Շատերի տներում թանկարժեք ռեկվիզիտներ են գտնվում. հայկական կինոյի միջազգային թանգարանի համակարգող հանձնաժողովի ղեկավարի կոչը՝ Հայաստանի և Սփյուռքի հայերին

Շատերի տներում թանկարժեք ռեկվիզիտներ են գտնվում. հայկական կինոյի միջազգային թանգարանի համակարգող հանձնաժողովի ղեկավարի կոչը՝ Հայաստանի և Սփյուռքի հայերին

Տարեվերջին Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար Հայկ Բաբայանի և միության նախագահ Հարություն Խաչատրյանի հանիդիպումը, որի ընթացքում որոշվեց՝ պետք է իրականություն դարձնել հայկական կինոյի միջազգային թանգարանի ստեղծման գաղափարը: Ստեղծվող կինոթանգարանի համակարգող հանձնաժողովի ղեկավար նշանակվեց Հայկ Բաբայանը:

Այս ամիսների ընթացքում թանգարանը հարստացել է միայն մի քանի սիմվոլիկ նմուշներով. գտնվել են որոշ գրքեր, ձեռագիր սցենարի կտոներ ու նոտաներ…

Aysor.am կայքի միջոցով Հայկ Բաբայանը ուղերձով հանդես եկավ՝ Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին կոչ անելով թանգարանին տրամադրել հայ կինոյի մասունքները՝ ռեկվիզիտներ, ձեռագիր սցենարներ, նոտաներ, կինոժապավեն, հագուստ, կինոտեխնիկա, մրցանակներ… Կոչին միանում են նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեն, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը:

«Շատ շատերի տներում տարբեր պատճառներով բավական թանկարժեք ռեկվիզիտներ են գտնվում: Դրանք առավել օգտակար կլինեն մեր սերունդներին՝ գտնվելով իրենց ճիշտ տեղում՝ կինոյի թանգարանում», – ընդգծեց Հ. Բաբայանը:

Թանգարանի վերանորոգման և ձևավորման աշխատանքները կսկսվեն, հավանաբար, մարտ ամսից: Համակարգող հանձնաժողովի ղեկավարն ընդգծեց՝ սա լինելու է ժամանակակից ու աննախադեպ լուծումներով մշակութային մի կառույց, որտեղ արհեստական կուռքերը տեղ չեն գտնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում