«Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»․ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան

«Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»․ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան

Այս օրերին Երևանի լեփ-լեցուն դահլիճներում և հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո ընթանում է Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ Երաժշտասերը հնարավորություն ունի տարբեր ձևաչափերով համերգների ընթացքում ունկնդրելու ժամանակակից դասական երաժշտության ամենապահանջված կոմպոզիտորի՝ Պենդերեցկու ստեղծագործությունները։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Պենդերեցկին այսօր ամենահեղինակավոր երաժշտական գործիչներից է։ Նրա մեղեդիները հնչում են աշխարհի բոլոր ծայրերում՝ ամենահայտնի երաժիշտների ու նվագախմբերի կատարմամբ՝ ընդգրկելով բազմահազարանոց լսարաններ։

Փետրվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Պենդերեցկու կամերային երաժշտության երեկո էր։ Ջութակահար Մարթա Կովալչեկի և դաշնակահար Սոմի Կիմի կատարմամբ հնչեց ջութակի և դաշնամուրի համար գրված թիվ 2 սոնատը, այնուհետև «Մեկորե» լարային քառյակը՝ Վոյցեխ Կոպրովսկի (առաջին ջութակ), Յարոսլավ Նադրզիցկի (երկրորդ ջութակ), Միխալ Բրիլա (ալտ), Կարոլ Մարիանովսկի (թավջութակ) կազմով, ներկայացրեց «Չգրված օրագրի էջեր» թիվ 3 լարային կվարտետը։

Ակորդեոնահար Մաչեյ Ֆրոնցկևիչի կատարմամբ էլ հանդիսատեսն ունկնդրեց Պենդերեցկու Սիմֆոնիետտան՝ փոխադրված մենանվագ ակորդեոնի համար։ Համերգի ունկնդիրների թվում էր Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։ Դեսպանը նշեց, որ Պենդերեցկին այն գործիչն է, ում այցելությունը ցանկացած երկիր տոն է այդ երկրի մշակութային հասարակության համար։

«Մեզ համար այս այցելությունն ունի առանձնակի կարևորություն, քանի որ մաեստրոն ունի հայկական արմատներ, և ինքը, ընդունելով իր հայկական արմատները, որոշակիորեն նաև հայ-լեհական բարեկամության մի գեղեցիկ խորհրդանիշ է։ Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Ջութակահար Մարթա Կովալչեկն ու դաշնակահար Սոմի Կիմը Պենդերեցկու ջութակի և դաշնամուրի համար գրված թիվ 2 սոնատը առաջին անգամ միասին ներկայացրել են 2015 թվականին Լոնդոնում կայացած համերգի ընթացքում։ Սոմի Կիմի համար Պենդերեցկու երաժշտությունը զարմանահրաշ մի երևույթ է, որի մեջ աստիճանաբար ավելի ու ավելի հետաքրքիր երանգներ ես բացահայտում։ Մարթա Կովալչեկի կարծիքով՝ Պենդերեցկին 20-21-րդ դարերի մեծագույն կոմպոզիտորներից է։ Ջութակահարուհին խոստովանեց, որ Պենդերեցկու մեծ երկրպագուն է։ Նրա երաժշտությունը շատ յուրահատուկ է, ինչը ստիպում է Մարթային էքստրեմալ ճանապարհներով ներկայացնել իր հույզերը, ապրումները ու դրանք հասցնել ունկնդիրներին։

Պենդերեցկու փառատոնը դասական երաժշտության մեր երկրպագուներին եզակի հնարավորություն է տալիս հաղորդակից դառնալու մաեստրոյի ստեղծագործական աշխարհին, համերգների ընթացքում նաև շփվելու, զրուցելու, երաժշտության մասին տպավորությունները կիսելու մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորի հետ։

Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի փակման գալա համերգը։ Կայանալու է հայաստանյան պրեմիերա. Պենդերեցկու Յոթերորդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը, կներկայացնեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը,

Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը։ Մենակատարներ՝ Իվոնա Հոսսա (սոպրանո), Կարոլինա Սիկորա (սոպրանո), Մալգորզատա Պանկո (մեցո-սոպրանո), Ալեքսանդր Կունախ (տենոր), Պյոտր Նովացկի (բաս), Սլավոմիր Հոլանդ (ասմունք)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Մացեյ Տվորեկ (Պրոֆեսոր Քշիշտոֆ Պենդերեցկու ասիստենտ դիրիժոր), գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան։

Նշենք, որ Պենդերեցկու փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում