պսակը, քանզի արարվել է ըստ Աստծո պատկերի և նմանության (Ծննդ. 1.26-27):

Տիեզերքը և կյանքի զորությունն ունեցող արարածներին աստվածային խոսքով ստեղծելու իրողությունն աստվածաբանության մեջ կապվում է Քրիստոսի հետ, ով կոչվում է Աստծո Խոսք, Բան, ինչպես հայտնում է նաև Հովհաննես Ավետարանիչը (Հովհ. 1.13):

Երբ ասում ենք «կյանքի իմաստ», նկատի ունենք անհատի՞ կյանքը, թե՞ կյանքն ընդհանուր առմամբ:

Կյանքն առանձին գոյություն չունի, այն կայանում է արարածների վրա, ինչպես որ ժամանակը, ըստ իս, անկախաբար գոյություն չունի, այլ կայանում է միայն իրերի ու էակների շարժումային փոփոխությամբ: Կյանքի իմաստն Աստծուն հաճելի լինելու մեջ է (Հռոմ. 11.36, Ա Թեսաղ. 4.1), և աստվածահաճո կյանքն է, որ մեզ երջանկություն ու ներդաշնակություն է բերում, արժանի դարձնում նաև հավիտենական կյանքի: Իհարկե, ամեն մարդ անհատաբար նախ իր կյանքի իմաստի մասին է խորհում, սակայն կյանքի իմաստ ասելով` կարող ենք հասկանալ նաև հավաքական կյանքը, այսինքն` հասարակական, պետական, համամարդկային:

Կյանք հասկացության այս երկու իմաստները փոխշաղկապված են այն առումով, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքով պիտի նպաստի համընդհանուր կյանքի բարօրությանն ու բարեկեցությանը: Այդ իրողությունը երևում է հատկապես ընտանիքում, երբ միասնականության մեջ է իմաստավորվում կյանքը: Ահա այդպես ավելի լայն ըմբռնումով պետք է ընկալվի կյանքի իմաստը, նպատակները, գործերը` անձնականից վեր բարձրանալով դեպի համընդհանուրը:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում